Չարենցավանի «Չոռնի գաղութը». լքված շենքի բնակիչների համար հուսադրող հեռանկար չկա

Չարենցավանի «Չոռնի գաղութը». լքված շենքի բնակիչների համար հուսադրող հեռանկար չկա
Չարենցավանի «Չոռնի գաղութը». լքված շենքի բնակիչների համար հուսադրող հեռանկար չկա

Անցյալում նախկին կալանավորների, հիմա` անճարների օթևան Չոռնի գաղութը պատսպարված է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ծայրամասերից մեկում: Շենքն իր անվանումը ստացել է 1960-ականներին, երբ այստեղ ապրել են նախկին կալանավորներ, որոնք հետագայում, բնակարան ստանալով կամ արտերկիր տեղափոխվելով, լքել են այն:
Ամեն առավոտ ծխից սևացած, ավերակ հիշեցնող շենքից դույլերով դուրս եկող «գաղութցիները» փառք են տալիս Աստծուն գիշերն անփորձանք անցկացնելու համար:

1-ին կարգի հաշմանդամ Սեդա Խուդոյանը, մի քանի օր առաջ ընկնելով իր սենյակում, կոտրել է պարանոցն ու հիմա առանց օգնության չի կարողանում շարժվել: Այցելուների ձեռքը բռնած, կաղալով և ծանր շնչելով, նա բարձրանում է 3-րդ հարկ և ցույց տալիս իր սենյակը, որտեղ առաստաղից թափվող ջրերից հատակն ամբողջովին ջրածածկ է:

Ծեփաթափ պատի անկյունում ժանգոտած մահճակալն է, վրան` խոնավությունից նամշած ու բորբոսով ծածկված կեղտոտ ներքնակն ու մոխրագույն դարձած սավանը: Անկյունում` մի փոքրիկ, կոտրված սեղան ու հին աթոռ: Ծխացող վառարանի վրա անպոչ, ժանգոտած կաթսայի մեջ եփվում է մանր կտրտած մի քանի կարտոֆիլ:

«Ամբողջ գիշեր անկողնուս մեջ պառկած, փաթաթվում եմ էս նամշած վերմակով ու ցրտից մղկտալով սպասում, թե երբ պիտի լույսը բացվի, որ դուրս գամ արևի տակ մի քիչ տաքանալու: Օրվա մեծ մասը դրսում եմ անցկացնում` շենքի դիմացի աթոռին նստած: Դուրսը գոնե տաք ա»,- ասում է 73-ամյա տատիկը:

Խոնավությունից քանդվող պատերով, կոտրված ապակիներով պատուհաններով, գարշահոտությամբ, շենքն ի վեր և ի վար վազվզող շներով ու կատուներով քառահարկ այս «գաղութում» բնակվում է 10 ընտանիք:

«Ամեն առավոտ ջրով լիքը դույլերը ձեռքներիս դուրս ենք գալիս ու դատարկում ամբողջ գիշեր սենյակում հավաքված ջուրը: Գիշերները հաճախ վեր ենք թռնում մի ուժեղ հարվածի ձայնից և հասկանում, որ ինչ-որ մի հարկում պատերից մեկը քանդվեց, և վախը սրտներումս սպասում ենք, թե երբ պիտի լուսանա»,- ասում է շենքի բնակիչ 33-ամյա Ելենա Մանուկյանը:

Մանուկյանների ընտանիքը Չոռնի գաղութում բնակվում է 1974-ից: Ելենան ծնվել ու ողջ կյանքն անցկացրել է այս շենքում: Ամուսնու և 5 ու 6 տարեկան երկու երեխաների հետ նա տեղափոխվել է ծնողների փոքրիկ սենյակի հարևան սենյակը: Այդ սենյակը նրանց ննջարանն է, լոգարանն ու հյուրասենյակը, խոհանոցը:

Շենքի դիմացի մասում գտնվող կիսաքանդված, փայտե արտաքնոցը ծառայում է բոլորին: Աղբանոցը նույնպես շենքի դիմաց է, որի անմիջական հարևանությամբ խաղում են երեխաները:

«1992-ից սկսած, երբ ընտանիքների մեծ մասն արդեն հեռացել էր Չոռնի գաղութից, քաղաքապետարանը մի բան ձեռնարկեց, ինչն աշխատանքով ապահովեց բոլոր մնացած ընտանիքներին: Մենք ձուկ էինք ծխացնում հենց շենքի դիմաց գտնվող մեծ վառարանների մեջ: Դրա համար էլ տարիների ընթացքում շենքն այսպիսի տեսք ստացավ, պատերն ամբողջությամբ սևացան»,- պատմում է Վարդուշ Դուրյանը, որի ընտանիքն արդեն 20 տարի` ապրում է այս շենքում:

