Այվազյանի խոսքը բավարար է, որ ընդդիմությունը ամեն գնով իշխանությունից բացատրություն պահանջի. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

-Պարո՛ն Բաղդասարյան, Արտաքին գործերի արդեն նախկին նախարար Արա Այվազյանը այսօր հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ աշխատակազմի հետ և ասել, որ ԱԳՆ-ն պետք է անշեղորեն պաշտպանի երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական, ազգային շահերը: Նրա հրաժեշտի տեքստում ակնարկ կար, որ այս սկզբունքները չեն պահպանվում: Ըստ Ձեզ, նրա խոսքը նախազգուշացում կարո՞ղ է համարվել:

-Այո՛, դա ավելի շատ նախազգուշացում էր, որ նախապատրաստվում է ինչ-որ փաստաթուղթ, որը մեր պետական շահերից չի բխում, և նա բաց տեքստով հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել դրան:

-Ըստ էության, կրկին ականատես ենք հակասությունների, երբ իշխանության ղեկավարը մի բան է ասում, իսկ նախարարները՝ լրիվ այլ բան:

– Ոչ թե իշխանությունը մի բան է ասում, նախարարությունը՝ հերքում, այլ իշխանությունն է հակասական բաներ ասում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հարյուրտոկոսանոց մեր շահերից բխող փաստաթղթի մասին, հաջորդ օրն էլ ասաց, որ դա փոխշահավետ, փոխզիջումային տարբերակ է:

Նման կարգի բաները շարունակվելու են, որովհետև օրվա իշխանության վրա ակնհայտ արտաքին ճնշումներ կան, մյուս կողմից էլ՝ նախընտրական շրջան է, իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանա բացահայտել այն, ինչ պատրաստվում են ստորագրել:

Օրինակ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» առումով առաջընթաց կա, մեր կողմից դեռևս որևէ մեկնաբանություն չկա, և չեմ էլ կարծում, թե ճշմարտությունը կհնչի, որովհետև նախընտրական շրջան է:

-Պարո՛ն Բաղդասարյան, հնարավո՞ր է, որ, այսպես ասած, կուլիսներում ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեն, գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերվեն,ու այդ մասին մարդիկ իմանան արտահերթ ընտրություններից հետո միայն:

Քիչ հավանական եմ համարում, որովհետև եթե դա ստորագրվի, մենք դա կիմանանք անմիջապես հետո: Վտանգն այն է, որ մենք կարող ենք նախապես չիմանալ և կանգնել արդեն կատարված փաստի առաջ, ինչպես եղավ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հունվարի եռակողմ համաձայնագրի դեպքում:

Այո՛, վտանգ կա, որ մի օր կարող ենք արթնանալ ու տեսնել, որ իշխանություններն արդեն ստորագրել են ինչ-որ բան, և մենք այդ մասին իմանում ենք դրսի մամուլից:

 –Արտաքին ճնշումների մասին խոսեցիք, այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնում, գուցե ոչ թե ճնշումներ կան դրսից, այլ ինչ-որ խոստումնե՞ր, օրինակ՝ իշխանության վերարտադրություն:

-Դրսից չեն կարող Նիկոլ Փաշինյանին նման բան խոստանալ, ուղղակի ճնշումները ոչ թե Նիկոլ Փաշինյանի վրա են, այլ՝ Հայաստանի: Իսկ Նիկոլ Փաշինյանը չի համարում, որ դա ճնշում է, ըստ նրա՝դա նորմալ է, և հրաժարական տալու անհրաժեշտություն չի տեսնում, այսինքն՝ իր կարծիքով, այնպես չէ, որ հրաժարական տալով ինչ-որ բան կփոխի:

Նա կարծում է, որ գործի մեծ մասն արել է,և, ինչպեսինքը վերջերս ասաց, չի սիրում ոչ մի գործ կիսատ թողել, պետք է մինչև վերջ անի:

-Պարո՛ն Բաղդասարյան, ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ Արա Այվազյանը ավելի հստակ ու կոնկրետ ասեր, թե ինչի մասին է խոսքը:

-Չեմ կարծում, որովհետև արտաքին քաղաքականությունը փակ ոլորտ է,և այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, հաշվի առնելով պետական շահերը և այլ հանգամանքներ, անձամբ ոչինչ չեն ասում: Այս դեպքում էլ, եթե նա բաց տեքստով քաղաքական հայտարարություն աներ, կարող էր ավելի շատ վնաս տալ պետական շահերին, քան օգուտ:

Ինչքան ինքը բացեց փակագծերը, կարծում եմ, այդքանն էլ բավարար է, որովհետև ճշմարտությունը բացահայտելու բազմաթիվ այլ ձևեր կան,և պարտադիր չէ, որ դա արվի նախարարի շուրթերով:

-Եթե բավարար է՝ ո՞վ և ի՞նչ պետք է անի:

-Քաղաքական ուժերը պետք է պաշտոնապես իշխանություններից պահանջեն ներկայացնել ճշմարտությունը՝ հենվելով նախկին արտգործնախարարի այդ ասածների վրա, այսինքն՝ պետք է բացատրություն պահանջեն իշխանություններից:

-Վստահություն ունե՞ք, որ իշխանությունը կանսա այդ պահանջներին ու կասի իսկապես ճշմարտությունը:

-Բնականաբար վստահություն չունեմ, ավելին՝ իշխանություններն ամեն կերպ փորձելու են մինչև ընտրությունները դա գաղտնի պահել, այնքան ժամանակ, որքան հնարավոր է:

Բայց վստահ եմ, որ ընդդիմությունը բավարար այլ աղբյուրներ ունի ճշմարտությունը ներկայացնելու համար, ինչպես բազմիցս տեսել ենք՝ փաստաթղթերից հատվածներ են ներկայացրել և այլն, առավելևս, որ սա միայն ներհայկական խնդիր չէ, իրենք կարող են այլ աղբյուրներից էլ ինֆորմացիա ստանալ:

Քրիստինե Աղաբեկյան

Medialab