«Աշխատավարձերի բարձրացում չապահովելու պարագայում` իշխանությունը կսկսի ի թիվս այլ դժգոհությունների՝ նաև բախվել լուրջ տնտեսական բողոքների». քաղաքագետ

«Աշխատավարձերի բարձրացում չապահովելու պարագայում` իշխանությունը կսկսի ի թիվս այլ դժգոհությունների՝ նաև բախվել լուրջ տնտեսական բողոքների». քաղաքագետ
«Աշխատավարձերի բարձրացում չապահովելու պարագայում` իշխանությունը կսկսի ի թիվս այլ դժգոհությունների՝ նաև բախվել լուրջ տնտեսական բողոքների». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարո՛ն Մարտիրոսյան, մարզպետների՝ իրենց աշխատակիցներին պարգևատրումների, իսկ նրանցից ոմանք իրենք իրենց պարգևատրումների թեման բուռն արձագանք գտավ և քննադատվեց հանրության շրջանում։ Ինչպե՞ս եք դուք գնահատում, արդյոք նրանց արդարացումները հիմնավո՞ր էին։

– Ընդհանրապես սա պարզ թեմա չէ: Մի քանի շերտ ունի և խնդրին մի քանի կողմից կարելի է մոտենալ: Նախ՝ հին ավանդույթ է: Տարեվերջյան ավանդույթ: Բայց ո՞վ է ասում, որ հնի ամեն ինչը պետք է շարունակել: Հասկանալի է, որ նոր իշխանությունը հնի սահմանած ոչ ամեն ինչից է հրաժարվում, բայց դա չի նշանակում, որ այս մեկն էլ պետք էր պահպանել:

Վերջապես տասներեքերորդ աշխատավարձ հասկացություն զարգացած երկրներում չկա: Պարգևատրումներն էլ՝ բոնուսները լինում են միայն իրոք հաջող ֆինանսական տարում՝ մասնավոր ընկերություններին լուրջ եկամուտ ապահոված աշխատակիցների կամ մենեջերների և կամ այդ ընկերություններում այդ տարի կարևոր դեր խաղացած աշխատողների համար:

Սովորաբար դա հատուկ է Ուոլլ Սթրիթի մեծապես անբարո և վայրի կապիտալիզմի մթնոլորտին: Ամերիկյան մի շարք բանկեր և կորպորացիաներ բազմիցս քննադատվել են բոնուսների համար: Եվրոպայում դրանք արդեն մի քանի տարի է՝ ինչ լրջորեն սահմանափակված են, և ավանդույթը՝ որպես կայուն երևույթ, շարունակվում է թերևս միայն ԱՄՆ-ում:

Հիմա Հայաստանի մասին դարձյալ: Աշխատավարձերը Հայաստանում չնչին են, դրանցով գրեթե երբեք ոչ ոք Հայաստանում չի ապրել: Հավելյալ մեկ ամսվա վճարը շոշափելի փոփոխություն է յուրաքանչյուր բյուջետային աշխատողի համար:

Բայց մյուս կողմից՝ քանի որ դա աշխատավարձի բարձրացում չէ, այլ պարգևավճար, սխալ է դիտվում և սխալ է տրամադրելը: Ավելի ճիշտ կլիներ բոլոր բյուջետայիններին կա՛մ հատկացնել օրենքով որպես այդ տասներեքերորդ ամսվա վճար, կա՛մ էլ ուղղակի աշխատավարձերը բարձրացնել:

Մինչև անցյալ տարվա մայիս՝ Հայաստանի տնտեսությունը կոռուպտոկրատիա էր: Այսինքն՝ կոռուպցիայով կառավարվող մի համակարգ: Բոլորը ներգրավված էին դրանում և կողմնակի եկամուտներն ու ապրուստի միջոցները գոյանում էին կա՛մ բյուջեի թալանից և կա՛մ կաշառքից ու կոռուպցիոն այլ մեխանիզմներից: Հիմա դա չկա:

Եվ մարդիկ մնացել են աշխատավարձի հույսին: Միայն աշխատավարձի հույսին: Դա ստեղծում է փակուղային իրավիճակ: Եթե ոչնչացնում ես կոռուպցիան, անհրաժեշտ է անմիջապես ստվերային եկամուտները փոխարինել օրինական վճարներով՝ ոչ ամբողջությամբ, իհարկե, բայց գոնե կենսական մինիմումն անհրաժեշտ է ապահովել: Դա տեղի չի ունեցել: Եվ պարգևավճարներ տվել են՝ գուցե որոշելով, որ որոշակի թեթևացում է բյուջետային աշխատողների համար:

Ամեն դեպքում այս ողջ իրավիճակը սխալ է: Ինչ վերաբերում է այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք իրենք իրենց են պարգևատրել կամ բարձր պարգևավճարներ են գրել, դա առավել լուրջ խնդիր է: Զուտ բարոյական առումով նման բան չէր կարելի անել: Իրենց շարքային աշխատակիցներին թերևս կարող էին, բայց հենց խորհրդանշական առումով՝ իրենք պետք է հրաժարվեին դրանից:

Փաշինյանը, Մարությանը և Գոգյանը հենց այդպես էլ վարվել են: Իրենք իրենց չեն պարգևատրել: Եվ դա գովելի, բայցև բարոյական առումով ակնկալելի, սպասելի, պարտադիր պահվածք է: Իսկ ինչու չեն արել մյուսնե՞րը: Սա է ամենամեծ խնդիրն այստեղ: Եվ, իհարկե, պետք է հասկանալ, որ կտրուկ միջոցներով աշխատավարձերի բարձրացում չապահովելու պարագայում՝ այս իշխանությունը շատ արագ այլևս կսկսի ի թիվս այլ դժգոհությունների՝ նաև բախվել լուրջ տնտեսական բողոքների: Իսկ դա յուրաքանչյուր իշխանության համար կործանարար է ի վերջո:

– Պարգևավճարների թեմային զուգահեռ ԱԺ նախագահը հայտարարեց, որ հրաժարվում են ԱԺ-ին հատկացված ծառայողական մեքենաներից։ Արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել կոմպենսացիա տեղի ունեցածին։

– Թերևս կա «դեմիջ քնթրոլի» կամ «քրայսիս մենեջմենթի», այսինքն՝ վնասի վերահսկմանը կամ ճգնաժամի լուծմանն ուղղված քայլի հանգամանքը: Բայց, կարծում եմ, միայն պարգևավճարների խնդիրը չէ, որ նման խորհրդանշական քայլերի է հիմա մղում ոմանց: Հասարակական այլ հարցադրումներ նույնպես բարձրացվում են, որոնք նորանոր քայլերով իշխանության առանձին մարմիններ փորձում են հասցեավորել: Դա, իհարկե, մի գործընթաց է, որը շատ երկար չի կարող տևել: Կշեռքի նժարն ինչ-որ պահի ինչ-որ մի կողմ կթեքվի:

– Այս խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բարձր որակի մասնագետները, պրոֆեսիոնալները հրաժարվում են աշխատել պետական ապարատում՝ հաշվի առնելով ցածր աշխատավարձերը։ Խնդիրը, ըստ ձեզ, ի՞նչ լուծում պիտի ստանա։ Արդյոք աշխատավարձի բարձրացումը խնդրի լուծում կարո՞ղ ենք համարել։

– Մասամբ՝ այո՛: Բայց վարչապետի հետ համաձայն չեմ: Նախ՝ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կա՛մ ապահովված են արդեն և կա՛մ այնքան գաղափարական են, որ պատրաստ են նոր իրավիճակում աշխատել շատ ցածր աշխատավարձով: Նրանց համար խնդիրը գործ անելու, գուցե՝ ինքնառեալիզացվելու, մասնակցություն ունենալու և նաև՝ իրոք օգտակար լինելու մեջ է, ոչ թե աշխատավարձի: Այդպիսի մարդկանց մի լուրջ զանգվածի իշխանությունը դուրս է թողել և անտեսել է:

Այդպիսի մարդկանց անձամբ ինքս եմ ճանաչում: Շատ բարձր որակավորում ունեցող այդ մասնագետներից շատերն անգամ իրենք են դիմել կառավարությանը՝ առաջարկելով համագործակցել: Պատասխանը դեպքերի մեծ մասում եղել է կա՛մ լռություն, կա՛մ անտեսում և կա՛մ ուղղակի վիրավորական մոտեցում: Եթե նայենք իշխանական շրջանակներին՝ մեկ-երկու բացառությամբ, չկան անհատականություններ: Մեկ-երկու բացառությունից անդին չկան վառ կերպարներ, երկար ժամանակ դրականորեն հայտնի և հարգված մարդիկ: Չկան նաև գործի լուրջ, հաստատված, խորքային մասնագետներ:

Ողջ հայության շրջանում չկա՞ն այդպիսի անձինք: Արդյոք այդքան սնա՞նկ է մեր ժողովուրդը: Իհարկե ո՛չ: Կարևոր պաշտոններում կադրային առումով նշանակումների որակի պատասխանատուն ոչ թե բյուջեն է, այլ՝ համակարգային մոտեցումը խնդրին: Ավելի շուտ՝ դրա բացակայությունը: Միջակությունների և միջակից ցածր մարդկանց մի հսկա զանգված հանկարծ լուրջ պաշտոններ է ստացել: Ազգային ժողովում էլ, թեև նախկինի հետ համեմատած որակական մեծ առաջընթաց կա՝ բայց հենց միայն իշխանական կուսակցության այն մի սպեցիֆիկ սանրվածքով պատգամավորուհու հարցազրույցը մատնում է որոշ կադրերի ընտրության սարսափեցնող սնանկությունը, որ բյուջետային սնանկության հետ որևէ կապ չունի:

Եվ եթե նախարար չեն գալիս աշխատելու, որովհետև աշխատավարձը քիչ է՝ կարելի էր նոր Ազգային ժողովի ուռճացված քանակով մանդատները կրճատել և այդ գումարն ուղղել կառավարության անդամների ֆինանսավորմանը, որպեսզի հնարավոր լիներ այդ խնդիրը լուծել, եթե հարցն իրոք աշխատավարձերի մեջ է:

Եվ հետո հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս են համաձայնել աշխատել ներկայիս նախարարները, որոնց մեջ եզակի դեպքերում հանդիպում են պրոֆեսիոնալներ: Ուրեմն միշտ կարելի է գտնել գաղափարական անձանց, ուղղակի դրա համար ոչ թե կուսակցական, այլ որակական և քաղաքական կամք է անհրաժեշտ:

Տարիքն ու փորձը բացարձակ արժեքներ չեն, բայց երբ ակնհայտորեն տարիքն առած, քառասուն կամ հիսունն անց լուրջ պրոֆեսիոնալները դուրս են թողնվում, իսկ քսան-երեսուն տարեկան և պրոֆեսիոնալիզմից շատ հեռու երիտասարդները լուրջ պաշտոններ են ստանում, տեսանելի է դառնում, որ աշխատավարձի հարցը վերջինն է թերևս: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են աշխատավարձի պատճառով նախարար աշխատելուց՝ նախարար աշխատելու առաջարկ ընդհանրապես չպետք է ստանան: Հատկապես կաշառքից զերծ և կառուցվելիք նոր Հայաստանում նախարարի աշխատանքը հսկայական նվիրում և ինքնազոհողություն է պահանջում: Այդ առաքելությունը որպես զուտ վճարովի գործ դիտարկողներն ընդհանրապես կառավարության կազմում չպետք է տեղ ունենան:

– Նոր ձևավորված խորհրդարանի աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում։ Քիչ չեն համացանցում քննադատությունները։

– Դեռ վաղ է գնահատականներ հնչեցնելու համար, բայց ուրվագծեր երևում են: Նախ՝ սկսենք նրանից, որ սա նոր խորհրդարան չէ՝ հին խորհրդարան է՝ բազում նոր դեմքերով: Նախկինում առկա երեք կուսակցություններն էլ մտել են խորհրդարան: Դա արդեն բավարար է՝ անցյալի հետ կայուն կապ ապահովելու համար, հատկապես՝ ուժերից մեկի մասով:

Մյուս կողմից՝ անչափ գրոտեսկային է դիտվում ՔՊ-ԲՀԿ լռելյայն միմյանց հանդուրժելու տեսարանն ու մյուս կողմից՝ ԼՀԿ-ԲՀԿ և ԼՀԿ-ՔՊ հակասությունների դրսևորումը: Դա հակատրամաբանական, անառողջ մի իրավիճակ է, որից լավ արդյունքներ չի կարելի սպասել:

Տրամաբանորեն ՔՊ-ում պետք է մոռանային, որ «Լուսավորն» իրենց հետ չի քայլել և, վեր կանգնելով, միասին մտնեին խորհրդարան: Այնպես, ինչպես հիմա մոռացան, որ ԲՀԿ-ի հետ շատ ու շատ ավելի խորքային հակասություններ ունեին դեռ ոչ վաղ անցյալում: Հիմա ստեղծվել է տարօրինակ, խիստ տարօրինակ մի իրավիճակ: Իհարկե, «Իմ քայլում» կան փայլուն, բարձրորակ մասնագետ-պատգամավորներ, որոնք նաև բարոյական բարձր որակներ ունեն և նրանք են իրենց ուսերին տանելու ողջ խմբակցության և կուսակցության դրոշը:

– Պարո՛ն Մարտիրոսյան, կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը քննարկվում է, ԱԱԾ-ի և ոստիկանության մասով հստակություն կարծես թե չկա, այդ կառույցները կմնան վարչապետի ենթակայության տակ։ Խնդիր չե՞ք տեսնում։

– Տեսնում եմ: Շատ մեծ խնդիր: Ըստ էության, լրջագույն նահանջ կա նախկինում արված հայտարարություններից: Սուպերվարչապետությունն իրականում այս պահին պահպանվելու միտում ունի: Գոնե Արարատ Միրզոյանի հայտարարություններից կարելի է այդպես դատել: Չի կարող ժողովրդավարական երկրում երկու կարևորագույն ուժային կառույց լինել վարչապետի անձնական ենթակայության ներքո:

Դա Սերժ Սարգսյանի գաղափարն էր և ներդրվել էր իրեն ծառայելու համար: Հիմա ի՞նչ հեղափոխություն, եթե ամենակարևոր արատներից մեկը ոչ թե հեղափոխում ենք, այլ սկսում ենք պաշտպանել և պահպանելու նախապատրաստություններ տեսնել: ԱԱԾ-ն չի կարող միայն մեկ ղեկավար անձի հաշվետու լինել: Դա լրջագույն կառույց է, որ իր գաղտնիությամբ՝ կարող է և լրջագույն գործիք լինել առանձին անձանց ձեռքին՝ առանձին լուրջ խնդիրներ լուծելու համար: Դա անթույլատրելի սցենար է:

Հատկապես՝ հետիշխանափոխական Հայաստանում: Ով էլ որ լինի վարչապետը՝ կարևոր չէ: Կարևոր է համակարգային կառուցվածքը: ԱԱԾ-ն կարող է ենթարկվել վարչապետին, բայց նրա վրա ռեալ, իրական, գործող վերահսկողական լծակներ պետք է ունենա խորհրդարանը: Եվ հայտարարությունները՝ թե այնպես կլինի, որ ԱԱԾ պետը կգա ԱԺ, կխոսի, ելույթներ կունենա և այլն՝ լիրիկայի ժանրից են: Խոսելով, հարցերին պատասխանելով՝ ոչինչ չի լուծվում:

Վերահսկող մարմին է անհրաժեշտ, և դա մեկ անձ չի կարող լինել: Հայաստանի պարագայում դա պետք է միայն Ազգային ժողովը լինի: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա ինչո՞ւ պետք է այն վարչապետին ենթարկվի: Եթե չեն ուզում նախարարության վերածել, ապա կարող են և կիրառել անգամ ամերիկյան մոդելը, որտեղ յուրաքանչյուր քաղաքի ոստիկանություն հսկայական անկախություն ունի:

Նույնը վերաբերում է և նահանգի ոստիկանությանը: Երկուսի պետերն էլ հաշվետու են համայնքի ղեկավարներին՝ մի դեպքում՝ քաղաքապետներին, մյուսում՝ նահանգապետներին: Կա և վերադաս մարմին, որ կառավարության մաս է: Հայաստանում դա կարող է լինել կենտրոնացված ՆԳ նախարարությունը, բայց ուղղակի՝ առաջնային ենթակայությունը կարող է լինել քաղաքապետներինն ու մարզպետներինը: Սա մի տարբերակ: Երկրորդ տարբերակն ուղղակի այն է՝ ինչ եղել է նախկինում, բայց դարձյալ հաշվետու և վերահսկվող ԱԺ-ի կողմից:

Վերջապես, եթե իսկական ժողովրդավարություն ենք ցանկանում հաստատել՝ առաջին հերթին հենց այս մարմինները պետք է անցնեն ԱԺ-ի վերահսկողության ներքո: Վարչապետն իր հայտնի հայտարարությամբ ասել է, որ ինքը չի կարող և չի ուզում լինել ոստիկան, քննիչ, դատախազ և դատավոր: Պահպանելով հին համակարգը՝ նա ուղղակիորեն վերածվելու է առնվազն գլխավոր ոստիկանի և գլխավոր հետախույզ-հակահետախույզի:

Նաև՝ ինքն իր հայտարարածին հակասելու է: Իսկ բացատրությունները՝ թե այս շրջանում այսպես է ճիշտ, թե հիմա առաջնորդը լավն է և չի չարաշահելու՝ որևէ լուրջ տարր իրենցում չեն պարունակում: Վերջապես, սա այն խնդիրն է, որ հիմա անգամ քննարկել չէր կարելի: Ուղղակի պետք է հարցը լուծված լիներ այնպես, ինչպես խոստացվել էր: Եվ՝ վե՛րջ: Ինձ համար մտահոգիչ է, որ իշխանությունն ինքն իրեն սկսել է դնել խոցելի վիճակներում:

Սա մի իշխանություն է, որ մեծապես անձնակենտրոն է, և այդ անձի հետ մենք բոլորս մեծ հույսեր ենք կապել: Հիմա այդ անձը պետք է հաջողի: Լուրջ սխալների իրավունք նա չունի: Վստահության կորուստը կնշանակի հսկայական հիասթափություն և հսկայական հետընթաց: Ինչպես նաև՝ նախկին դեստրուկտիվ ուժերի վերաակտիվացում: Այդպիսի շռայլություն մենք մեզ չենք կարող թույլ տալ: Մանավանդ որ, անգամ այդ ուժերի հարցը այս նոր իշխանությունը չկարողացավ տրամաբանված և իմաստուն կերպով լուծել:

Այս բոլոր խնդիրներն անհրաժեշտ է բարձրացնել և այլևս չծածկել թերացումները, որպեսզի դրանք շտկվեն կամ կանխվեն: Վստահ չեմ, որ ականջալուր են լինում առողջ քննադատություններին, բայց հնչեցնել անհրաժեշտ է: Սթափության էֆեկտը թերագնահատել չի կարելի: Ավելի լավ է կանխավ սթափեցնել, քան այն ժամանակ, երբ սայթաքումն այլևս փաստ կլինի, իսկ սթափեցումը՝ ուշացած:

Մանե Հարությունյան

MediaLab.am