Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը ընդունվեց․ Ձեռնպահ էր Լուսավոր Հայաստանը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը՝ կից փաթեթով։ Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 99 պատգամավոր, ձեռնպահ էր՝ միայն Լուսավոր Հայաստան խմբակցությունը։ Նրանց շարքերում մեկ պատգամավոր դեմ էր։

Հիշեցնենք՝ այս օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ մեծամասնությունը համարում է հեղափոխական օրակարգի կարևոր օրենսդրական փաթեթը, որով պայքարելու է կոռուպցիայի դեմ։

Նախագծերի փաթեթով կառավարությունն առաջարկում է ներդրնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Գույքը կբռնագանձվի, եթե դրա ձեռք բերումը չհիմնավորվի օրինական եկամուտներով։ Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ պատասխանողն էլ չի հերքում գույքի ապօրինի ծագման կանխավարկածը։ Ուսումնասիրության ենթակա գույքի արժեքը հայցի ներկայացման պահին պետք է գերազանցի 25 մլն դրամը: