«Մենք նրանց կքշենք շների պես». պլանավորվող ոճիրի ստվերի ներքո

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցին մեղադրվում է սպանության համար։ Թե դատարանն ի՛նչ կպարզի՝ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ հարևան երկրի զինծառայողն ուղիղ եթեր է մտել և «գլուխ գովացել», թե բա՝ շատ հայերի եմ սպանել, հիշեք ինձ։ Եվ երևի թե սա կլիներ պարզապես մի ոճրագործի պատմություն, եթե չլինեին կացնահարված հայ սպան, ծերունին, որի վիզը տեսախցիկի առջև կտրում են, խոշտանգված հայ կին դիպուկահարի մարմինը… և այս ամենի հետ կապված հրճվանքը հարևան երկրում։ Այսօր ես չեմ խոսի Արցախից։ Այսօր իմ թեման ցեղասպանությունն է։

Մաշվող տերմինը 

Ցեղասպանությունը կանխամտածված ոճրագործություն է, որի վերջնական նպատակն է մի ամբողջ էթնիկ խմբի վերացումը։ Այստեղ թվերն էական չեն։ Եթե ոճրագործը սպանում է վեց մարդու այն պատճառով, որ նրանք որևէ ինքնության կրող են, այս գործողությունը համարվում է ցեղասպանական։

Ցավոք, արդի աշխարհում «ցեղասպանություն» տերմինը տեղի-անտեղի շատ է օգտագործվում։ Այն դարձել է քաղաքական-հռետորաբանական զենք, ընդգծող, գույները մգացնող, ձայները բարձրացնող մի բան։ Երևույթից վերափոխվում է գործիքի, միջոցի։ Եվ զարմանալի չէ, որ հաճախ հենց տարբեր ոճրագործություններով աչքի ընկած ավտորիտար ռեժիմներն են «ցեղասպանություն» տերմինն անընդհատ ծամծմում։ 

Ցավն այն է, որ այս խաղի մեջ մեր հասարակությունն էլ է մտել։ Տեղի-անտեղի՝ ամեն երևույթի տալիս ենք «եղեռն», «բնաջնջում», «ցեղասպանություն» բնորոշումը։ Եվ չենք էլ գիտակցում, որ այսպես բառը մաշվում է, ձևափոխվում, դառնում հույզի արտահայտչամիջոց։ Մի կողմ է մղվում նրա խորքային, սարսափելի իմաստը՝ կանխամտածված, անմարդկային ոճրագործության անվանում։

Վտանգն այստեղ այն է, որ ցեղասպանություն տերմինն անվերջ օդում պտտելով՝ մենք մոռանում ենք դրա իրական նպատակը, ձևերը և տևողությունը։ Եվ հենց այստեղ կարծես թե բաց ենք թողնում մեր կողքին տեղի ունեցող, տարիներ շարունակ ձգվող գործընթացը, որի վերջնանպատակը հաստատ մեզ դուր չի գա։

«…Թշնամուն ատելություն, ատելություն, ատելություն»

Սա հատված է մի բանաստեղծությունից, որը ադրբեջանցի դպրոցականներին հաճախ ստիպում են կրկնել։ Բաքվի հսկողության ներքո մեծացել է մի ամբողջ սերունդ, որին սովորեցրել են «ստոր, չար, դաժան, զզվելի» հայերի մասին։ 

Այո՛, եթե վերլուծենք հայերի մասին պատմող ադրբեջանական քարոզչական նյութերը, կտեսնենք, որ դրանց առաջացրած ամենասուր զգացումը զզվանքն է։ 

Եվ սա պատահական չէ։ Երկրորդ աշխարհամարտից հետո Հոլոքոստից ցնցված աշխարհը սկսեց որոնել պատճառները՝ ինչո՞ւ են ցեղասպանությունները հնարավոր։

Գիտնականների ստացած արդյունքները մեղմ ասած հետաքրքիր են։ 

Այսպիսով՝ որպեսզի դու ստիպես մարդկանց մի խմբին կոտորել մյուս խմբին, դու նախ պետք է զոհ խմբին ապամարդկայնացնես (դեհումանիզացիա), ցույց տաս, որ նրանք զուրկ են բոլոր մարդկային արժանիքներից։ Այնուհետև նրանց հանդեպ զզվանք առաջացնես։ 

Այո՛, ես խոսում եմ պարզ զզվանքի մասին, որը ի հայտ է գալիս, երբ դուք առնետ կամ խավարասեր եք տեսնում։ Հողաթափով դրանց սատկացնելիս քչերն են խղճի խայթ զգում։ 

Ֆաշիստները հրեաներին համեմատում էին առնետների, հիվանդության հետ, Ռուանդայում թութսիներին խավարասերների հետ էին համեմատում, իսկ հայերի մասին Ադրբեջանի նախագահը պարզապես ասում է՝ «Մենք նրանց կքշենք շների պես»։ 

Ադրբեջան «յան» վերջավորությամբ ազգանունով յուրաքանչյուր անձ, եթե անգամ Ավստրալիայի քաղաքացի է, չի կարող մուտք գործել։ Իլհամ Ալիևն իր երկրի թշնամի է հռչակել ոչ միայն Հայաստանը, այլև բոլոր հայերին։ Եվ դրա մասին մեր երկրում քչերն են լուրջ մտածում։ 

Ես առաջարկում եմ մի պահ դուրս գալ մեդիայի պաթոսախեղդ վառ վերնագրերի աշխարհից, տարատեսակ «սպիտակ եղեռն», «մշակութային եղեռն», «էկո եղեռն» տիրույթներից և նայել մեր շուրջը՝ գետնի վրա։

Ցեղասպանությունները մեկ օրում չէ, որ կատարվում են, դրանք կարող են հարյուրամյակներ տևել։ Դուք չեք կարող պայմանավորվել նրա հետ, ով գալիս է ձեզ սպանելու, բայց կարող եք նախապես բարձրաձայնել, պաշտպանվել, կանխել։ 

Վերջում ավելացնեմ՝ եթե նկատել եք, մենք գիտենք բոլոր այն ցեղասպանությունների մասին, որոնք չեն հաջողել, որոնցից փրկվածներ են մնացել։ Ավարտված ցեղասպանությունների մասին գիտեն միայն պատմաբանները, քանի որ իրապես վերացված ցեղախմբից ոչ ոք վերջում չի մնում, որ մեղադրանք ներկայացնի։

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am