ԼՂ հակամարտությունը լուծված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում․ ֆրանսիացի պատգամավորի արձագանքը Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին թույլ չեն տալու զբաղվել Արցախյան հակամարտության լուծմամբ, կոշտ արձագանքել է Եվրախորհրդարանում Ֆրանսիայի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։

Նա, մասնավորապես, թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաևի գրառմանը, որը ներկայացրել է Մինսկի խմբի վերաբերյալ Ալիևի խոսքերը։

«Պարո՛ն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին այն երկիրը հարգելն է, որտեղ պատիվ ունեն ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, իսկ Դուք անում ենք ամեն ինչ՝ խանգարելու նրա աշխատանքին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Երեկ Հայաստանում 3 զինվոր է զոհվել»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։

Թվիթերյան մեկ այլ գրառմամբ էլ Լուազոն նշել է, որ Ադրբեջանի նախագահը մեծ սխալ է գործում, եթե մտածում է, որ «ֆրանսիացիները կհրաժարվեն համերաշխություն հայտնել հայ ժողովրդին»։

Աղբյուր՝ Factor.am