«Շանթը մեր բոլորի փոխարեն էլ ասաց՝ «Ես շնչահեղձ եմ լինում, էլ չեմ կարող»». Հրանուշ Խառատյան

«Շանթը մեր բոլորի փոխարեն էլ ասաց՝  «Ես շնչահեղձ եմ լինում, էլ չեմ կարող»». Հրանուշ Խառատյան
«Շանթը մեր բոլորի փոխարեն էլ ասաց՝ «Ես շնչահեղձ եմ լինում, էլ չեմ կարող»». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ, քաղաքացիական ակտիվիստ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է բուռն քննարկումների առիթ հանդիսացած Շանթ Հարությունյանի գործին: 

Տեղեկացնենք, որ  Շանթ Հարությունյանը չհամակերպվելով երկրում տիրող իրավիճակին, «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառով նստացույց էր սկսել  Ազատության հրապարակում: Մի քանի օր տեւած նստացույցից հետո, Հարությունյանի աջակիցների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո, տանյակ մարդիկ կալանավորվել էին, ինչպես եւ Շանթ Հարությունյանը: Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրեսնգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով / 5-10 տարի ազատազրկում/:

Հրանուշ Խառատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Շանթ Հարությունյանի արածը բարոյական սպանություն է: Ապտակ: Մարտահրավեր: Բայց քանի որ մարտահրավերը ազնվականական երևույթ է և տեղի է ունենում պատվի խնդիրներ լուծելու համար, իսկ դիմացը պատվավոր հակառակորդ չկա, նրա նետած ձեռնոցը վերցրին… ոստիկանները:

Երբեմն ինձ թվում է, որ իշխանության բոլոր օղակներից ամենաշատ պատվի զգացում ունեն ոստիկանները: Այն ոստիկանները, ովքեր ա/ փողոցում են և ամենաշատն են ստիպված կրել երկրում կատարվող այլանդակությունների հասարակական արձագանքները, և ամաչելով լռել, բ/ աշխատանքի բերումով ամենաշատն են շփվում պատվավոր քաղաքացիների հետ: Բայց ոստիկանները հարց չեն լուծում, նրանց վարձել են ենթարկվելու համար:

Եվ այսպես, Շանթ Հարությունյանը

– շատ ու շատ վիրավորված, հուսալքված, անարգված մարդկանց նման ինքնասպան չեղավ /կարծեմ սա անարգողների ամենասիրած տարբերակն է/,

-չփախավ, չարտագաղթեց /սա էլ պակաս սիրված տարբերակներից չէ/,

-չլռեց, չինքնամեկուսացավ, չանհետացավ՝ իր լռությամբ չօժանդակեց “սրանց»,

Շանթ Հարությունյանը պարզապես ասաց՝ «Ես շնչահեղձ եմ լինում, էլ  չեմ կարող»:

Համարյա բոլորս շնչահեղձ ենք լինում, այլևս չենք կարող: Շանթը մեր բոլորի փոխարեն էլ ասաց՝ «Ես շնչահեղձ եմ լինում: Էլ չեմ կարող»:

Ոստիկաններն հավանաբար հրահանգված էր սպասել. նրանք սպասեցին: Սպասեցին՝ հուսալով Շանթից տեռորիստ սարքել, որովհետև արդեն իսկապես չէր կարողանում: Սպասեցին՝ հուսալով հերոսանալ «տեռորիստ» բռնելով և հերոսների կոչումներ ստանալ: Իշխանություններին շանս տալ լեգալացնել բռնություններն ու սահմափակումները: Չհաջողվեց, Շանթն ընդամենը պատվո ձեռնոց նետեց: Մարտահրավեր: Գիտեր, որ մարտը չի ընդունվելու, սրանք ի՞նչ մարտի բան են: Սրանցը ոստիկան դեմ տալն է: Սրանք Շանթին պատասխանելու ոչինչ չունեն: Իսկ Շանթը /և մենք/ շնչահեղձ է լինում, որովհետև

-Քսան տարի անց Զանգեզուրը կմահանա…

-Սակավահող Հայաստանում միայն Սյունիքի մարզում վեց հարյուր հեկտարի համար տրված է հանքահանության լիցենզիա,

-Արծվանիկի պոչամբարը իր տեսակի մեջ ամենամեծն է,

-Թեղուտի պատճառով այսօր Թեղուտ ու Շնող գյուղերի խմելու ջրերը… խմելու ջրեր չեն, և արդեն անասուններն արածելու տեղ չունեն,

-Չորացել և չորանում են ծիրանենիները, ընկուզենինեը, թզենին…

-Մեծ պայքարներով նվաճված Շիկահողի ճանապարհը շուտով վերջապես կսկսի աշխատել՝ ոսկու հանքահանության արդյունքները տեղափոխելու համար,

-Հազարավոր երեխաներ դպրոց չեն գնում սովի, հագուստի, թշվառ գոյության, դպրոցի հեռավորության, պարզապես անտարբերության պատճառով,

-Հազարավոր պատանիներ մնում են թերաճ, կուզիկ, հաշմանդամ,

-Հազարավոր գյուղացիներ ստրկային

կախվածության մեջ են առևտրային բանկերից վաշխառուական վարկերից,

-Մարդաթափվող գյուղական բնակավայրերում դռներից կախված կողպեքները օր օրի ավելանում են,

-Հերոսացած հոխորտացող թիկնապահային խուժանը թելադրում է ՀՀ հասարակական վարքի նորմերը,

-Հայաստանի անցյալի հոգևոր ու նյութական մշակութային ժառանգությունը տրօրվում է «սուպերմարկետային», «ռեստորանային», ՛«մոթելային», «խաղատնային» շերտի տակ, իսկ ՀՀ Մշակույթի նախարարը «հոգնել է»  դրան արձագանքել,

-ՀՀ պետական բյուջեն անիմաստ «դեպի տուն» «էստի համեցե՜ք»  է անում անտուն հայերին, իսկ այդպիսիք միայն Հայաստանում են, ովքեր վաղուց անվճարունակ են, տարեց, խեղջացած, նվաստացած և ամաչում են իրենց ապրելու համար…

Կկարողանա՞ ՀՀ արդարադատությունը Շանթ Հարությունյանին /և մեզ/ համոզել շնչահեղձ չլինել: Որովհետև դատարավարությունը պե՛տք է Շանթ Հարույունյանի մարտահրավերի պատճառներին անդրադառնա, պե՛տք է նրա նետած ձեռնոցի մոտիվը բացատրի, և այդքանից հետո պատասխանի՝ ՀՀ քաղաքացին կարո՞ղ է մտահոգվել, պե՞տք է մտահոգվի Հայաստանի ճակատագրով, թե՝ ոչ: ՀՀ քաղաքացին, ով թղթի վրա Հայաստանի իշխանությունն է: Շանթն իրացրել է իշխանության իր իրավունքը»:

© Medialab.am

Լուսանկարըwww.aravot.am