Աշխատանքային օրվա կեսն էր, երբ արդեն ուժասպառ ու հոգնած՝ հասա մի մարդու տուն, որը վաճառել է ԱՄՆ-ում իր ունեցած-չունեցածն ու կնոջ հետ տեղափոխվել Հայաստան: Երևանի կենտրոնի բարձրահարկ շենքերից մեկում գտնվող բնակարան մտնելիս առաջին բանը, որ գրավեց ուշադրությունս, կոկիկությունն ու լուսավորությունն էր: Տան ամեն անկյունում դրված յուրաքանչյուր առարկա իր տեղն ուներ, ոչինչ հենց այնպես, անփույթ շպրտված չէր: Հավանաբար հիացած հայացքս տեսնելով՝ Թոմը շտապեց համեստորեն բացատրել, որ այս ամենն իր շնորհքը չէ, ու հպարտորեն գովաբանեց կնոջը, որը գտնվում էր Փարիզում:
– Իր վաղեմի երազանքն էր Փարիզ գնալը: Մի քիչ դժվարանում եմ մենակ, բայց գիտեմ, որ հիմա իրեն լավ է զգում ու մի քանի օրից կվերադառնա:
Հյուրասենյակից տեղափոխվելով տան բույսերով լիքը մի սենյակ՝ նստեցինք սուրճ խմելու: Սեղանին դրված թխվածքաբլիթներն ինձ ծանոթ թվացին.
– Վա՜յ, Ջեյքոբի տանն եմ փորձել,- մեր ընդհանուր ընկերոջը մտաբերելով՝ ակամա հիշեցի այդ անուշ բույրն ու համը:
– Հիմա սա էլ փորձիր, սա մի փոքր այլ տեխնոլոգիայով ու մթերքներով եմ պատրաստում: Ինձ cookie man` «թխվածքաբլիթի մարդ» են ասում ԱՄՆ-ում, այնտեղ հայտնի ցանց ունեի:
Թոմ Ֆիջերալդն ամերիկացի ռազմական վետարան է, որն իր կյանքի մի փուլում որոշեց գալ ու ապրել Հայաստանում: 2020 թվականին երեք շաբաթով Հայաստան եկած զույգը մնաց այստեղ ավելի պակաս ժամանակ, սակայն դա բավարար էր հասկանալու համար, որ ուզում են այստեղ ապրել ու պատրաստ են ամեն բան վաճառելու ԱՄՆ-ում, թողնելու երեխաներին, թոռներին, իրենց սովորույթներն ու կյանքը՝ գալով մի վայր, որի մասին ոչինչ չգիտեին: Ընկերներն անգամ դրամահավաք կազմակերպեցին՝ նրանց Հայաստան տեղափոխվելը դյուրին դարձնելու համար:
– 2020 թվականին մոտ յոթ անգամ տոմս եմ գնել Հայաստան տեղափոխվելու համար, սակայն քովիդի պատճառով անդադար հետաձգվում էր ամեն բան: 2020-ի օգոստոսի վերջին մենք եկանք Երևան, ու սեպտեմբերին սկսվեց պատերազմը:
Ռազմական վետերանը, որ ավելի քան որևէ մեկը գիտակցում էր պատերազմի հետևանքը, որոշեց օգնել մարդկանց, որոնք կարիք ունեին խոսելու և գոտեպնդվելու: Նրանց մեջ կային զինվորներ, որոնք գտնվում էին բավական բարդ հոգեբանական վիճակում:
– Մեր Բուզանդի տունը հավաքատեղի էր դարձել, որտեղ գալիս էին տարբեր մարդիկ, որոնք ուզում էին լսելի դառնալ: Ես ու կինս հաճույքով էինք հյուրընկալում բոլորին՝ փորձելով գոնե այդկերպ օգտակար լինել հայաստանցիներին: Բայց այդ զրույցներից հետո և՛ մենք էինք ամրանում, և՛ իրենք:
Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, եկվորների հոսքին զուգահեռ՝ Հայաստանում բնակարանների գներն սկսեցին կտրուկ աճել: Թոմն ու կինը որոշեցին տուն գնել Հայաստանում՝ վարձակալելու փոխարեն: Հինգ երեխաներն ու թոռները համոզվեցին, որ նրանք այլևս հետ չեն գնալու.