«Թեև աշխատանքը ծանր էր և ոչ հաճելի, բայց մենք լավ էինք զգում մեզ, քանի որ բոլորս աշխատում էինք և կարողանում էինք գոնե մեր կենցաղային մանր-մունր հարցերը հոգալ: Բայց այդ աշխատանքը տևեց մինչև 2000 թվականը: Մի օրում վերցրին ու վերացրին էդ ամենը: Եվ հենց 2000-ից սկսած բոլոր ընտանիքները հայտնվեցին այս վիճակում»,- շարունակում է կինը:

Վարդուշի, նրա հաշմանդամ ամուսնու ու երեք երեխաների բնակարանը քանդված պատերով մի սենյակ է, որտեղ կողք կողքի մի կերպ տեղադրված են մի քանի մահճակալ, սեղան և մեկ-երկու կոտրված աթոռ.

«Տղաս ծառայում է բանակում, մեծ աղջիկս արդեն 17 տարեկան է, փոքրը` 14: Ստիպված ենք նույն սենյակում ապրել չափահաս երեխաների հետ: Եթե մեզնից մեկը պիտի լողանա, մնացածներս ստիպված պիտի որոշ ժամանակ դրսում անցկացնենք»:

«Ամուսինս հաշմանդամ է` մի աչքը կուրացել է, իսկ մյուսով դժվարությամբ է տեսնում և չի կարողանում աշխատել: Հաճախ գնում-կանգնում է, տղամարդկանց հետ զրուցում, ու եթե բախտի բերմամբ մի գործ է պատահում, մի քանի կոպեկ է տուն բերում: Էդ օրը մեզ համար տոն է դառնում»,- շարունակում է Վարդուշը:

Փլուզման եզրին կանգնած և վաղուց վթարային համարվող այս շենքի պատերն օր օրի քանդվում են: Ամեն հարկում գրեթե մինչև գետնին կախված են բաց հոսանքալարերը, որոնց կողքով վազվզում են երեխաները և պահմտոցի խաղում:

Դուրյանների ընտանիքը շենքի մյուս բնակիչների նման բազմիցս դիմել է քաղաքապետարան բնակարանի և աշխատանքի խնդրանքով. «Ում ասես չենք դիմել: Անգամ մեր դիմումները նախագահին են հասել, դե, հիմա չգիտեմ` հասե՞լ էին, թե՞ չէ, բայց, դե, վստահ եմ, որ վերևներում հաստատ տեղյակ են մեր մասին: Բայց մինչև էսօր ոչ մի օգնություն չենք ստացել: Միակ օգնությունը քաղաքապետի կողմից տրամադրված մի քիչ վառելիքն է, որի համար շնորհակալ ենք նրան»:

Նրանց անպատասխան մնացած դիմումների թիվն անհնար է հաշվել:

Շենքը պատկանում է քաղաքապետարանին և գտնվում է վերջինիս պատասխանատվության տակ:

Չարենցավանի փոխքաղաքապետ Վարդգես Չիլինգարյանը «Մեդիալաբին» ասաց, որ շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելն անհնար է, քանի որ այն վթարայինից էլ վատ վիճակում է: Բնակիչներին օգնելու համար քաղաքապետարանն առաջարկել էր տեղափոխվել վարձով բնակարաններ.

«Ամսական վարձը պիտի տրամադրեր քաղաքապետարանը, սակայն բնակիչները մերժեցին այդ առաջարկը, քանի որ վախենում էին, որ այդ շենքից դուրս գալու դեպքում հետագայում կզրկվեն բնակարան ստանալու հնարավորությունից»,- հավելեց Չիլինգարյանը:

Նա վստահեցրեց, որ քաղաքապետարանը ոչ միայն պատրաստ էր տրամադրել բնակարանների 1 տարվա վարձավճարը, այլ նաև պարտավորագիր ստորագրել հետագա տարիներին նրանց բնակարանների վարձը հոգալու վերաբերյալ. «Այսօր քաղաքապետարանն ի վիճակի չէ այդ 10 ընտանիքներին ապահովել բնակարանով»:

Ռոման Հովհաննիսյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am