«Նախորդ տարվա համեմատ պետական բյուջե վճարված հարկերը 26%-ով կամ 67 մլրդ դրամով աճել են»․ Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«1000 հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2022թ. առաջին եռամսյակի արդյունքներով որոշակի ծավալային և կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Կից որոշ դիտարկումներ

📌վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է ավելի քան 327 մլրդ դրամ, ինչը 26%-ով կամ 67 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2020թ․ մակարդակը գերազանցում է 52 մլրդ դրամով

📌100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել է շուրջ 200 մլրդ դրամի հարկ, որը 48 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից,

📌1000 հարկատուների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի աճ է գրանցվել: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը կազմել է 182 անգամ, նախորդ տարվա 154 անգամի համեմատությամբ: Ամենախոշոր և ամենափոքր 100 ընկերությունների պարագայում նույն հարաբերակցությունը կազմել է 36, ինչը ևս բարձր է նախորդ տարիների մակարդակից,

📌Առկա է տարածքային խիստ անհավասարաչափ բաշխվածություն: 1000 խոշոր հարկատուների ցանկի սուբյեկտների 82%-ը գրանցված է Երևանում: Նրանց բաժին է ընկնում հարկային մուտքերի 75%-ը, շահութահարկի 54%-ը, եկամտային հարկի 89%-ը, ԱԱՀ 83%-ը, ակցիզային հարկի 77%-ը։

📌Պղնձի գների աճով պայմանավորված 1000 հարկատուների ցանկի առաջին հորիզոնականում Զանգեզուրի ՊՄԿ-ն է՝ 35․4 մլրդ դրամ վճարած հարկերի ընդհանուր մեծությամբ։ ԶՊՄԿ-ին բաժին է ընկնում 1000 հարկատուների ցանկում ներառված բոլոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 10․8%-ը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերության մասնաբաժինը ընդամենը 3․8% էր, իսկ 2020-ին՝ 1․9%։

📌Առաջին 10 հարկատուների մասնաբաժինը մոտ 30% է, ինչը ևս բարձր է նախորդ տարիների համեմատությամբ։ Իսկ խոշորագույն 100-ին բաժին է ընկնում ցանկի բոլոր հարկատուների կատարած հարկային վճարումների ընդհանուր մեծության 61%-ը, մինչդեռ օրինակ վերջին 100-յակի մասնաբաժինն ընդհանուրում միայն 1․7% է։

📌 ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 1000 հարկատուների ցանկում ներառված սուբյեկտների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի կառուցվածքում նվազել է և կազմել է 33․1% (2021-ին`36․0%, 2020թ-ին`38%)»։