Ալիևին կանգնեցնող միակ ուժն արցախցիներն են, հենց նրանք սկսեն պրակտիկ գործել, աշխարհը կկանգնի նրանց կողքին. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի վերջինս դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու խնդրանքով։ Ձեր դիտարկումները խնդրեմ։

– Ես ընդհանրապես զարմանում եմ, երբ այդպիսի կոչեր են հնչում Արցախի խորհրդարանից, որովհետև ակնհայտ է, որ այդ կոչի հասցեատերը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չէ: Ոչ մի բան չի խանգարում Ռուսաստանին՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, դիմել այդ նույն խորհրդին ու փորձել ստանալ այդ մանդատը, եթե Ռուսաստանը դա իրոք ուզում է, դա Երևանը չէ, որ պետք է անի։ Ես ուղղակի չեմ հասկանում՝ նրանք որ այդ կոչը հնչեցնում են, իրո՞ք ադեկվատությունն այնքան են կորցրել, որ չեն հասկանում, որ սա Հայաստանը չպետք է անի ու չի կարող անել, թե՞ հասկանալով են անում։ 

Կոչի հասցեատերը պետք է լինի Մոսկվան, ոչ թե Երևանը, այլ հարց է, որ եթե նույնիսկ Հայաստանի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, միանշանակ մերժում է ստանալու, որովհետև այդ խորհրդում ընդգրկված մշտական ներկայացուցիչ հանդիսացող որևէ երկիր, բացի Չինաստանից ու Ռուսաստանից, դրական պատասխան չի կարող տալ այդ կոչին, հաշվի առնելով, որ Ռուսաստանն այսօր իզգոյ պետություն է, ու օժտել նրան միջազգային մանդատով՝ չի բխում նրանց շահերից, այսինքն՝ այս կոչն անադեկվատության դրսևորում է, ես այլ կերպ սա չեմ կարող բացատրել։ 

– Այսինքն՝ Արցախի խորհրդարանը պետք է այս ուղերձը հղեր պաշտոնական Մոսկվայի՞ն։

– Միանշանակ, ճիշտ հասցեատերը Ռուսաստանն է, նա պետք է դա անի։ Նորից եմ ասում, որ սա անիմաստ է, որովհետև Ռուսաստանին որևէ մեկն այդ մանդատը չի տալու, եթե մինչև այսօր այդ մանդատը չեն տվել, հիմա առավելևս չեն տա։ 

Երկրորդ՝ ի՞նչն է խանգարում ռուսներին իրենց պարտավորությունները կատարել Արցախում, այդ մանդատի բացակայությո՞ւնը։ Կարծում եմ՝ սա անհեթեթություն է, մենք պետք է հիշենք, որ իրենք այնտեղ տեղակայվել են այդ չարաբաստիկ թղթի կտորի ստորագրումից հետո։ Նոյեմբերի 9-ի թուղթը նրանց գործառույթները հերթով սահմանում է, ի՞նչն է նրանց խանգարում դա անել, միջազգային մանդատի բացակայությո՞ւնը, ծիծաղելի բաներ են անում Արցախում։ Քաղաքական ռացիոնալիզմ այստեղ չկա։

– «Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ, դիմել ՄԱԿ-ին՝ վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ, դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը». այս կետերով է առաջարկում առաջ շարժվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա առաջարկն ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Ստեփանյան։

– Համենայնդեպս, այս հայտարարության մեջ կա քաղաքական ռացիոնալիզմ, ընդհանրապես տպավորություն է, որ Արցախում ընդհանրապես չկան քաղաքական գործիչներ: Համենայնդեպս, մարդիկ, որոնք հավաքվել են պառլամենտում, տպավորություն է, որ քաղաքականությունից շատ հեռու են։ Սամվել Բաբայանի առաջարկում կան քայլեր, որոնք ինչ-որ կերպ կարող են իրավիճակը փոխել։ Սամվել Բաբայանը, այո՛, ճիշտ է ասում, որ պետք է հրաժարվել լոզունգներից, Արցախի իշխանությունն այսօր լոզունգներից զատ ոչինչ չի անում։ 

