Եթե այսօր նախկին իշխանությունները մատ են թափ տալիս Ձեր ու Ձեր իշխանության վրա, դա ոչ թե նրանց հաղթանակն է, այլ Ձեր ողբերգությունը․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում բավականին ուշագրավ հրապարակում է արել՝ անդրադառնալով «Դավաճան Իշխանության» ռիտորիկային՝ ընդգծելով, որ 2018 թվականին վարչապետի կարգավիճակում դեռ չէր էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե իրենց իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը:

Դեռևս 2018թ․ դեկտեմբերի 5-ին ինքս հրապարակեցի մի վերլուծություն, որում ընդգծել էի, որ այդ թեմայի վերաբերյալ նախկին իշխանությունների կողմից իրականացվող աղմուկը միտված է ապագայում Արցախի հակամարտության վերաբերյալ Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող բանակացությունները տապալելուն և վիժեցնելուն:

Շեշտել էի, որ Դավիթ Շահնազարյանի շուրթերով նախկին իշխանությունների կողմից գեներացվում է այն միտքը, որ․

1. Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջնորդվում է ՛՛Իշխանության՝ Արցախի դիմաց՛՛ բանաձևով:

2. Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն Արցախի հակամարտության գործընթացում վարում են ակնհայտ զիջողական քաղաքականություն:Ընդգծել էի, որ այսպիսի տոնայնությամբ ու շեշտադրումներով հանդես գալով, ըստ էության, հող է նախապաստրատվում հետագա մեղադրանքների համար, այն առումով, որ առաջիկայում նոր իշխանությունների կողմից Արցախի հարցով իրականացավող ցանկացած բանակցություն այս ուժերը փորձելու են դիտարկել և հասարակությանը ներկայացնել իբրև թե Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու գործընթաց:

Շեշտել էի, որ այսպիսի մերկապարանոց մեղադրանքներից խուսափելու համար որևէ իշխանություն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փորձելու է ավելի կոշտացնել իր դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում և հանդես գալ հարցի առավելապաշտական լուծման դիրքերից, որը կարող է ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև միջազգային հանրության մոտ դիտվել որպես Հայաստանի կողմից հարցի խաղաղ կարգավորման գործընացը վիժեցնելու և փակուղի մտցնելու փորձ:Իսկ սա նշանակում է, որ նախկին իշխանություններն այս դեպքում էլ կսկսեն Փաշինյանին մեղադրել բոլորի հետ խնդիրներ ստեղծելու, միջազգային հանրության մոտ Հայաստանի իմիջը ֆիդայական մտածողության կերպարով պատելու և, ըստ էության, Հայաստանի պետական շահերին հակասող գործունեություն ծավալելու մեջ:Նույն հրապարակմամբ ընդգծել էի, որ քաղաքականության մեջ հաղթում է նա, ով չի տրվում սադրանքին, պահպանում է հավասարակշռվածություն, ցուցաբերում է զսպվածություն՝ գերակա համարելով պետական ու ազգային շահերն ամեն տեսակի մանիպուլացիաներից….

Այդպես էլ եղավ․ Նախկին իշխանությունները հենց առաջին օրվանից գեներացրեցին այն միտքը, որ Նիկոլը եկել է իշխանության, որ հանձնի Արցախը, որին հակազդելու համար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ առավելապաշտության դիրքերից՝ հայտարարելով, թե ՛՛ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ է ՈՒ ՎԵՐՋ՛՛, որ ինքը սկսում է զրոյական կետից, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, իսկ արդյունքը հայտնի է բոլորիս։

Գործող վարչապետն ու իր իշխանությունը ժամանակին չհասկացան այս պարզագույն ճշմարտությունը, կուլ տվեցին իրենց նետված խայծը, Արցախի հակամարտության բանակցային գործընթացում հանդես եկան առավելապաշտական դիրքերից, որպեսզի ՛՛Ապացուցեն՛՛ նախկիններին, որ ՛՛Դավաճան՛՛ չեն, ՛՛Հող տվող չեն՛՛ ու տանուլ տվեցին:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մենք, տիրապետելով սուղ տեղեկատվության, կանխազգում էինք այսպիսի սցենար, իսկ Ձեր իշխանությունը և անձամբ Դուք չէիք ուզում պատկերացնել այս արհավիրքը։ Մի քիչ կասկածում եմ, որ չեք պատկերացրել։Երեք տարի առաջ էինք կանխազգացել այս ամենը:Ու եթե այսօր նախկին իշխանությունները մատ են թափ տալիս Ձեր ու Ձեր իշխանության վրա, դա ոչ թե նրանց հաղթանակն է, այլ Ձեր ողբերգոթյունը, Ձեր անձնական պարտությունը:

Բայց իրենք չեն ցանկանում ընդունել, որ Ձեր պարտությունն իրենց պարտությունն էլ է, որովհետև իրենք են դրել այս պարտության հիմքը․․․Ասողին լսող էր պետք․․․Հ․Գ․ Հրապարակում եմ 2018թ․ դեկտեմբերի 5-ին հրապարակած վերլուծությունը»։