Գերմանիայում 2026 թվականին բարձր ջերմաստիճանների հետևանքով արդեն շուրջ 10 հազար մարդ է մահացել։ Այս մասին վկայում են Գերմանիայի առողջապահության նախարարության կազմում գործող Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) շաբաթական հաշվետվության տվյալները։
Ինստիտուտի տվյալներով՝ հուլիսի 19-ի դրությամբ շոգի հետևանքով մահացությունների թիվը հասել է 9,8 հազարի։ Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան 2016 թվականից ի վեր ցանկացած ամբողջական տարվա ընթացքում գրանցված մահերի թիվը։
RKI-ում նշել են, որ վերջին տասնամյակում շոգից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2018 թվականին, երբ ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել էր շուրջ 9 հազար մահ։
2026 թվականին մահացությունների մեծ մասը՝ ավելի քան 5 հազարը, բաժին է ընկել հունիսի երկրորդ կեսին, երբ Գերմանիայի բազմաթիվ շրջաններում օդի ջերմաստիճանը մոտեցել է +40°C-ի։
Ինստիտուտի տվյալներով՝ ապրիլի սկզբից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում շոգի հետևանքով մահացել էր շուրջ 7,9 հազար մարդ, իսկ հուլիսի 13-19-ն ընկած հաշվետու շաբաթվա ընթացքում այդ թիվն աճել է ևս 1,9 հազարով։
Սաստիկ շոգը հատկապես վտանգավոր է տարեցների համար։ Մահացածների ընդհանուր թվից 5 420-ը եղել են 85 և բարձր տարիքի անձինք։ 75-84 տարեկանների շրջանում գրանցվել է 2 460 մահ, 65-74 տարեկանների շրջանում՝ 1 260, իսկ մինչև 65 տարեկանների շրջանում՝ 630 մահվան դեպք։
RKI-ի տվյալներով՝ որոշ դեպքերում մահվան անմիջական պատճառը ջերմահարությունն է, սակայն առավել հաճախ մահը պայմանավորված է լինում բարձր ջերմաստիճանի և առկա քրոնիկ հիվանդությունների համակցված ազդեցությամբ։



















