Մեր կողքին ապրող մարդիկ. Ջեյկոբը

Ջեյկոբ Փըրսլին

2020 թվականի նոյեմբերի 3-ին ակնհայտորեն ոչ հայկական արտաքինով, բարձրահասակ, ժպիտը դեմքին մի տղամարդ մտավ անշարժ գույքի գործակալություն և ասաց.

– Ես ուզում եմ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տուն գնել:

– Դուք ինչ է, գործակա՞լ եք,- հոնքերից մեկը վերև բարձրացնելով ու խիստ մտահոգ նրան նայեց աշխատակիցը: 

– Ոչ, ես Ջեյկոբ Փըրսլին եմ: 

– Ուրեմն, դուք ցնդել եք: Ո՛վ է պատերազմի ժամանակ տուն գնում, այն էլ՝ Սյունիքում:

Քրիստոնեության և իսլամի պատմության մասնագետ Ջեյկոբ Փըրսլին արդեն մոտ վեց տարի ապրում է Երևանում կնոջ և երկու երեխաների հետ: Երբ առաջին անգամ հանդիպեցի նրան մոտ չորս տարի առաջ, Երևանում վարձով էր ապրում ու երազում Հայաստանում տուն ունենալու մասին: Ոչինչ չի փոխվել, բացառությամբ այն բանի, որ Հակոբն արդեն Սյունիքի մարզում երկու տուն ունի՝ Ագարակում ու հարևան Կարճևանում, որի մասին ես իմացա նրանից, հետո՝ Գուգլից: 

– Այսպես որ շարունակվի, բոլոր գյուղերում տուն ես ունենալու,- կատակում եմ ես: 

– Իրականում արդեն մի գյուղում էլ եմ տուն տեսել, պիտի գնեմ, այնպես որ, բավական է չարախնդաս: 

Փըրսլին մոտ 15 տարի ապրել է Ստամբուլում: Հետագայում այնքան է տարվել հայկական եկեղեցիների հմայքով, որ սկսել է շրջել Արևմտյան Հայաստանով ու միայն երկար ժամանակ անց իմացել, որ իրականում դա պատմական Հայաստանի տարածքն է: Հետո մտածել է, որ գուցե լավագույն որոշումը կլինի գնալ առաջին քրիստոնյա երկիր ու ծանոթանալ այդ ժողովրդի հետ: 

Կինը՝ Լիզան, Ստամբուլը շատ էր սիրում, դժվար որոշում էր իր համար հատկապես այն պարագայում, երբ Հակոբը նախքան Հայաստան տեղափոխվելը արդեն չորս անգամ եղել էր այստեղ, իսկ նա՝ ոչ: Իրերը ավտոբուսով ուղարկեցին Երևան, հետո երեխաների հետ իրենք եկան:

– Լիզան սիրահարվեց այս երկրին, նա պաշտում է Երևանը, որի մեջ այնքան նյարդ ու կրակ կա, այնքան սեր ու գուրգուրանք: 

Փըրսլիների սեփական տունը միայն արտաքին տեսքից է հայկական: Ներսում՝ ամերիկյան մշակույթ ու կենցաղ, բայց խոսքը միայն ձևավորման մասին է:

Ամեն օր այս տանը Փըրսլիների երկու երեխաները հայերեն երգում են ու արտասանում, պարում հայկական պարեր: Որոշ ժամանակ առաջ երեխաները միմյանց հետ հայերեն էին խոսում, երբ չէին ուզում, որ ծնողներն իրենց հասկանային: Սա մինչև այն պահը, երբ հայտնաբերեցին, որ հայրը սկսել է բավական լավ տիրապետել հայերենին:

– Հիմա էլ ռուսերենն է մեջ ընկել, երեխաներս լավ են խոսում ու մի օր հաստատ այդ լեզվով են գաղտնիքներ փսփսալու: 

Երեխաների ննջասենյակում փակցված են տարբեր լուսանկարներ՝ Հակոբի ծնողները, իրենք երեխաների հետ, իրենց ընտանեկան պատմությունները, տարբեր երկրների դրոշներ: Այս ողջ ամերիկյան պատի մեջ առանձնանում է մի հայերեն քառատող՝ 

Սիրուն քույր իմ անուշիկ….

