Շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանում 44 թափոնակույտ լքված հանքավայրից առանձնացրել է 10 առաջնային վայրերը, որտեղ կարիք կլինի ռեկուլտիվացիա անել, վերականգնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Արդեն այս տարի կփորձենք նախագծա-նախահաշվային աշխատանքների համար գումար ստանալ: Այնտեղ տեղեր կան, որ կատաստրոֆիկ վիճակում են: Լքված պոչամբար է, բայց մարդիկ տնտեսական գործունեություն են ծավալում: Ասենք, ավտոլվացման կետ են բացել: Այնտեղ նույնիսկ վտանգավոր է մնալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ նախկինում երբեք նման ուսումնասիրություն չի կատարվել:
Ըստ նրա, իրականացվել է եռաչափ մոդելավորում, ուսումնասիրվել են ծավալները, չափվել են նյութերը: «Այդ հողերը պետք է ռեկուլտիվացիայի արդյունքում օգտագործելի դառնան»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: