«Հոգեւորականները հավատում ե՞ն Աստծուն…». Ռոբերտ Նազարայանը իր` հոգեւորականների հանդեպ անվստահության մասին

«Հոգեւորականները հավատում ե՞ն Աստծուն...». Ռոբերտ Նազարայանը իր` հոգեւորականների հանդեպ անվստահության մասին
«Հոգեւորականները հավատում ե՞ն Աստծուն…». Ռոբերտ Նազարայանը իր` հոգեւորականների հանդեպ անվստահության մասին

Շատ զգայուն թեմայի է անդրադարձել ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, այս անգամ խոսելով հավատքի, հոգեւորականների անկեղծության եւ վստահության մասին: Ֆեյսբուկ սոցիալական ցանցում քիչ առաջ արված գրառումն արդեն իսկ քննարկման թեմա է դարձել շատ օգտատերերի համար` տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսանալով:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Ինչպես միշտ կիրակնօրյա պատարագի էի, ինչպես միշտ մի հարց էր մեխվել ուղեղիս մեջ ու դուրս չէր գալիս: Այս անգամ ավելի համառ, ավելի առարկայական ու պատասխան պահանջող: Ես միշտ ինչ-որ անվստահություն եմ տածել հոգեւորականների հանդեպ, վստահ լինելով իհարկե, որ շատ-շատ են նաեւ իրական, Աստծուն նվիրված, իսկական քրիստոնեական ուսմունքին նվիրյալ եկեղեցականները:
Ես միշտ անթաքույց ատելությամբ եմ վերաբերվել իրար ձեռքից ծնունդ, կնունք, հարսանիք, մատաղի օրհնանք խլխլող հոգեւորականներին: Հոգեւորականնե՞ր, այո՞: Մատաղի խաշլամա ուտող, վավաշոտ, իրենց առօրյա կյանքում քրիստոնեական արժեքները չպահպանող, հոգեւորականի առաքելությունը պաշտոնական պարտականության վերածող, ցավոք հոգեւորից, ազնվությունից հեռու եւ հոգեւորականնե՞ր, այո՞:

Ես ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ ակամա զուգահեռներ եմ անցկացնում նրանց եւ նախկին՝ խորհրդային տարիների կուսշրջկոմների ֆունկցիոներների միջեւ: Կոմկուսի անդամներ, կուսշրջկոմի աշխատողներ, քարտուղարներ, որոնք իրենք չէին հավատում կոմունիզմին, կոմկուսին եւ կոմունիստական գաղափարախոսությանը:

Նրանք ներկայանում էին որպես օրինապաշտներ եւ բարեպաշտներ, սակայն իրականում խրված, թաղված, թաթախված էին կոռուպցիայի, հովանավորչության եւ կաշառակերության մեջ, ապրում էին երկակի ստանդարտներով, երկակի արժեքներով…

Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ինձ թույլ եմ տալիս միակ անաչառ մարդու դիրքերից խոսել: Իհարկե, մեզնից ոչ մեկը չպետք է հավակնի ստանձնել միակ անաչառ մարդու դերը: Քավ լիցի, ուղղակի պարզապես տպավորությունս այն է, որ մենք բոլորս հեռու ենք մարդ լինելուց, նույնիսկ նրանք, որոնք կոչված են կերտելու այդ մարդկանց, զբաղվել նրանց հոգեւոր դաստիարակությամբ:

Դե իհարկե դժվար է, շատ դժվար է լավ մարդ լինելը, ավելի հեշտ է սպանել, գողանալ, գռփել, զրպարտել, վարկաբեկել, ջարդել, փշրել, տրորելով անցնել, հասնել նպատակին…

Չէ, լիարժեք մարդ լինելը շատ դժվար է, շատ բարդ, դրա համար այդպիսիք չկան, կամ շատ քիչ են, ցավոք շատ քիչ…

Քիչ են, որովհետեւ լիարժեք մարդը պետք է վեր կանգնի ինքն իրենից, շրջապատից, մաքուր ու ազնիվ ընթանա դեպի բարձունք, առաքինի ու անտրտունջ դիմադրի չարին, օգնի ցավի դժբախտության, նեղության, անօգնական վիճակում գտնվողներին…

Ավաղ, այդ ամենը ցավոք, կրկին ու կրկին մնացել ու մնում է փորձ, ձգտում, երազանք… Մինչդեռ ամեն ինչ այնքա՜ն պարզ է ու այնքա՜ն հրաշալի, այնպես իմաստավորված, որ պետք է յուրաքանչյուրն ուշի ուշով իր ներսը նայի, ոչ՝ զննի, զննի անաչառ, ամեն մանրուք եւ միշտ հիշի Ատծուն ու գոնե ձգտի ապրել նրա պատգամներով…

Գոնե ձգտի, փորձի… Իսկ եկեղեցին ցավոք, միայն կողքից դիտողի դերում է, ավելի պասիվ քան աղանդները…Ավելի անդեմ, չեզոք քան աղանդները… Մինչդեռ ժամանակն է գործի անցնի, այլապես ուշ կլինի, կմնա առանց հոտի…»

© Medialab.am