«Հո միջնադարո՞ւմ չենք»․ Արա Ղազարյանը հիմարություն է համարում Բաքվում շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ներկայության մասին լուրը

Բաքվում սպասվող այսպես կոչված հաղթական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրության մասին խոսակցությունները միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը «հիմարագույն տեղեկություն» է համարում։

«Նման բան չի կարող պատահել ընդհանրապես, նման տեղեկություններին չպետք է հավատալ, անհասկանալի է՝ որտեղից են նման տեղեկություններ տարածվում։ 21-րդ դարում ենք, հո միջնադարո՞ւմ չենք»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ գերիներին ի ցույց դնելը նվաստացուցիչ պայմաններում միանշանակ և՛ մարդու իրավունքների խախտում է, և՛ պատերազմական կանոնների խախտում:

Պատերազմից հետո հասարակությանը մտահոգող առաջնային հարցը Ադրբեջանում ռազմագերու և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիներն են, որոնց թվի մասին հստակ տեղեկություն չկա։

Նրանց վերադարձնելու պահանջով Երևանում ակցիաներ, երթեր են անցկացվում, նրանց հարազատները ցույցեր են անում պետական կառավարման մարմինների դիմաց, հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հայաստանի նախագահը և տարբեր գործիչներ նույնիսկ ՌԴ նախագահին են նամակով դիմել, որպեսզի վերջինը միջնորդի վերադարձնել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականներին ու քաղաքացիական անձանց։ Սակայն սայլը տեղից չի շարժվում։

Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հայկական կողմը՝ ի դեմս կառավարության, ամեն ինչ անո՞ւմ է՝ գերեվարված հայ զինվորականներին ու քաղաքացիական անձանց վերադարձնելու համար: Արա Ղազարյանն ի պատասխան նկատեց, որ արած գործի ու անելիքների մասին տեղեկությունները կցկտուր են, հետևաբար հնարավոր չէ այդ հարցին հստակ պատասխան տալ։

«Մենք, ախր, տեղեկություններ չունենք, և ամբողջ հարցը գալիս է հենց տեղեկատվության իրավունքից։ Մենք չգիտենք՝ միգուցե Հայաստանը համարժեք գործողություններ չի ձեռնարկում։ Եթե հավատանք Մարդու իրավունքների պաշտպանին, Ադրբեջանը դիտմամբ ձգձգում է։ Բայց մեզ բավարար ինֆորմացիա չեն տալիս, որ հասկանանք՝ կոնկրետ ինչ գործողություններ են արվում»,- հավելեց Արա Ղազարյանը։ 

Նույն տեղեկատվության պակասի պատճառով նրա համար նաև անհասկանալի է՝ արդյոք գերիների հարցերով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարողանո՞ւմ է բավարար գործողություններ իրականացնել, թե՞ ոչ, կամ, օրինակ՝ այս հարցով արդյոք ՀՀ կառավարությունը ուղղակիորեն դիմե՞լ է Ադրբեջանի կառավարությանը, թե՞ ոչ։

Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը համապատասխան պատշաճ գործողություններ չի իրականացնում գերիներին վերադարձնելու համար, Արա Ղազարյանը արձագանքեց․

«Հասկանալի է, որ կհայտարարեն, բայց փաստեր չեն ներկայացնում։ Եթե Ադրբեջանը միակողմանիորեն հրաժարվում է հայ գերիներին վերադարձնել, արդյոք դրա համար քաղաքական կամ դիվանագիտական գործիքներ կիրառվո՞ւմ են, երկխոսություն տարվո՞ւմ է, թե՞ ոչ։

Մեզ ուղղակի բավարար տեղեկություններ չեն տալիս։ Անհայտ կորածների, գերեվարվածների հարցով պետական հանձնաժողովը իր առաջին նիստը անցկացրեց միայն վերջերս՝ պատերազմից երկու շաբաթ անց։ Դա արդեն նորմալ չէ»։

Պատերազմի դադարեցման համար ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում։

Ըստ Արա Ղազարյանի՝ փոխանակման ժամկետներ սահմանված չեն, հետևաբար հստակ հայտարարել, թե Ադրբեջանը հայտարարությունը խախտում է, դժվար է։

«Այդ հայտարարության տեքստում տարածքների հանձնման ժամկետներ կան, բայց անձանց փոխանակման ժամկետներ սահմանված չեն։ Հետևաբար դժվար է պնդել, որ խախտումներ են արվում։

Բայց միևնույն է՝ ցանկացած պարագայում մենք տեղեկություններ չենք ստանում, որպեսզի պնդումներ անենք, որ այս կամ այն կողմը միջազգային պարտավորության կամ ներպետական օրենսդրության խախտումներ է թույլ տալիս»,- նկատեց մասնագետը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am