– Երեխաներս մեծ են, նրանք իրենց կյանքն ունեն: ԱՄՆ-ում Հայաստանի պես չէ, որ անդադար տեսնես, թե ինչպես են թոռները, իրար փոխարինելով, գնում տատիկ-պապիկների տուն: Այնտեղ ամեն մեկն իր կյանքն ունի, բայց, այո՛, երեխաներիս համար հեշտ չէր ընդունել մեր որոշումը:
Հայաստան գալուց առաջ աղջիկը խորհուրդ տվեց գոնե յութուբում տեսանյութեր նայել՝ հասկանալու համար, թե ո՛ւր են գնում: Թոմն իմացավ, որ Հայաստանը քրիոստոնեություն ընդունած առաջին երկիրն է, ինչն իսկական բացահայտում եղավ նրա համար և համոզիչ փաստարկ այստեղ հաստատվելու համար:
Թոմի պատմության ամենահետաքրքրական մասն այն է, որ այս տարի առաջին անգամ նա, տղայի հետ, որն արդեն երկու անգամ եղել է Հայաստանում, կազմակերպում է հեծանվարշավ: Սա բացառիկ է նրանով, որ Թոմն ինքն է քարտեզագրում այն տարածքները, որոնք պիտի անցնեն օտարերկրացիները, ու մեր հանդիպման օրն էլ հատուկ եկել էր Երևան, հետո հետ էր դառնալու, որպեսզի ուսումնասիրեր այն տարածքները, որոնցով անցնելու են հեծանվորդները:
– Այս հեծանիվներն ասես տներ լինեն, որովհետև ամեն բան պիտի տեղավորես այնտեղ, քանի որ երկար արշավ ես գնում՝ հազարավոր կիլոմետրեր: Անհրաժեշտ է ունենալ պատրաստվածություն, մի քանի կարճ արշավի մասնակցած լինել, որովհետև ամռան ընթացքում շոգ արևի տակ այդքան հեծանվավարելը խաղ ու պար չէ:
Սթիվը՝ որդին, այնպիսի տարածքներ է կտրել-անցել, որ նրան դժվար է զարմացնել, բայց նա վստահ էր, որ տղան սիրահարվելու է Հայաստանին: Իսկ նա եկավ միայնակ, տասը օր շարունակ հեծանիվով բացահայտեց Վայոց ձորը, Սևան, Արագած, Արփի լիճ, Գյումրի, Լոռի, Տավուշն ու իսկապես սիրեց այս երկիրը: Թոմը նրանց ուղեկցում էր իր մեքենայով, բայց այս անգամ որոշել է հեծանիվով միանալ օտարերկրացիներին, որոնք արդեն գրանցվում են արշավին մասնակցելու համար:
– Աշխարհի տարբեր երկրներից երեսուն հոգի են գրանցվել հեծանվարշավին մասնակցելու, բայց ակնկալում ենք ևս քսանի մասնակցություն: Սթիվը Հայաստանում կլինի հունիսի կեսերին, հետո արդեն կհյուրընկալենք մյուս հեծանվորդ/բացահայտողներին:
Թոմը կնոջ հետ արդեն հասցրել է ճամփորդել Հայաստանով՝ որոշ ժամանակ մնալով նաև Սյունիքում: Նա կաթոլիկ դպրոցում է սովորել, ու կրոնն իր գաղափարախոսությամբ կարևոր տեղ է զբաղեցնում իր կյանքում.
– Հայաստանի եկեղեցիները, այդ ճարտարապետական և գաղափարական կառույցների նշանակությունը ուսումնասիրելն ուղղակի ֆանտաստիկ է: Դու կարծում ես՝ Հայաստանը փո՞քր է, չէ՛, այն անվերջ բացահայտումների երկիր է՝ տեղ-տեղ թաքնված, գողտրիկ մատուռներով, մեկ այլ տեղ՝ բնության ստեղծած հրաշքներով: Հայաստանը մեծ է ու մեծ սիրտ ունի:
Թոմն ասում է, որ ուր էլ գնում է, արդեն կարոտում է Հայաստանն ու օր առաջ ցանկանում վերադառնալ տուն՝ բառի բոլոր իմաստներով: Այս կարճ ժամանակահատվածում Թոմը հասցրել է մի քանի հայերեն բառեր յուրացնել, բայց հայերեն տառերն իսկական մղձավանջ են դարձել, թեև ասում է, որ մի օր պետք է սովորի, պարզապես այս շրջանում շատ զբաղված էր, ու եթե ես չհամառեի, հավանաբար կլիներ Լոռու կողմերում՝ քարտեզագրելիս:
– Երբ նոր էի եկել Հայաստան, «բարև ձեզ»-ին ասում էի՝ «բարև դզեզ»: Հիմա եմ հասկանում, թե ինչ ծիծաղելի էի հնչում այդ պահին: Հայերենը մարտահրավեր է, բայց այն գեղեցիկ է, ինչպես Հայաստանի մարդիկ:
Երեխաներին միշտ ասում է, որ Հայաստանը հյուրասիրության օրրան է՝ այստեղ հյուրասիրությունը երբեմն չափ ու սահման չի ճանաչում: Իսկ մարզերում դա մի ուրիշ գույն ունի՝ լիքը լցված սեղաններին մի այլ հմայք են հաղորդում մարդկանց լիքը սրտերը, որ տեղ կգտնեն բոլորի համար:
– Սյունիքում առիթ եմ ունեցել ռազմական գործիչների հետ սեղան նստելու, լսել եմ հայերեն մարտական երգեր: Ես այնքան լավ եմ հասկանում, թե ինչ է նշանակում՝ կյանք վերադառնալ մահից, ես լավ գիտեմ, որ պատերազմը դաժան է, բայց ես վստահ եմ՝ հայերը կոտրվող ու հանձնվող չեն: Եթե դուք Սյունիքում երբևէ եղել եք, հաստատ գիտեք, որ նրանք իրենց ժայռերի պես ամուր են: Այս ժողովրդին անհնար է հուսահատեցնել, երբե՛ք:
Թոմի հետ երկար կզրուցեի, բայց հասկացա, որ նա կարևոր գործ ունի անելու մեր երկրում, ու շտապեցի հեռանալ:
Արդեն հեռանում էի, երբ Թոմն ասաց՝ սպասի՜ր, ու ինձ բարեկամաբար հանձնեց մի տոպրակ.
– Սա էլ հետդ տուն կտանես:
Ճանապարհին քիթս խուտուտ տվող բույրը ստիպեց բացել այն՝ ներսում թխվածքաբլիթներ էին, որոնք ակնարկում էին ևս մեկ անգամ, որ մարդուն սիրելու և ընդունելու համար ազգությունը կարևոր չէ:
Հ.Գ. Ի դեպ, ես չնշեցի, որ Թոմը 71 տարեկան է ու մասնակցելու է Հայաստանի հեծանվարշավին, որը տևելու է յոթ օր:
Կուշանե Չոբանյան
Լուսանկարներն՝ անձնական արխիվից
MediaLab.am