Ղրիմում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հայտարարել են բնակչության մի մասի տարհանման մասին

Ղրիմի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակիչների մի մասը տարհանվելու է զինամթերքի պահեստում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Որոշում է կայացվել արտակարգ իրավիճակների վայրից 5 կիլոմետր շառավղով բնակչությանը տարհանել ժամանակավոր տեղավորման կենտրոններ»,- ասել է Ակսյոնովը։

Ղրիմում ենթակառուցվածքային օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին հայտնի է դարձել հուլիսի 22-ին։ Նշվում է, որ անօդաչուները փորձել են հարվածել նավթի բազային և պահեստին, որտեղ զինամթերք է պահվում։

Ավելի վաղ Ղրիմի կամրջով մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել էր։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է: