«Քովիդը իրականում պատերազմ է իր զոհերով, իր վնասներով, իսկ եթե պատերազմում պարտվում ես, պարտվում են բոլորն անխտիր». Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, կորոնավիրուսի թվերն օրեցօր աճում են, այսօր արդեն գրանցվել է 2000-ից ավելի նոր դեպք, օրական շուրջ 47 մահ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է մեր հասարակությանը հետ պահում պատվաստվելուց: Սա առողջապահական համակարգի բա՞ցն է, ի վերջո, ինչո՞ւ է հասարակության մեջ առկա այս մեծ անվստահությունը, և ինչպե՞ս պետք է այս հարցը լուծել:

– Կարծում եմ՝ մենք չենք գիտակցում, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում: Մենք չենք հասկանում, որ համավարակը իրականում պատերազմ է իր տարած զոհերով, իր հասցրած վնասներով: Ինչպես պատերազմի ժամանակ չի կարելի ամբողջ խնդիրը դնել միայն պաշտպանության նախարարության վրա, բոլորն էլ մոբիլիզացվում են, նույնը, կարծում եմ՝ պետք է տեղի ունենա համավարակի ժամանակ, որովհետև մենք բոլորս միասին պետք է կարողանանք դիմադրել: Եթե մենք տեսնում ենք այդ ահագնացող խնդիրը, ապա պետք է միասնական ջանքերով դուրս գանք դրա դեմ: Հավաքները, տոները, հանրահավաքները, երթերը ևս խանգարող հանգամանք են:

Մենք՝ որպես հասարակություն, շատ ենք սիրում հավատալ տարբեր ասեկոսեների, ինչ-որ դավադրությունների, և դա երևի մի քիչ ռուսական կողմնորոշման արդյունք է, որովհետև ես ունեմ հավաստի տվյալներ, որ այնտեղ մոտավորապես նույն բանն է տեղի ունենում: Այնտեղ էլ մտածում են, որ այս ամենը դավադրություններ են:

Շատ հաճախ մեր ազգային, պետական խնդիրները կուսակցականացվում են, և ոմանք դրանց մեջ որոշակի շահ են տեսնում: Կարծում եմ՝ գիտակցությունը չկա, որ սա բացառապես բոլորին է վերաբերում՝ անկախ քաղաքական հայացքներից, տարիքից, ճաշակից, կրթական ցենզից և այլն: Եթե կա այդպիսի մեծ վտանգ, ապա այն կարելի է հաղթահարել՝ ամբողջ ճակատով դիմադրություն ցույց տալով: Այսինքն՝ պետք է միասնական հանդես գալ, ոչ թե փնտրել, թե որտեղ ինչ դեպք է գրանցվել, որն ունեցել է դժբախտ ավարտ, որ դարձնես մատի փաթաթան և տարածես ամբողջ համակարգի վրա:

Իհարկե ամենապատասխանատու օղակը առողջապահության նախարարությունն է, որն իր ներսում շատ մեծ խնդիրներ ունի լուծելու, որովհետև հիմնականում դավադրության, այդ ապատեղեկատվության աղբյուրները հենց այնտեղից են գալիս, պոլիկլինիկաներից են գալիս: Ես ինքս շփվում եմ և՛ մեր թատրոնում, և՛ ինստիտուտում աշխատողների հետ, և հաճախ բժիշկները նրանց ասում են՝ գիտես, քեզ հակացուցված է, բայց մենք չենք կարող քեզ համապատասխան փաստաթուղթ տալ: Սրանից ավելի վատ ազդեցություն չկա, որովհետև մարդիկ այդ բժշկի մոտ գնում են 5 տարի, 10 տարի, և այդ տարիներին բժիշկը ինչ-որ վստահություն ձեռք է բերել:

Սա շատ վտանգավոր բան է: Սա պատերազմ է, և կա կոնկրետ թշնամի, կա կոնկրետ խնդիր՝ հաղթելու այդ պատերազմում: Հիմա դա կոչվում է համավարակ, և պետք է դրա դեմ կազմակերպվել, ոչ թե փորձել այդտեղ ինչ-որ դիվիդենտներ քաղել՝ մտածելով, որ, ա՛յ, եթե չհաջողվի այս գործը, մենք ինչ-որ բան կշահենք: Երբ պատերազմում պարտվում ես, պարտվում են բոլորն անխտիր՝ նորածին երեխայից մինչև իր մահկանացուն 2 օրից կնքող ծերունին: Այստեղ հաղթող չի կարող լինել, եթե մենք իսկապես սրան շատ լուրջ չվերաբերվենք:

– Մյուս կողմից՝ հանրային պատասխանատվության ինստիտուտի չգոյությո՞ւնն է այս իրավիճակի համար լրջագույն վտանգ ստեղծում, որովհետև շատերն ասում են՝ դե, ես չեմ վարակվում, կամ ես երիտասարդ եմ, ինձ բան չի լինի:

– Դա էլ է մտածողության հարց: Ի՞նչ է նշանակում՝ ես չեմ վարակվում, կամ ինձ վրա դա ծանր չի նստի: Սա մտածողության հարց է, որ ես կարող եմ ինձ լավ զգալ, երբ ուրիշները վատ են զգում: Իրականում այդպես չի լինում, իրականում մեր բոլորի առողջությունը, երջանկությունը, բարեկեցությունը կապված են նրա հետ, թե ինչքանով ամբողջ հասարակությունն է դա զգում իր վրա:

Չի լինում նորմալ երկրում ինչ-որ մեկի երջանկություն ուրիշի հաշվին: Եվ էլի եմ կարծում, որ այստեղ կա նաև տիրոջ հասկացողության վերաբերմունքի պակաս: Ես տեր եմ էս երկրին, ինչը նշանակում է, որ տեր եմ ամեն ինչին՝ և՛ էկոլոգիային, և՛ պաշտպանությանը, և՛ առողջապահությանը, և՛ կրթությանը, և՛ մշակույթին, և՛ ամեն ինչին: Իսկ եթե ես տերը չեմ, ես միշտ այդ պատասխանատվությունը փորձում եմ փոխանցել ուրիշին՝ ասելով՝ դե ես ի՞նչ կարող եմ անել:

Իրականում ես շատ բան կարող եմ անել, ես իմ քայլերը պետք է անեմ, և ես միանգամից տեսնում եմ, որ իմ հետևից գնում են: Հիմա թող գլուխգովանություն չլինի, մեր թատրոնում մոտավորապես 50 տոկոսից ավելին պատվաստվել է, և գնալով ավելանում են: Անկեղծ ասեմ՝ ես քարոզով չեմ զբաղվել, ես պարզապես մարդկանց հետ խոսել եմ որպես իրենց ընկեր: Ես ինքս եմ պատվաստվել, իմ երեխաներն են պատվաստվել, քույրս է պատվաստվել, որ 2 տարի առաջ վիրահատվել է քաղցկեղով, իր որդին է պատվաստվել:

Ես չեմ կարող մարդկանց ինչ-որ բան համոզել ու ինքս խուսափել: Այդ տեսակետից այդ հիմար օրենքները, որ ինչ-որ շրջանակներ կան, որոնք կարող են չպատվաստվել, դրանից ավելի մեծ հակաքարոզ դժվար է պատկերացնել:

– Նաև առողջապահական համակարգում 50 տոկոսից ավելին չի պատվաստվել:

– Այո՛, և պետք է սկսել հենց այդ համակարգից: Բժշկության հայր Հիպոկրատը խորհուրդ էր տալիս բժիշկներին, ասելով՝ առաջինը դու պետք է բուժվես, բուժելուց առաջ դու ինքդ պետք է բուժվես: Միայն այդպես է հնարավոր արդյունքի հասնել, թե չէ վիճել այդ մակարդակով շատ դժվար է:

Ասում են՝ 5 տարի հետո վատ հետևանքներ է ունենալու: Մարտ Տվենն ասում է՝ երբեք մի՛ վիճեք ապուշների հետ, նրանք ձեզ կիջեցնեն իրենց մակարդակին, որտեղ իրենք ձեզ կջախջախեն իրենց փորձառությամբ: Որովհետև այդ մակարդակում իրենք փորձված են, իրենք ամբողջ կյանքն այնտեղ են անցկացրել: Կամ ասում են՝ բա ժամանակին սա որպես աղետ չէի՞ք ընկալում:

Հասկացանք, շատ վատ էին անում, պինցետի մասին էին խոսում, հիմա ի՞նչ, ես զոհաբերեմ կյանքս հանուն նրա, որ 2 տարի առաջ ինչ-որ մեկը ինչ-որ բա՞ն է ասել: Սա ի՞նչ ինքնազոհաբերության արժեքային համակարգ է:

– Այս ընդհանուր տրամադրությունների ֆոնին պետությունը պատվաստումները անուղղակի պարտադրելու օրենք է մտցնում, պահանջում են գործատուից պարտադրել աշխատողներին պատվաստվել կամ թեստավորվել, կանաչ գոտիների մասին օրենք են ուզում նախաձեռնել: Այս ամենը եղանակ կստեղծի՞, կարծում եք:

– Նախ, կարծում եմ, որ թեստավորումը բերել ու խառնել պատվաստման հետ ամենասխալ բանն էր, որ տեղի ունեցավ: Ի՞նչ է նշանակում թեստավորվել ու չպատվաստվել: Նույն հաջողությամբ կարելի է գնալ ճնշումը չափել գումարով, դա հո բուժո՞ւմ չէ: Ես իմ աշխատակիցների հետ զրույցում ասում եմ՝ ինձ ձեր թեստավորումը բացարձակապես չի հետաքրքրում: Եթե ես ձեզ հետ խոսեմ զուտ որպես տնօրեն, ապա, այո՛, բերում եք այդ փաստաթուղթը, և կարծես թե ես ինձ ապահովում եմ, բայց ես չեմ ապահովում ձեր կյանքը: Իսկ ինձ համար այդ թղթային ապահովությունը զրոյական է, ինձ համար կարևոր է ձեր կյանքը:

Էլ չեմ ասում, որ այդ թեստավորման գների մեջ անհասկանալի բան կա: Կան ռապիդ թեստեր, որոնք Եվրոպայում բոլոր դեղատներում վաճառում են 1 եվրոյով: Ես այդ ռապիդ թեստը անցել եմ «Աստղիկ» կենտրոնում, տվել եմ 25 հազար դրամ: Դա ի՞նչ է նշանակում: Սա համընդհանուր խնդիր է, առողջապահության նախարարությունը չի կարող ասել՝ ես չեմ կարող ազդել այդ գների վրա: Դրա համար այս խնդիրը միայն առողջապահության նախարարության խնդիրը չէ, ինչպես մշակույթի խնդիրը միայն մշակույթի նախարարության խնդիրը չէ:

Մենք պետք է հասկանանք, որ այս ամենը մեզ է վերաբերում, մենք ավելի պատասխանատու պետք է լինենք, և ամեն մեկս անելիք ունի, որովհետև սա վերաբերում է բոլորին, մեր ազգի առողջությանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am