Սերժ Սարգսյան.«Մեր նպատակը եղել և մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից»

Սերժ Սարգսյան.«Մեր նպատակը եղել և մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից»
Սերժ Սարգսյան.«Մեր նպատակը եղել և մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից»

«Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն կարագացնի մեր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը», – հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից Նյու Յորքում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։

«Այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձեւակերպել բանակցությունների միջոցով», – նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։

«Արցախն արդեն 20 տարուց ավել վայելում է իր անկախությունը եւ չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի եւ ինչը վաստակել է իր որդիների արյամբ: Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որեւէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել», – ընդգծել է Հայաստանի նախագահը։

«Մեր նպատակը եղել եւ մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են», – հավաստիացրել է Սերժ Սարգսյանը։

«Եղել եւ մնում ենք համոզված. կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր եւ գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը, որն այսօր ունենք՝ իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու», – հայտարարել է Հայաստանի նախագահը։

© Medialab.am