Արցախահայությունը կա՛մ անում է այն, ինչ անում է, կա՛մ ոչ մի բան չի անում,ու վերջում Ալիևը խեղդում է բոլորին. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը.

– Պարո՛ն Ստեփանյան, արցախահայությունը դուրս է եկել փողոց՝ պահանջով, որ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը, ու ակնկալում են ոչ միայն արցախահայության, այլ նաև Հայաստանում ապրողների աջակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում արցախահայության այս քայլը ու որքանո՞վ եք հավանական համարում, որ այն կտա ցանկալի արդյունք։

– Բողոքի ցույցը միանշանակ դրական եմ գնահատում, բազմիցս եմ խոսել այդ մասին, հենց առաջին օրվանից, երբ փակվեց Լաչինի միջանցքը, ու ես շատ ուրախ եմ, որ վերջապես Արցախում սկսվել է այդ շարժումը, որովհետև Արցախն այսօր գտնվում է շատ լուրջ էքզիստենցիալ վտանգների առջև, արցախահայությունը կանգնած է գոյաբանական խնդիրների առաջ։

Նրանք վերջապես հասկացել են, որ այդ հարցը լուծելու միակ հնարավորությունը ինքնուրույն գործելն է, կարծում եմ, նրանք վերջապես հասկացել են, որ հնարավոր չէ որևէ լուրջ ակնկալիք ունենալ ո՛չ սեփական իշխանությունից, ո՛չ Հայաստանի իշխանությունից ու ո՛չ էլ ռուս խաղաղապահներից կամ Վաշինգտոնից ու այլ տեղից։

Վստահ եմ, որ շարժման մասնակիցներն անկեղծ են, սրա հետևում չկան քաղաքական նպատակներ, ու նրանք ընդամենը փորձում են լուծել սեփական գոյաբանական խնդիրները, այսինքն՝ փորձում են իրենց փրկել այն բոլոր արհավիրքներից, որը պատրաստվում է նրանց գլխին բերել ալիևյան Ադրբեջանը։ Այս առումով նրանք անում են այն, ինչ պարտավոր են անել։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՛ս կարող է դա վերջանալ․ ոչ մեկը չի կարող ասել, թե ինչպես կավարտվի, բայց կա երկու շատ կարևոր գործոն, որոնք եթե կյանքի կոչվեն, կարծում եմ, ամեն ինչ շատ լավ կվերջանա այս շարժման համար։ Առաջին գործոնը համակարգված աշխատանքն է, այսինքն՝ այս ամենը չպետք է կրի տարերային բնույթ, պետք է լինեն հստակ ծրագիր, նպատակ, տեխնոլոգիաներ։

Հայաստանում ու Արցախում կան մարդիկ, որոնք այդ տեխնոլոգիաներին տիրապետում են ու մատուցում են մարդկանց, ես դա գիտեմ։ Եթե այդ խաղաղ բանակը կազմավորվի ու խաղաղ միջոցներով սկսի գործել այնպես, ինչպես ես էի ասում ամիսներ առաջ, այսինքն՝ այդ մարդիկ վերջիվերջո հայտնվեն Հակարիի կամրջի մոտ, դա ունենալու է արդյունավետ ավարտ: Ալիևը ոչ մի տեղ չի կորչի ու կբացի միջանցքը, այսինքն՝ Ալիևին պետք է կանգնեցնել այլընտրանքի առջև՝ կա՛մ նա կրակում է խաղաղ, չզինված մարդկանց վրա՝ լրագրողների ու տեսախցիկների առջև, ու ամբողջ աշխարհը տեսնում է, կա՛մ բացում է այդ միջանցքը։

Եվ երկրորդ գործոնն այն է, որ եթե ուզում են այս մտահղացումն ունենա հաջողություն, պետք է իր շուրջը միավորի բոլոր արցախցիներին, ոչ թե հազարավոր, այլ տասնյակ հազարավոր մարդկանց, այստեղ պետք է մարդկանց մեծ քանակ: Եթե նրանք կարողանան դրան հասնել, վստահ եմ, որ միջանցքը ապաշրջափակվելու է, ես դրանում վստահ եմ, ու ամբողջ աշխարհը կանգնելու է նրանց կողքին։

Հիմա այս հարցում ևս մեկ բան կուզեմ նշել. ինձ համար շատ տարօրինակ է, որ հայկական մեդիան, ես դրսի մեդիայի մասին չեմ խոսում, ոչ մի կերպ այդ շարժման մասին չի խոսում, ես որևէ տեղ չեմ տեսել, այդ թվում՝ այնպիսի լրատվականներ, որոնք իրենց ներկայացնում են խոսքի ազատության ջատագովներ, դրսից գումարներ են ստանում, ոչ մի խոսք չկա, ինֆորմացիայի միակ աղբյուրը ցույցի մասնակիցներն են, որոնց լայվերի միջոցով տեսնում ենք կատարվողը։

Սա ցույց է տալիս մեր իրական վերաբերմունքը այս խնդրին. մարդիկ գնում են «Հայաքվեով» են զբաղվում, ջուր են ծեծում, բայց այն, ինչ պետք է անեն, չեն անում, ու բոլորին նկատի ունեմ։ Դուք առաջին մարդն եք, որ այս հարցով ինձ զանգում է, սա որևէ մեկին հետաքրքիր չէ, հասկանո՞ւմ եք, այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ մենք իրական լուծում չենք ուզում, չենք ձգտում դրան, պարադոքս է սա, որի պատճառները չգիտեմ։ Սա շատ վատ երևույթ է ու մեր ազգին պատիվ չի բերում, մեր լրատվամիջոցներին, իշխանություններին պատիվ չի բերում, Արցախի իշխանություններին պատիվ չի բերում։

