Անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը․ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն առաջինն էր։

Կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաեւ մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից եւ բուհերից։

Խմբի ձևավորման նպատակը տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումն է, ինչը կարեւորվում է հատկապես այս շրջանում՝ կապված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում տեսչականի գործառույթների ընդլայնման հետ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմին/HLIB.am-ի լուսանկարը:

▪️Նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերել է ԱԱՏՄ նոր գործառույթներին, համավարակի շրջանում նկատված աշխատանքային իրավունքի խնդիրներին, նաև` առաջիկա անելիքներին:

Մեծապես գնահատելով խմբում ընդգրկված մասնագետների պատրաստակամությունը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ օրենսդիրն ու գործադիրը քաղաքական կամք են ցուցաբերել՝ աշխատանքային իրավունքի ամուր պաշտպանության հարցը բերելով օրակարգ։ Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։

▪️«Աշխատողի իրավունքների որոշ կոպիտ խախտումներ արձանագրելով հանդերձ՝ մեր գործիքակազմը շատ դեպքերում թույլ չի տալիս դրանցով զբաղվել։ Սակայն այժմ աշխատանքի նախկին տեսչության գործառույթները վերականգնվում են։ Մինչ դրանք 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, մենք պատրաստվում ենք այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Ավելացվում են հաստիքները, վերապատրաստումներ են կազմակերպվում»,-մանրամասնել է Ավագյանը։

▪️Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն արդեն ստացել է շուրջ 30 դիմում-բողոք։ Դրանք առնչվել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն եւ աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։

▪️Այսօրինակ խնդիրներով զբաղվելուն զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն վերահսկողություն եւ մշտադիտարկում է իրականացնում պարետի սահմանած անվտանգության կանոնների կատարումը պարզելու եւ դրանց պահպանումն ապահովելու նպատակով։ Ավելի քան 17 հազար մշտադիտարկումը խախտում է արձանագրել շուրջ 6 600 տնտեսվարողի, այսինքն՝ շուրջ 37 տոկոսի մոտ։

Վարակի տարածման տեսանկյունից առավել ռիսկային խախտումների հիմքով պարետի որոշմամբ ավելի քան 2700 տնտեսավարողի նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ։

Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ԱԱՏՄ ջանքերն այս ուղղությամբ ու տարվող գերծանրաբեռնված աշխատանքը։ Միաժամանակ, բարձրացվել են ոլորտին վերաբերող մտահոգիչ խնդիրներ։

Խոսվել է օրենսդրական որոշ փոփոխությունների անհրաժեշտության մասին, ինչին ուղղված առաջարկներն առաջիկայում առավել առարկայորեն կդիտարկվեն։

Քննարկվել են ստուգումների մտնելուց առաջ ստուգվողին 3 օր առաջ պարտադիր ծանուցելու նորմը վերանայելու ու որոշ բացառություններ սահմանելու եւ այլ հարցեր։

Նիստի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նպաստել դաշտում վերահսկողության բարելավմանը եւ աշխատանքային իրավունքի պաշտպանությունն առավել բարձր մակարդակի բերելուն, նաև առաջարկներ են ներկայացրել հետագա գործակցության վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։