«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
– Տիկի՛ն Զոհրաբյան, մեկ տարի առաջ այս օրը ըստ էության հիմք դրվեց Արցախի ամբողջական հայաթափմանը, երբ Ադրբեջանը սանձազերծեց լայնածավալ ռազմական հարձակում շրջափակման մեջ գտնվող Արցախի ուղղությամբ։ Այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ արվեց ՀՀ իշխանության կողմից պետական մակարդակով, որպեսզի Ադրբեջանի գործողությունը Արցախում արձանագրվի ու պատշաճ արձագանք ստանա միջազգային հարթակներում։
– Մենք պետք է ընդունենք, որ սա մեր ամոթի օրերից մեկն է, 2018 թվականից Հայաստանը կարողացավ հասնել մի բանի՝ հիշատակի օրերում ավելացնել մեր ամոթի, պարտությունների օրը։ Մեզանից խլել մեր տոները, մեր մայիսյան հաղթանակներն ու ավելացնել մեր ամոթի ու խարանի օրը։ Մեկ տարի առաջ այս օրը՝ ժամը 13։00-ին, Ադրբեջանը, հենվելով 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Պրահայում, Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության վրա, որ Արցախը Ադրբեջան է, սկսեց լայնածավալ պատերազմ, տասը օրվա ընթացքում, պատմության մեջ չլսված բան, Արցախը հայաթափվեց, ու այսօր, ըստ միջազգային Կարմիր խաչի, Արցախում կա ընդամենը չորս հայ, որոնց վերաբերյալ անգամ Կարմիր խաչը տեղեկություն չունի։
Ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը. նա ամեն ինչ արեց՝ ընդհուպ միջազգային կառույցներում լռեցնելով ցանկացած հարց Արցախի էթնիկ զտման, արցախցիների օրինական իրավունքների, հիշում եք, Ալիևն ասաց, որ Հայաստանը պարտավոր է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած բոլոր հայցերից։ Մենք առնվազն չորս խոշոր հայց ունենք միջազգային ատյաններում՝ երեքը Եվրոպական դատարանում, մեկը՝ Հաագայի դատարանում, որտեղ ես եղել եմ ամիսներ առաջ։ Այնտեղ մենք ունենք էթնիկ զտման, ռազմագերիների հայցը, բոլոր այդ հայցերը լռեցված են, բոլոր այդ հայցերը սառեցված են, որովհետև այդպես է պահանջել Ալիևը, ավելին՝ այն խայտառակ հակաքարոզչությունը, որ պատերազմից հետո տարվում է արցախցիների հանդեպ, ու, ըստ տարբեր տեղեկությունների, դրանք ընդամենը ֆեյսբուքյան ինչ-որ, կներեք, չար, ագրեսիվ, ատելության, թմրադեղին նստած առանձնյակներ չեն, դա հստակ պետական քաղաքականություն է, որը հստակորեն ֆինանսավորվում է։ Այսինքն՝ այս ընթացքում ամեն ինչ արվեց արցախցուն որպես թշնամու ներկայացնելու համար։
Ու այս խայտառակ հակահայ, հակաարցախյան քաղաքականությունը, ցավոք սրտի, շարունակվում է, շարունակվում է նաև մեր մեղքով, հականիկոլ ճամբարի քաղաքական ուժերի մեղքով, որոնք առ այս պահը չեն կարողանում հստակ, գրագետ ճանապարհային քարտեզ գտնել կամ գտնել այն քայլերը, որոնք կարող են բռնել այս ազգակործան պատուհաս, այստեղ օգտագործեմ առաջին նախագահի ձևակերպումը, իշխանության ձեռքը։
– Այսինքն՝ արտգործնախարարության այսօրվա տարածած հաղորդագրության հետ համակարծիք չե՞ք, որ պետությունն արել է հնարավորը։
– Իհարկե համակարծիք չեմ, դա ծայրից ծայր իլֆ-պետրովյան հումորեսկ է, կրկնում եմ՝ իրենք ոչինչ չեն արել, ավելին՝ երբ միջազգային որևէ կառույցում, իսկ գոնե ես միջազգային կառույցների հետ ակտիվ աշխատող գործիչ եմ, բարձրաձայնում ենք ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ, ինձ տալիս են հարց՝ դուք ներկայացնո՞ւմ եք ՀՀ իշխանությունը, ասում եմ՝ ո՛չ, ասում են՝ ձեր իշխանությունն այդ հարցերը չի բարձրաձայնում։
Իրենք ստում են, ես կրկնում եմ, իշխանության բոլոր ներկայացուցիչներն ամեն կերպ լռեցնում են միջազգային հարթակներում Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու, էթնիկ զտման, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, էթնիկ զտում է միջազգային բոլոր կոնվենցիաներով ու իրավական ռեժիմներով, հարցերը։ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ, որքան էլ դուխով կեպկա դնի գլխին, չի բարձրաձայնում այդ մասին։
– Իսկ ինչո՞ւ չեն բարձրաձայնում, տիկի՛ն Զոհրաբյան։
– Մենք անընդհատ ինչ-որ շատ բարդ սխեմաներ ենք ուզում փնտրել, բայց ամեն ինչ շատ պարզ է․ Նիկոլ Փաշինյանը մեկ խնդիր է լուծում՝ ինչ անի, որ մնա իշխանության, որովհետև ի տարբերություն իր էլեկտորատի, նա շատ ճարպիկ է ու ապուշ չէ ու ինտելեկտուալ առումով ինքն իր էլեկտորատի հետ բացարձակ կապ չունի, նա շատ լավ հասկանում է՝ ինչ է սպասելու իրեն, իր ընտանիքին, քաղաքական թիմին իշխանությունը կորցնելուց հետո՝ անկախ նրանից՝ ինքը կլինի Կանադայում, ԱՄՆ-ում, թե Լյուքսեմբուրգում, ուստի իր անվտանգության միակ երաշխիքը հնարավորինս երկար իշխանության մնալն է, ինչի համար էլ ինքը պատրաստ է ամեն ինչի, բայց այդ ամենը Հայաստանի հաշվին է։
Ինքն անում է այն, ինչը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչը թելադրվում է այնտեղից։ Հարց չե՞ք տալիս՝ Հանրային ռադիոյի պատին ինչո՞ւ է փակցված ժամացույց Բաքվի ու Անկարայի ժամանակով, ո՞րն է դրա անհրաժեշտությունը։ Եթե դա խաղաղության ատրիբուտիկա է, Ադրբեջանից թքած ունեն քո խաղաղության ժապավենների վրա, որովհետև հենց հիմա Ադրբեջանում դատվում է չորս հանրային ակտիվիստ ընդամենը նրա համար, որ խոսել է Հայաստանի հետ խաղաղության գնալու մասին։
– Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ «Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կմ, բայց ՀՀ Կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել» այս հայտարարությունը։
– Հերթական մանիպուլյացիան է։ Նախ ասեմ, որ նա խոսում է 200 քառակուսի կիլոմետրի մասին, իր ենթակա Արարատ Միրզոյանը՝ 400 քառակուսի կմ-ի մասին, գլխավոր շտաբի պետն էլ, հիշում ենք, բացարձակապես այլ թիվ էր ասում, Հրանտ Բագրատյանն էլ ասում է՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանից 6 Երևանի չափով տարածք։
Փաշինյանի այդ հայտարարությունն ակնհայտ սուտ է, որովհետև Իլհամ Ալիևն անձամբ է հայտարարել, որ այդ տարածքներից իր զորքը դուրս չի գալու, որովհետև, ըստ նրա, իր զորքը կանգնած է այնտեղ, որտեղ պետք է, որ դա Ադրբեջանի տարածք է։ Այսինքն՝ ինչ այսօր ասում է Նիկոլ Փաշինյանը, այդ թվում, որ ռազմագերիների հարցը մենք կլուծենք խաղաղության պայմանագրից հետո, այն դեպքում, երբ Ալիևը երեք օր առաջ ասաց, որ առնվազն Արցախի քաղաքական էլիտան չի ազատվելու, նրանք, ըստ Ալիևի, ահաբեկիչներ, տեռորիստներ են, այնպես որ, ինչ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սուտ է, սուտ է և երիցս սուտ է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















