Վերջին մեկ տարին Հայաստանն ուսումնասիրող Ալեքս Թարվերդիի սիրած զբաղմունքը լուսանկարչությունն է, ավելի ստույգ` կենդանիների և բնության մեջ ներդաշնակության պահեր գտնելը:
Մասնագիտությամբ աշխարհագրագետ, սիրած զբաղմունքով` լուսանկարիչ 23-ամյա Ալեքսը ծնվել և ապրել է Լոնդոնում`լոնդոնահայերի ընտանիքում: Սակայն ուրախությամբ է պատմում է, որ մեկ տարի է, ինչ «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրով տեղափոխվել է Հայաստան և ապրում է Երևանում:
«2011-ին երկու շաբաթով արձակուրդ էի եկել Հայաստան և դրանից հետո արդեն մտածում էի, որ ուզում եմ տեղափոխվել այստեղ»,- պատմում է Ալեքսը:
Նա 6 ամիս Լոնդոնի կենդանաբանական այգում որպես կամավոր աշխատելուց հետո հիմա էլ Երևանի կենդանաբանական այգում է աշխատում: Աշխատանքին զուգահեռ` Ալեքս Թարվերդիին հաճախ կարելի է տեսնել կենդանիների ազատավանդակների մոտ` տեսախցիկով կենդանիների հայացքներն ու տրամադրությունները «որսալիս»:
«Սա իմ հինգերորդ այցելությունն ա Հայաստան: Այս անգամ արդեն ցանկություն ունեմ մշտապես հայրենիքում հաստատվելու, քանի որ արդեն աշխատանք ունեմ, շատ լավ ընկերներ և ինձ շատ հարազատ ու հանգիստ եմ զգում Հայաստանում»,- խոստովանում է նա:
Այժմ աշխատում է Երևանի կենդանաբանական այգում` որպես կայքի մենեջեր եւ այգու լուսանկարիչ:
Նշում է, որ շատ է սիրում այն միջավայրը, որտեղ աշխատում է, քանի որ մանկուց կենդանիներ է սիրել, պահել է ծովախոզուկ, ակվարիումային ձկներ, տարբեր թռչուններ:
«Միշտ կենդանիներ եմ նկարել` թիթեռնիկ, սարդ և այլն, բայց ամեն լուսանկարիչ էդ խնդիրը ունի, որ եթե ուզում ա փող աշխատել, էդ թիթեռնիկն իրեն փող չի տալու, մարդն ա իրան փող տալու: Դրա համար սկսում ես մարդկանց մասին մտածել և մարդկանց նկարել: Հիմա նաև շատ պորտրետներ եմ անում, ընկերներիս եմ նկարում»,- ասում է Թարվերդին:
Նա հիշում է, որ դեռ համալսարանական տարիներին եվրոպական տարբեր երկրներում շրջագայելիս սկսել է լուսանկարել, ամեն ամիս մի նոր բան սովորել, նոր օբյեկտիվներով աշխատել:
Երևանում նա մոտ երեք ամիսպար աշխատել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում որպես լուսանկարիչ և դասավանդել երեխաներին:
«Չեմ ուզում վերադառնալ, պլաններս այստեղ են, ուզում եմ մնալ Հայաստանում: Ծնողներս Լոնդոնում են, այնտեղ են աշխատում: Ես էլ այստեղ մենակ եմ, բայց երբ «Թումոյում» աշխատեցի, շատ ընկերներ ունեցա, բոլորն ինձ հետ շփվում են, ընկերություն անում: Ես հիմա Հայաստանում ճիշտ որ ընկեր ունեմ, ինչ մինչև հիմա չեմ ունեցել»,- ասում է Ալեքսը:
Նա նշում է, որ Լոնդոնն այնքան մեծ է, որ հեշտ չէ ամեն օր ընկերներին հանդիպել, շփվել, իսկ հայերն էլ քիչ են:
«Այստեղ շատ ավելի հեշտ ա, ավելի հանգիստ ա: Ես հիմա ընկերուհի ունեմ Հայաստանից, մենք «Թումոյում» ենք ծանոթացել: Այստեղ բոլորը հայեր են, ու կյանքն ավելի լավ ա, ինձ այստեղ հանգիստ եմ զգում»:
«Դեպի Հայք» հիմնադրամի կամավորական ծրագրով, որով նա 2012-ի մարտին եկել է Հայաստան, Ալեքսը շրջագայել է Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրերում, եղել սահմանամերձ գյուղերում, Լեռնային Ղարաբաղում և զորամասերում: Համտեսել է հայկական ավանդական ուտեստներն ու հիացել բնության չքնաղ տեսարաններով:
Նա նշում է, որ իր լավագույն ձեռքբերումներից մեկը նաև կամավորական ծրագրով աշխարհի տարբեր երկրներից եկած սփյուռքահայ ընկերներն են:
«Լոնդոնում շատ ընկերներ ունեմ, բայց Ուրուգվայից հայի դժվար հանդիպեմ: Որ կամավոր ես գալիս, միշտ խումբ կա, որի մեջ ամենքը տարբեր երկրներից են գալիս: Էդ կողմից շատ լավ ա, ես հիմա շատ հայ ընկերներ ունեմ աշխարհի ամեն մի երկրից: Կեսն արդեն գնացել են Հայաստանից, ոմանք դեռ մնացել են, բայց կապը բոլորի հետ էլ կա»,- ասում է Թարվերդին:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարները` Կարապետ Սահակյանի
© Medialab.am