Արայիկ Հարությունյանի այդ անհասկանալի նստացույցը, որին միացել է ԱԺ նախագահը, ես ուղղակի չեմ հասկանում. նրանք իրո՞ք չեն հասկանում, որ դա ուղղակի հիմարություն է, ու դրանից ոչինչ չի կարող փոխվել, թե՞ հերթական անգամ գործողությունների իմիտացիա են ստեղծում, թե՞ այդ մարդիկ ընդհանրապես, անգամ այս պայմաններում, երբ Արցախում մարդիկ են մահանում, ոչ մի ձևով չեն ուզում պատասխանատվությունն իրենց վրա վերցնել։ Արայիկ Հարությունյանը Արթուր Թովմասյանի հետ հիմա պետք է Հակարիի կամրջի մոտ լիներ ու այնտեղ նստացույց աներ, նա պետք է ժողովրդի առջևից գնար, այլ ոչ թե նստեր վրանում, իսկ կողքին անվտանգության աշխատակիցները կանգնեին։ 

Նրանք անընդհատ դիմում են Հայաստանին, միջազգային կառույցներին, պահանջներ են ներկայացնում, չեն դիմում միայն իրենք իրենց ու Ռուսաստանին, որն այնտեղ, ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ գետնի վրա է։ Դիմեք Ռուսաստանին՝ թող կատարի իր պարտավորությունները, իսկ մինչ այդ, ի վերջո, դուք պետք է գործել սկսեք, մարդիկ, որոնք պատասխանատու են այս ամենի համար։

– Պարո՛ն Ստեփանյան, ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետությունն այս ամենի համար պատասխանատվություն չունի ու պարտավորություններ էլ չունի, ճի՞շտ եմ հասկանում։

– Շատ ճիշտ հարց եք տալիս, որպեսզի նման տպավորություն չստեղծվի՝ ասեմ, որ Հայաստանն էլ է պատասխանատու, միանշանակ պատասխանատու է, գոնե այն մասով, որ այդ չարաբաստիկ թղթի կտորը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ իս, իրականում ոչ մի իրավունք չուներ այդ թուղթը ստորագրելու, այդ թղթով որոշվում էր արցախցիների ճակատագիրը, իսկ ինքն այդ մանդատը չունի, արցախցիները նրան ձայն չեն տվել։ 

Այստեղ արդեն բախվում ենք այն խնդրին, որի մասին ասացի, որ Արցախի իշխանությունները խուսափում են պատասխանատվությունից, այն ժամանակ իրենք որևէ կերպ չասացին՝ Փաշինյա՛ն, ինչո՞ւ ես ստորագրել այդ թուղթը, նա ստորագրել է, իրենք էլ համաձայնել են այդ ամենին։ 

Այժմ այդ ամենը չի օգտագործվում, հիմա նրանք միջազգային մանդատ են պահանջում, այո՛, Հայաստանն էլ է պատասխանատու, միանշանակ, ես չեմ ասում, թե պատասխանատու չէ, բայց առաջին պատասխանատուն, ըստ Սահմանադրության, ըստ օրենքների ու էլեմենտար քաղաքական տրամաբանությամբ՝ Արցախի իշխանությունն է, որը չի ցանկանում որևէ ձևով իր պատասխանատվությունը ընդունել։ 

– Երբ Արցախում մեկնարկեց համաժողովրդական հանրահավաք-բողոքի ակցիան, դուք ասացիք, որ եթե կազմակերպված ու խելամիտ քայլերով առաջ շարժվեն, արդյունք հաստատ կունենանք։ Այս օրերի գործողությունները նկատի ունենալով՝ ինչ եք կարծում՝ այս ակցիան արդյունք կտա՞։