Հակոբի որդին է քրոջը նվիրել: 

– Դու հասկանում ես, չէ՞: Նա քրոջը քառատող է նվիրել այն լեզվով, որով մտածում է: Իրականում երեխաներս ավելի լավ հայերեն են խոսում, քան՝ անգլերեն: Դե, աղջիկս մեկ տարեկան էր, տղաս՝ երեք, երբ եկանք Հայաստան: Լիզան անգլերենի ուսուցչուհի է երևանյան դպրոցներից մեկում, նա իր անգլերենով էլ է հանգիստ լեզու գտնում տեղացիների հետ: 

Մինչև կհասնենք հյուրասենյակ, պատին ձեռագործ աշխատանք եմ տեսնում՝ իրենց ընտանիքը, որ «ձեռագործվել» է մի հայ աղջկա ձեռքով ու շատ սիրելի դարձել իրենց համար: Տաք ամերիկանոն ու Պարսկաստանից բերված համեղ նուգաները, տոնածառը, որն արդեն պատրաստ կանգնած սպասում է Սուրբ Ծննդյան տոնին՝ ամեն բան տրամադրում են նույնքան տաք զրույցի: 

– Այդ ի՞նչ գտար Ագարակում, որ չգտար այստեղ: 

– Ես մեծացել եմ Արքանզաս նահանգի մի փոքրիկ գյուղական համայնքում. Ագարակը ճիշտ և ճիշտ դրա նման է: Լեռների մեջ նստած է, թվում է, թե աշխարհին անհաղորդ, բայց ամբողջ աշխարհը կարող ես գտնել այնտեղ: 

Պատերազմի ժամանակ տուն գնելու գաղափարին Լիզան կողմ չէր, հայ ընկերները ևս հորդորում էին սպասել, բայց Հակոբը գնեց առանց վարանելու, առանց մտածելու, թե հետո ինչ կլինի: Ագարակում նորեկ ամերկացուն կասկածանքով էին նայում, իսկ հիմա հարևանները Պարսկաստան առևտրի գնալիս անպայման գալիս են, հարցնում Հակոբին՝ բան պե՞տք է, թե՞ ոչ: 

– Ես Ագարակում ընկերներիս խորհրդով էի, որպես զբոսաշրջիկ: Ինձ թվում է՝ այնտեղ գտա իմ մանկությունը ու սրտանց ուզեցի, որ երեխաներս էլ ապրեն այդ ջերմությունը սառը լեռների մեջ: Հարցնում ես՝ դժվա՞ր որոշում էր: Ագարակում տուն գնելը ամենաճիշտ որոշումն էր, ոչ մի որոշում այդքան թեթևությամբ ու հաստատակամությամբ չեմ կայացրել: 

Արդեն մոտ երկու տարի է՝ Հակոբը Ամերիկայից ու Եվրոպայից տուրիստական խմբեր է բերում Հայաստան: Բայց այս խմբերը տարբերվում են մեր երկիր եկող մյուս զբոսաշրջիկներից՝ մի բառ, որ Հակոբը ամենից դժվարն է արտաբերում: Երբ խումբը գալիս է, շրջում մեր երկրում ու հանգստանում, պետք է վերջին երկու օրը կամավորություն անի. վերանորոգել որևէ տարածք, աղբահանել, տեխնիկա բերել ու նվիրել տեղացիներին և այլն: Սա կոչվում է «կամավորական տուրիզմ», որը վստահ չեմ, թե մեր երկրում էլի որևէ մեկն անում է: Հիմա արդեն Կարճևանում հյուրատուն են սարքում, որն այս տարի արդեն կշահագործվի, ու հնարավոր կլինի լիքը զբոսաշրջիկների հյուրընկալել Սյունիքում: 

– Մենք նաև լեզվի ուսուցման կենտրոն ենք բացել Ագարակում, հրաշալի համագործակցում ենք տեղի կառույցների հետ, բոլորը պատրաստակամ են օգնելու ինչով կարող են: Դեռ ուսուցանում ենք միայն անգլերեն ու պարսկերեն, բայց հետագայում էլի լեզուներ կլինեն: 

Ագարակի իր տան տարածքում բանան, կիվի, արքայանարինջ, թուզ ու նուշ է աճեցնում: Այնտեղի այգին խնամում է անդադար՝ չնայած ստիպված է Երևան-Սյունիք ճանապարհներին անցկացնել ամսվա մեծ մասը: Ամռանն ավելի հեշտ է, երեխաների հետ գնում է, ու երկար ժամանակ մնում են իրենց սիրելի քաղաքում, որտեղ մտահոգվելու կարիք չկա, թե ուր են տղան ու աղջիկը, որովհետև աշխարհի ամենաանվտանգ ու ապահով տեղն է Ագարակը: Հակոբի երևանյան այգին, սակայն, անմխիթար տեսք ունի, չի հասցնում մշակել: Այն վերածվել է իրենց երեք կատուների նստավայրի, այստեղ իրենք են որոշում կայացնում: 

Հայաստանում ապրող օտարազգիներն առհասարակ բավական զգույշ են որևէ վատ բան մատնանշելիս, բայց ես պնդեցի, որ Հակոբը պատմի ոչ թե թերությունների մասին, այլ նշի, թե ինչը կուզենար մի քիչ փոխել: 

– Մուննաթը,- ասում է ու ծիծաղում,- երբեմն մարդիկ այնքան կոպիտ կարող են արձագանքել: Ենթադրենք՝ մտնում ես խանութ, նայում ես՝ գեղեցկադեմ արտաքինով աղջիկ կամ տղա է, երկրորդ հարցը արդեն պիտի երկար մտածես՝ տալ, թե ոչ, որովհետև այնքան էլ հակված չէ պատասխանելու: Բայց կարծում եմ՝ դա բնորոշ չէ հայերին, դա բնորոշ է խորհրդային հասարակարգին, որ նախորդ դարում իբր թե գնաց, բայց մեզ մնաց որպես ժառանգություն: 

Հակոբին մնա՝ կտեղափոխվի Ագարակ ապրելու, բայց Լիզան Երևանի նկատմամբ անթաքույց ու անմնացորդ սեր ունի. Հակոբը չի ուզում այդ սիրուն խանգարել: Հայաստանը փոքր է, բայց անծայրածիր. այնքան բան կա բացահայտելու, այնքան բան կա, որով կարելի է հպարտանալ: Մի քիչ սեր այս երկրի նկատմամբ, մի քիչ հոգատարություն, ու ամեն բան տեղը կընկնի, էլ ոչ ոք չի զարմանա, թե ինչու ես տուն գնում: 

Հեռանալիս Հակոբն ինձ ասում է. 

– Արդեն որերորդ անգամ ես մեր տանը, բայց կա մի բան, որ քեզ չեմ պատմել: Իմ երկու երեխաներն էլ որդեգրված են: 

«1989 թվականին հայրս՝ Դոու Փըրսլին, որ շատ հայտնի հոգեբան է ԱՄՆ-ում, նկատում է, որ իր մոտ եկող կանանց մեծ մասը ցանկանում է երեխայից ազատվել, ու շատ մեղավոր է զգում իրեն դրա համար: Ամեն բան գլխիվայր շուռ է գալիս այն ժամանակ, երբ հորս պացիենտներից մեկը ինքնասպան է լինում՝ չհասնելով աբորտի: 

Հայրս որոշում է օգնել կանանց, որոնք որևէ ելք չեն տեսնում նման պարագայում, և գտնում է ընտանիքների, որոնք չեն կարողանում երեխա ունենալ, առաջարկում է հոգ տանել այդ կանանց մասին, հետո՝ որդեգրել երեխաներին: 

Կարճ ժամանակ անց նա պարզում է, որ մեր նահանգում կա մի հայտնի կլինիկա, որտեղ կանայք գնում են աբորտ անելու: Նա սկսում է համոզել կանանց ծննդաբերել, հետո տալ երեխաներին որդեգրության: Շուտով կլինիկան, որ համագործակցում էր քաղաքային իշխանությունների հետ, հասնում է նրան, որ հորս ձերբակալում են, բայց նա չի հանձնվում ու դատի է տալիս քաղաքային իշխանությանը, հաղթում է ու այդ գումարով հիմնում Loving Choices կենտրոնը, որ ցայսօր գործում է: 

Այդ ժամանակ ես շատ փոքր էի, թեև հիշում եմ՝ ինչպես էինք մորս հետ գնում բանտ հորս տեսակցության: Հայրս հետագայում թողեց իր հիմնած կառույցն ու սկսեց գրքեր գրել, հոգեբանական ծառայություններ մատուցել և այլն: 

30 տարի անց, երբ մենք պատրաստվում էինք որդեգրել մեր առաջնեկին, ես նրա մորը հարցրի, թե ինչպես է որոշել երեխային որդեգրության տալ, ոչ թե ազատվել նրանից: Նա ասաց՝ ինձ մի կազմակերպությունից համոզեցին… Ոչինչ երբեք պատահական չի լինում»: 

Երբ Հակոբին ասացի՝ խնդրում եմ, կարո՞ղ ես երեխաներից այս պատմության հրապարակման համար թույլտվություն ստանալ, քանի որ նրանք դպրոց են հաճախում, գուցե չցանկանան, որ դասընկերներն իմանան: Նույն օրը երեկոյան նամակ ստացա. 

– Գիտե՞ս՝ տղաս ինչ ասաց. հայրի՛կ, ինչո՞ւ պետք է ես վատ զգամ դրա համար, դու լավ բան ես արել, դրա համար պետք է հպարտանալ: 

Երբ Փըրսլիի հայրը 30 տարի առաջ որոշել է դեմ գնալ բոլորին, անգամ պատրաստ է եղել բանտում անցկացնել հանուն գաղափարի, հավանաբար այդ ժամանակ էլ նրան շատ մարդիկ ասել են՝ ցնդե՞լ եք, ինչպես Հակոբին են ասել պատերազմի ժամանակ օտար երկրում տուն գնելու համար:

Հավանաբար նրանք չգիտեն, որ այս երկու մարդկանց միավորում է մեկ պարզ գաղափար՝ բոլոր մեծ փոփոխությունները սկսվում են անհատներից:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am