«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)
– Ի՞նչ իրավիճակ է Շուշիում, ի՞նչ գործողություններ են այնտեղ ընթանում, որտեղ, ըստ էության, ահաբեկչական խմբերն են փորձում գրոհել:
– Նրանք ընդամենը կարող են մոտենալ, կրակել ու փախչել: Դրանք այն ուժերը չեն, որ կարողանան Շուշի մտնել: Մեզ հիմա պետք է նրանց շրջապատել ու հարցը լուծել: Հիմա Շուշիում կան շատ լավ հրամանատարներ, Սեյրան Օհանյանն է այնտեղ, տեսնենք, թե ինչ կարող են անել:
– Այսինքն՝ որ Սեյրան Օհանյանն է հրամանատարների մեջ, դուք ավելի հանգի՞ստ եք:
– Ես շատ հանգիստ եմ: Ու ես ասել եմ, որ այս պայմաններում այնտեղ զոհ չենք ունենա: Իսկ որպեսզի զոհ ունենանք, պետք է ահագին զրահատեխնիկա բերեն: Այնտեղ հիմա պարզապես ձեռքի զենքերով են, իսկ դրանով Շուշին չեն կարող գրավել, առավել ևս՝ Սիրիայից եկած ահաբեկիչներով:
– Դուք ընդհանրապես հիշո՞ւմ եք, որ նախկին պատերազմների ժամանակ ահաբեկիչներ լինեին մեր դեմ:
– Դե հիմա ահաբեկիչների դար է: Ադրբեջանը քաղաքակիրթ, կանոնավոր բանակի մասին է խոսում, բայց հիմա փոքր ջոկատներով, հետախուզական-դիվերսիոն խմբերով են գործում:
Դա ցույց է տալիս, որ այդպես պետք է կռվել, ինչպես նրանք են կռվում: Այդ դարն անցել է, որ խրամատների մեջ մտնեն, այդտեղից իրար վրա կրակեն, հիմա պետք է մոբիլ լինել, արագ տեղափոխվել: Նրանք արդեն քանի տարի Սիրիայում այդպես են կռվում և դրա փորձն ունեն:
Կարող ենք ասել, որ նրանք կռվում են պատերազմի ժամանակակից մեթոդներով: Նրանք լավ տիրապետում են այդ մեթոդին, դրա համար էլ փոքր ուժերով մեր մեծ ուժերի դեմ հաջողություններ ունեն:
– Բայց շատերը նշում են, որ պատերազմի ժամանակ հաջողությունների մասին խոսելը հարաբերական է, քանի որ ամեն պահ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:
– Այո՛, դրանք ժամանակավոր հաջողություններ են: Նրանք մեծ նպատակ ունեն Շուշին գրավելու, բայց չեն կարող:
– Այս պահին ամենաշատը ո՞ր հատվածն է վտանգավոր:
– Շուշին անառիկ է: Քաղաքին երկու կողմից կարող են մոտենալ, մեկը՝ Ստեփանակերտի կողմից, մյուսը՝ հակառակ կողմից: Հիմա իրենք այդ երկրորդ ուղղությամբ են գալիս: Նրանց ջոկատները հասել են այդտեղ, այդ ջոկատների դեմ արդեն կան ուժեր, որոնք նրանց հետ են շպրտել:
– Ընդհանրապես, մենք պե՞տք է միջազգային ուժերին չապավինենք, ապավինենք միայն մեր բանակին: Ի վերջո, ո՞վ կարող է կանգնեցնի այս պատերազմը:
– Մենք կարող ենք պատերազմը կանգնեցնել և աշխատում ենք դրա վրա: Առաջ մեր ջոկատներից շատերը անպատրաստ էին գնում, իսկ հիմա, ինչպես գիտեք, մի քանի շաբաթ պատրաստություն են անցնում: Հիմա մենք շատ լավ ջոկատներ ենք պատրաստում, զենքի պակաս չունենք:
Թշնամու անօդաչուներն ավելի քիչ են թռչում, թռչելիս էլ հա խփում ու խփում ենք: Այս կռիվների ժամանակ մերոնք բավական փորձ են ձեռք բերել, թե ինչպես նրանց դեմ կռվեն, նաև նախկին թափը չկա: Մենք հիմա արդեն ամեն ինչին տիրապետում ենք: Իհարկե պատերազմ է, ու ցավալի կորուստներ ենք ունենում, երիտասարդներ են զոհվում:
– Կարո՞ղ ենք ասել, որ հիմա օդն ավելի պաշտպանված է:
– Մենք բոլոր առումներով լավ պաշտպանվում ենք, ուղղակի նրանք շատ-շատ են: Մի խումբը գալիս է, հետո մյուս խումբն է գալիս: Բայց մենք արդեն հասկացել ենք նրանց մեթոդները և դրա դեմ միջոցներ ենք իրականացնում: Նրանք շատ լուրջ էին պատրաստվել այս պատերազմին, իրենց 8 միլիոնը քիչ էր, 2 հազար էլ Սիրիայից բերեցին, չհաշված 80 միլիոնանոց Թուրքիան:
– Մենք երկարատև պատերազմի՞ հետ գործ ունենք:
– Թերևս այո, բայց ցանկացած պարագայում մենք այս պատերազմը պետք է հաղթանակով ավարտենք: Այս պատերազմն ավարտվելու է կողմերից մեկի հաղթանակով, և այդ մեկը մենք ենք լինելու, ես դրան հավատում եմ:
Մանե Հարությունյան
MediaLab.am