«Ավելի լավ ա, ինձ մի խոսացրեք, պիտի շան լափը լցնեմ, դրանց գլխին». հանրահավաքի գալով` մարդիկ արդարություն են փնտրում

«Ավելի լավ ա, ինձ մի խոսացրեք, պիտի շան լափը լցնեմ, դրանց գլխին». հանրահավաքի գալով` մարդիկ  արդարություն են փնտրում
«Ավելի լավ ա, ինձ մի խոսացրեք, պիտի շան լափը լցնեմ, դրանց գլխին». հանրահավաքի գալով` մարդիկ արդարություն են փնտրում

Ազատության հրապարակ դուրս եկած բազմաթիվ մարդիկ Հայաստանում արդարություն է ցանկանում հաստատել: Այսօր կեսօրին հրապարակում հավաքված մարդիկ միմյանց հետ զրուցում էին ու վերլուծում երկրում ստեղծված իրավիճակը:
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից մեկը, ով ինը տարի անտուն է մնացել, անհույս հայացքով ցույց է տալիս Ազատության հրապարակից քիչ հեռու գտնվող Հյուսիսային պողոտան ու ասում. «Ավելի լավ ա, ինձ մի խոսացրեք, պիտի շան լափը լցնեմ, դրանց գլխին: Մեր տները քանդեցին, իրացման գոտի էր, մնացինք դուրսը, ինը տարի ա, տան վարձ եմ տալիս: 30 հազար դոլարի հաշիվը գրել եմ, ստորագրել եմ, բայց մինչև էսօր չեն տալիս»:

«Մեդիալաբի» հետ զրույցում հանրային գերական շահ ճանաչված տարածքի նախկին բնակիչը արդարություն է փնտրում, ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու պետք է իրեն` բնիկ Երևանցուն դուրս հանեն սեփական տնից, իսկ փոխարենը Հյուսիսային պողոտան բնակեցնեն մեծահարուստներով: Արտերկրում բարձրագույն կրթություն ստացած նրա որդին ոչ մի կերպ չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում: «Պետական համալսարանն ավարտել ա, Հարվարդի համալասրանն ավարտել ա, եկել ա ստեղ, գործ չեն տալիս էդ կրթության տեր տղային»,- ասում է նա ու հավելում, որ հույս ունի` այս օրերին հրապարակ դուրս եկած բազմաթիվ մարդիկ հաղթելու են:

Երևանի բնակիչ Հայկազ Ղազարյանն ասում է, որ ժողովրդին նոր թեկնածու էր պետք, որի դերում էլ հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ինքը քարոզարշավը լավ անցկացրեց, դրա համար բոլորը նրան ընտրեցին: Սկզբից ընտրությունն իշխանության ուզած սցենարով էր գնում, բայց օրվա մեջ, որ զգացին արդեն չէ, Րաֆֆիի ձայները շատանում ա, ինչ հնարք կար, կիրառեցին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ընտրությունների վերաբերյալ դատողություններ է անում Հայկազ Ղազարյանը:

Նա նշում է, որ բոլորը գիտեն` ամենամեծ խախտումը գյուղերում է կատարվել, որովհետև իրավիճակը հսկողությունից դուրս էր: «Ասում են` անցած ընտրություններին Լևոնը քիչ ձայն էր հավաքել, ես էդ կարծիքին չեմ: Անցած ընտրություններին Արթուր Բաղդասարյանն էլ հավաքեց ձայն, ժողովրդին խաբեց, էն էլ էր ախր ընդդիմադիր ձևանում: Մրցակցությունը շատ էր էն ժամանակ»,- ասում է նա:

Հայկազ Ղազարյանը նշում է, որ ժողովուրդը հույսը չի կորցնում: Շատերն ասում են` հնարավոր չէ պայքարել, բայց պետք է մինչև վերջ գնալ:

«Ցարենցավանից երեկ գիշերը ժամը 9-ին նոր եկան մարդիկ, ոտքով հասան ստեղ` մի հսկա խումբ, հանրահավաքն արդեն վերջացել էր: Ասում են` ճամփեքը փակել էին, ձորով եսիմ ոնց էին հասել ստեղ»,- «Մեդիալաբին» պատմում է Արագածոտնի մարզից Ազատության հարպարակ եկած Սոֆիկ Սարդարյանը:

Մարզերից այսօր Ազատության հրապարակ եկածներն ասում են, որ հասարակական տրանսպորտի աշխատանքը կանոնավոր չէ, ճանապարհների մի մասը փակ է:

Սոֆիկ Սարդարյանը խոսում է ընտրություններից. «Ես տեսել եմ, որ մեր ընտրությունները երկրորդ անգամն ա, երրորդ անգամն ա, չորրորդ անգամն ա, որ այ սենց կեղծում են: Այ սենց կեղծիքներով մենք ապրում ենք մինչև էսօր, համբերելով: Իսկ հիմա էլ հաբերության տեղ չկա, էլ չունենք: Հարազատ, բարեկամ, որդի, սաղ թողել, գնացել են, իրանց ծնողներին թողել են, սա երկիր չի»:

Տիկին Սոֆիկին շրջապատած կանայք էլ հավելում են` այնպիսի Հայաստան պետք է ստեղծել, որ երկիրը լքածները վերադանան:

«Ինչի՞ համար պետք ա մեր երկիրը թողնեն, գնան ուրիշ երկրում ապրեն մարդիկ: Թող էս ղեկավարները գնան ուրիշ երկրում ապրեն, հերիք ա, 20 տարի ա, ստեղ ապրում են, թող հիմա էլ թողնեն մենք ապրենք: Հերքի չի՞ էս անմեղ ժողովրդի արյունը ծծեն»,- նշեցին նրանք:

Մարդիկ ասում են, որ մեծ հույսեր ունեն, պետք է մի մարդու նման կանգնեն` 10 օր, 20 օր, բայց պետք է հասնել մինչև հաղթանակ:

«88 թվից կանգած ենք, պետք ա հաղթենք: Մինչև մահ պետք է կանգնեմ, որ հաղթենք»,- ասում է հրապարակ եկած ծեր կանացից մեկը:

Հրապարակում հավաքված մի խումբ տղամարդիկ էլ այն կարծիքին էին, որ պետք է նոր նախագահի ընտրություններ կազմակերպվեն:

«Բայց առանց Սերժի ընտրություն պետք ա լինի, թե չէ ինքը կկեղծի նորից»,- նշում էին նրանք:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից բազմաթիվ մարդիկ այսօր Րաֆֆի Հովհաննիսանին ուղեկցել է նախագահական նստավայր, որտեղ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Այնուհետև հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ բոլոր հարցերին կպատասխանի վաղը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում:

© Medialab.am