«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են տեղի ունենում, ձևավորվել է նոր քաղաքական ուժ, խոսվում է արտախորհրդարանական ընդդիմության համախմբման մասին և այլն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս վերադասավորումներին, իշխանությանն արդյոք մտահոգո՞ւմ են կատարվող իրադարձությունները:
– Միանշանակ՝ ո՛չ, որովհետև այն ամենը, ինչ կատարվում է ներքաղաքական դաշտում, ինչպես դուք եք ասում՝ այդ արտախորհրդարանական ընդդիմության միավորումը և այլն, իրենց վախերի ու իշխանության գալու զարտուղի ճանապարհների մասին է խոսում:
Ինչ վերաբերում է նոր ուժերին, ես չեմ կարծում, թե այդ ուժերն ունեն այնքան քաղաքական կշիռ ու փորձ, որ կարողանան այսօրվա Հայաստանում ունենալ իրենց աջակցող մարդիկ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, ապա դուք նկատեցիք, որ վերջին հանրահավաքին որքան քիչ մարդիկ էին հավաքվել, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատ քիչ տոկոսն էր հավաքվել՝ մոտավորապես 3 տոկոս: Սա վկայում է այն մասին, որ այս մարդիկ վստահություն չունեն, որ նախկին իշխանությունները՝ ի դեմս Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, դաշնակների, զբաղվում են իրենց հարցերով, որովհետև այն հարցերը, որոնք բարձրաձայնվում էին հանրահավաքի ժամանակ, ու դրանց լուծման հույսեր տրվում, ցանկացած քաղաքացի հասկանում էր, որ դրանք սին հույսեր են, որովհետև հողի վրա նման բան իրագործել հնարավոր չէ: Կարծում եմ, որ այդ հանրահավաքով նրանց վարկանիշն ավելի նվազեց, եթե իհարկե վարկանիշ ունեին:
– Կարծում եք՝ ընդդիմությանը չեն վստահում, բայց իշխանության հանդեպ ունե՞ն վստահություն, թե՞ ինչպես որոշ պնդումներ կան, մարդիկ ուղղակի հիասթափված են և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից, դրա համար էլ անտարբերություն են դրսևորում:
– Այս պահին՝ այո՛, քաղաքական գործընթացների մասով հանրությունը պասիվ է, բայց պետք է ասեմ, որ մեր հանրությունը շատ լավ քաղաքականացված է: Հիասթափություն չէի ասի, ես ավելի շատ այլ տեսանկյունից եմ դիտարկում. ՀՀ քաղաքացին իր քվեն վստահել է իշխանությանը, իշխանությունն անում է ամեն ինչ ՀՀ քաղաքացու տված քվեն արդարացնելու համար, այն առաքելությամբ, որ եկել ենք իշխանության՝ խաղաղության հաստատման և այլնի վերաբերյալ, մենք գործուն քայլեր իրականացնում ենք, դրա համար էլ ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում է, թե ո՛վ է իրեն խաբում հիմա, ո՛վ է կեղծ հույսեր տալիս: Լավ-վատ, իհարկե գնահատականը ընտրություններին կերևա, բայց որքան էլ փորձեն կեղծ սոցհարցումներ կազմակերպել, թվեր նկարել, ինչպես միշտ են արել, ընդամենը իրենց վախերն են արտահայտում:
– Տիկի՛ն Ղազարյան, փաստորեն սոցհարցումների արդյունքներին չե՞ք վստահում:
– Առհասարակ դրանք իրական պատկերը չեն տալիս, ինչ վերաբերում է Գելափի սոցհարցմանը, ապա այն ուղղակի խայտառակություն էր:
– Այսինքն՝ հնարավոր նոր քաղաքական ուժերի շանսերը՝ ձեր քաղաքական ուժին իշխանազրկելու, հնարավոր չե՞ք համարում:
– Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ նրանց միակ նպատակը գործող իշխանության հեռացումն է, ու իրենք ամեն բան անում են, ինչքան էլ թշնամանք ունենան՝ միավորվում են, ինչը տեսանք Գյումրու դեպքում, բայց ՀՀ քաղաքացին ունի այնքան իրավագիտակցություն, որ հին դեմքերին այլևս Հայաստանում տեղ չի տա:
– Իսկ ընդդիմությունն ասում է, որ ձեր իշխանությանը մարդիկ այն աստիճան չեն կարողանում ընդունել, որ Գյումրիում նախընտրեցին՝ ձեր ասած հին դեմքերից Վարդան Ղուկասյանին, այլ ոչ թե ձեր թիմակցին:
– Սխալ պնդում է, որովհետև ժողովուրդը չի նախընտրել Վարդան Ղուկասյանին, իրենք են նախընտրել Վարդան Ղուկասյանին, որովհետև եթե նայում ենք ընտրողների տոկոսներին, ապա ՔՊ-ն Վարդան Ղուկասյանից կրկնակի ավելի ձայն էր ստացել, այլ հարց է, որ իրենք կողմ դրեցին ամեն սկզբունք, միայն թե իշխանության գային, ձայները տվեցին Վարդան Ղուկասյանին, դա որոշ շրջանակների ընտրություն էր, այլ ոչ թե գյումրեցու:
– Հաջորդ տարի կայանալիք ընտրություններին ձեր իշխանությունը վերընտրվելու հնարավորություն ունի՞:
– Ես կասկած չունեմ, որովհետև երբ գա ընտրության պահը, ՀՀ քաղաքացին զուգահեռներ է տանելու գործող ու նախկին իշխանությունների արածների ու արդյունքների միջև: Մենք հերթական ընտրությունների գնում ենք հենց այդ նպատակով ու բազայով, որ մեր արածի ու մյուսների արածի միջև համեմատության եզրեր չկան, ու այդ նոր ուժերն էլ որ գան, որքան էլ փող ունենան, միևնույն է, դա էական որևէ բան չի փոխելու այս մի քանի ամսվա մեջ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