– Քաղաքացիական հասարակությունը փորձում է գնալ ճիշտ ուղղությամբ, համենայնդեպս, նրանց հայտարարություններից այդպիսի տպավորություն է ստեղծվում, բայց այստեղ էլ իշխանությունը սկսեց նրանց խանգարել։ Ցավոք սրտի, Արցախի իշխանությունը խանգարում է նրանց, ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում, չեմ հասկանում՝ ինչո՛ւ է դա արվում, Արցախի պետնախարարը ելույթ է ունենում, նորից կոչեր, ելույթներ, նրանց մասնակցությունից երկակի տպավորություն է ստեղծվում։ 

Մի կողմից տպավորություն է, որ իրենք ուզում են մաս դառնալ այդ ամենին, մյուս կողմից, երբ լսում ես այդ անհասցե, ապաքաղաքական հայտարարությունները, տպավորություն է ստեղծվում, որ ուզում են սլաքները այլ կողմ ուղղել, ու այսօրվա հայտարարությունն էլ դրա հերթական դրսևորումն է։ Այսինքն՝ տպավորությունը հետևյալն է, որ Արցախի իշխանությունը փորձում է վիժեցնել այդ շարժումը, փորձում է փչացնել այդ շարժումը, որպեսզի սովորական արցախցիների մեջ խոր հիասթափություն սկսվի, ու նրանք ոչինչ չանեն, ես այդ տպավորությունն ունեմ։ 

Չեմ կարող հասկանալ, թե ինչու՛ է դա արվում, միակ վարկածն այն է, որ դա, երևի, բխում է Ռուսաստանի շահերից։ Բարձրաստիճան այդ պաշտոնյաները պետք է միանային այդ խմբին ու ժողովրդի հետ շարժվեին դեպի Լաչինի միջանցք: Ասում են՝ Հակարիի կամուրջը շատ հեռու է Ստեփանակերտից, հասկացանք, թող գնան Շուշիի մատույցների մոտ կանգնած ադրբեջանցիների մոտ, թող այնտեղ անեն այդ ակցիան, կարևորը՝ աշխարհին հասցնեն այդ բողոքի ձայնը, որ մարդիկ տեսնեն, որ երեխաներ են մահանում Արցախում։ 

Մինչև պրակտիկ գործողություն չլինի, այդ կոչերը, նստացույցերը որևէ արդյունք չեն ունենալու, Հաագայի դատարանի որոշումից ավելի բարձր որոշում չի լինելու։ Մինչև Արցախի ժողովրդի ու իշխանության կողմից պրակտիկ գործողություններ չլինեն, այդ միջանցքը չի բացվելու, եթե իշխանությունն այսպես շարունակի, ի վերջո, վիժեցնելու են այս շարժումը, ու դրանից հետո ես չգիտեմ, թե ի՛նչ է լինելու, որովհետև դա միջանցքը բացելու միակ ձևը, միակ հնարավորությունն է։ 

Քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում, Ալիևը հստակ շարժվում է իր նպատակով՝ Արցախը ենթարկել հայաթափման, ու արցախցիներն են միակ ուժը, որ կարող են կանխել դա, այսօր աշխարհում այլ ուժ գոյություն չունի: Հենց նրանք սկսեն պրակտիկ գործել, աշխարհը կկանգնի նրանց կողքին, որովհետև աշխարհը գնում է այնտեղ, որտեղ մեծ դիմադրություն է տեսնում, իսկ որտեղ քիչ է դիմադրությունը, աշխարհն այնտեղ չի լինում։ Շառլ Միշելի վերջին հայտարարությունը կարդացեք, ինչո՞ւ է այդպես, որովհետև չի տեսնում դիմադրություն, ու վճիռներ կայացնում են հօգուտ Ադրբեջանի, հենց Արցախը սկսի դիմադրել, նա կփոխի իր կարծիքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am