Տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Օրակարգի շրջանակներում Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի 2012թ. գործունեության աշխատանքային ծրագիրը: 27 կետից բաղկացած այդ փաստաթուղթը ներառում է Սևանա լճի բնական պաշարների պահպանման, վերարտադրության, վերականգնման, զարգացման և օգտագործման միջոցառումներին վերաբերող բոլոր հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ընթացիկ տարվա միջոցառումները: Հանձնաժողովի անդամների ներկայացրած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա աշխատանքային ծրագիրը հաստատվել է:
Նիստում քննարկվել է նաև Սևանա լճի ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ջրի մակարդակի բարձրացման տեմպերի, ափամաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է, որ Սևանա լճի մակարդակը ընթացիկ տարվա հունվարի 1-ին հասել է լճի 1963թ. մակարդակին, ինչը, հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, լրջագույն ձեռքբերում է: Աշխատանքներն իրականացվել են «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված ժամանակացույցից ավելի քան 7 տարի շուտ:
Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ, հանձնաժողովը գործունեության անցած երեք տարիների ընթացքում իր առջև դրված խնդիրները նախատեսված ծրագրերին համապատասխան լուծել է՝ հանձնաժողովի քննարկումների արդյունքում համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Հանրապետության նախագահին, որոնք այնուհետ դարձել են ՀՀ կառավարության որոշումներ:
© Medialab.am