– Ասացիք, որ Ալիևին երկընտրանքի առաջ է պետք կանգնեցնել, իսկ երաշխիքներ կա՞ն, որ Ալիևը չի ընտրելու խաղաղ մարդկանց վրա կրակելու տարբերակը։

– Երաշխիք չկա ու չի կարող լինել, նման քայլեր անելիս դու չունես երաշխիքներ, բայց կա հավանականություն, ես նորից եմ ասում՝ հավանականությունը շատ մեծ է, որ նա դա չի անի։ Կրկնում եմ՝ պետք է գրագետ գործել, եթե ամեն բան արվի գրագետ ու հստակ պլանով, սա չպետք է լինի մարդկանց ամբոխ, պետք է լինի մարդկանց անզեն բանակ, որի միակ զենքը լինելու են ցուցապաստառն ու նկարող սարքը, որը նկարելու է իրենց ու ադրբեջանցիներին։

Իսկ ի՛նչ այլընտրանք ունեն այսօր արցախցիները՝ շարունակել մնալ իրենց տներում ու սպասել, թե ե՛րբ են ադրբեջանցին ու թուրքը մտնելու ու սկսելու հերթական կոտորա՞ծը, ո՛չ։ Այո՛, չկա ոչ մի երաշխիք, բայց հավանականությունը շատ մեծ է, կան հաշվարկներ, ու ես ամենևին էլ օդից չեմ խոսում։ Այլընտրանք չկա, սա է միակ միջոցը, նրանք պետք է դուրս գան, գործեն, ու ես վստահեցնում եմ, որ ամբողջ աշխարհը կկանգնի նրանց կողքին։

– Պարո՛ն Ստեփանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ համակարծիք եք ակցիայի մասնակիցներին, որ «բանակցությունները, դիվանագիտությունը պետք է մի կողմ թողնել, որովհետև դրանք արդյունավետ չեն», թե՞ պետք է դրան զուգահեռ նման ցույցեր արվեն։

– Բանակցությունները չպետք է մի կողմ թողնել, ոչ մի դեպքում, մանավանդ այն, ինչ այսօր քննարկվում է Վաշինգտոնում, արցախահայության համար փրկօղակ է դիվանագիտության մեջ, որը հնարավորություն կտա իրենց ստանալու ինչ-որ կարգավիճակ, որը հնարավորություն կտա իրենց ապրելու՝ առանց թուրքի յաթաղանը իրենց գլխի վրա տեսնելու, այսինքն՝ ապրել մոտավորապես այնպես, ինչպես առաջ։ Ու որպեսզի մենք հասնենք դրան, պետք է արվեն նմանատիպ քայլեր, սրանք փոխկապակցված են, չի կարելի հրաժարվել բանակցություններից։

Բանակցություններ վարելիս դու պետք է ունենաս հենք, սա է այդ հենքը՝ մարդկանց ամբոխը, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք կգան ու կպահանջեն, որ բացվի այդ միջանցքը, որովհետև չկա գեթ մեկ միջազգային փաստաթուղթ, որում գրված լինի, որ դուք իրավունք ունեք փակել այդ միջանցքը։ Արցախցիները պետք է խոսեն, որ աշխարհը տեսնի, որ իրենք խոսում են, լրագրողները պետք է աշխատեն այնտեղ, ոչ թե ընդհանրապես չխոսեն այդ մասին։

– Եթե բողոքի ակցիան ընթանա այնպես, ինչպես ասացիք, ու ամեն բան հասնի նրան, որ արցախահայությունը հայտնվի Հակարիի կամրջի մոտ, Հայաստանի բնակչության կողմից աջակցություն կլինի՞, թե՞ ոչ։

– Մարդկանց կողմից միանշանակ կլինի, կարող է չլինել քաղաքական ուժերի կողմից, որովհետև նրանք մտածում են իրենց կաշվի ու շահի մասին ու, մեծ հաշվով, ուրիշի շահերն են սպասարկում, իսկ ժողովուրդը՝ ոչ։ Արցախցիները պետք է կերտեն իրենց ապագան, եթե նրանք շաժումը սկսեն, այստեղից վաղ թե ուշ ժողովուրդը կմիանա նրանց։

Հիմա պետք է ուղղակի տեխնոլոգիաները կիրառել, քանի որ դրա դարն է, թող ոչ մեկը չմտածի, թե ես դրդում եմ արցախցիներին, որ դուրս գան ու սկսեն կռիվ տալ, ո՛չ, խոսքը միայն խաղաղ միջոցների մասին է, ու եթե այդ խաղաղ բանակը ճիշտ գործի ու լինի իրոք բանակ, այլ ոչ թե ամբոխ, հասնելու է իր առջև դրված նպատակին։ Թիվ մեկ կենտրոնը, որից կախված է ամենը, արցախցիներն են, այն մարդիկ, որոնք այսօր փողոցում են, եթե ամեն ինչ ճիշտ անեն՝ կհասնեն հաջողության, այլընտրանք էլ չկա։ Նրանք կա՛մ անում են այն, ինչ անում են, կա՛մ ոչ մի բան չեն անում, ու վերջում Ալիևը խեղդում է բոլորին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am