Մի դարձեք ապատեղեկատվության զոհը. պատգամավորն ԱԺ ամբիոնից բնակչությանը հորդորեց պատվաստվել

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը խորհրդարանի ամբիոնից բնակչությանը հորդորեց չտրվել ապատեղեկատվությանը և պատվաստվել Covid-19-ի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պողոսյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:

«2020-ին, երբ դեռ նոր էր համավարակը, ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում մարդիկ սպասում էին պատվաստանյութերի հայտնաբերմանը՝ հնարավոր դարձնելու կանխարգելել կորոնավիրուսով պայմանավորված մահացությունները և վերադառնալ բնականոն կյանքի: Ավելի քան 1.5 տարի անց արդեն կան պատվաստանյութեր: Վերջին շրջանում հանրապետությունում ավելանում է պատվաստված քաղաքացիների թիվը, սակայն  սա այն ցուցանիշը չէ, որով կարելի է ձևավորել հանրային իմունիտետ, ազդել վարակի տարածման վրա»,-ասաց պատգամավորը:

Խոսելով վիրուսի «դելտա» շտամի մասին՝ նա նկատեց, որ պատվաստանյութերի արդյունավետությունը այս շտամի դեպքում ավելի քիչ է, սակայն ապացուցված է, որ պատվաստված անձինք կարողանում են հաղթահարել համավարակը: Նա հորդորեց չտրվել ապատեղեկատվությանը և այն պնդումներին, որոնք ոչ մի գիտական, ապացուցողական հիմք չունեն:  «Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանում պատվաստումից մարդ չի մահացել, չկա պատճառահետևանքային որևէ ապացույց, մինչդեռ բոլորիս հայտնի է համավարակից մահացածների թիվը»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ պետական ապարատում կա պատվաստման 90 տոկոս բարձր ցուցանիշ, սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանը աշխարհում վերջին հորիզոնականներում է ՝պատվաստվածների թվով: «Եվ առողջապահության և տնտեսության համար խիստ կարևոր է ապահովել պատվաստման բարձր ցուցանիշներ: Սիրելի հայրենակիցներ, պատվաստվեք, մի դարձեք ապատեղեկատվության զոհը: Համավարակի դեմ պայքարում մեր համախմբվածություն է հարկավոր»,-ասաց նա: