ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը մոտեցել է այն կետին, երբ Ռուսաստանը կարող է վերանայել հարաբերությունները Երևանի հետ։
Կալուգինի խոսքով՝ Մոսկվան բազմիցս նման ազդակներ է փոխանցել Հայաստանի ղեկավարությանը՝ նշելով, որ Երևանի եվրոպական ինտեգրման գործընթացը կարող է ազդել երկկողմ հարաբերությունների վրա։
Ռուսաստանցի դիվանագետը նաև պնդել է, թե Եվրամիությունը Հայաստանին չի առաջարկում անվտանգության և տնտեսական կայունության իրական այլընտրանքներ, իսկ Բրյուսելի հիմնական նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակադրությունն է։
Նա հայտարարել է նաև, որ ԵՄ-ն փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանում՝ այդ թվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։
Կալուգինը անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցին՝ դժգոհություն հայտնելով նրա հակառուսական հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի արձագանքի բացակայությունից։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովները ևս ուղղված են «եվրոպական միրաժ» ձևավորելուն։



















