Իրանցիները վերադառնում են Հայաստան. «Շատ քիչ թվով, բայց ունենում ենք հյուրեր»

Իրանական նոր տարին՝ Նովրուզը, նշելու համար այս տարի Հայաստան այցելած իրանցիների թիվը էապես զիջում է 2019 և դրան նախորդ տարիների թվերին։ 2020 թվականին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, իրանցիների հոսք ընդհանրապես չէր եղել։ Իսկ այս տարի այս օրերին Երևանի փողոցներում կարելի է իրացիներ տեսնել։ Նրանք մարտի 21-ին նշել են Նովրուզը։

2019 թվականի համեմատ այս տարի Նովրուզի տոնին Հայաստան այցելած իրանցիների թիվը 3-4 անգամ նվազել է։ Այս մասին «Մեդիալաբին» ասում է «Ռեստ տուր» ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը։

«Մեր տուրիստական ընկերության տվյալներով՝ հոսքը 3-4, եթե ոչ՝ 5 անգամ նվազել է, անգամ պակասել է, դա պայմանավորված է և՛ կորոնավիրուսի համավարակով, և՛ պատերազմի գործոնով, և՛ նաև այն հանգամանքով, որ Իրանում տնտեսական խնդիրները հիմա սրվել են։ Նրանց ազգային արժույթն էապես արժեզրկվել է, ինչը ֆինանսական խնդիրներ է առաջացրել»,- ասում է Բլեյանը։

2017 թվականին Նովրուզի տոնի ընթացքում՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 4-ը, պաշտոնական տվյալներով՝ «Զվարթնոց» օդանավակայանով Իրանից Հայաստան էր եկել 8100 ուղևոր:

2018 թվականին Նովրուզի տոներին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել էր 20 տոկոսով։

2019 թվականին, պաշտոնական տվյալներով, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել էր 1,9 միլիոնի։ 2019-ին ամբողջ տարվա ընթացքում Հայաստան էր այցելել 115 հազար իրանցի։

Արամ Բլեյանն ասում է, որ հայկական կողմը պատրաստվել է իրանցի զբոսաշրջիկներին դիմավորելու։ 

«Շատ քիչ թվով, բայց ունենում ենք հյուրեր։ Փետրվարից հյուրանոցները ամրագրել են, արդեն ռեզերվներ քիչ կան»,- հավելում է նա։

Նախորդ տարիների համեմատ, ըստ Բլեյանի, Երևանում բարձրակարգ հյուրանոցային ծառայություններն այս օրերին 40-50 տոկոսով նվազեցրել են գները։ Հետևաբար, իրանցի զբոսաշրջիկները կարողանում են ամրագրել ավելի բարձր դասի հյուրանոցներ՝ հիմնականում 4 և 5 աստղանի։

Իրանցիները հիմնականում նախընտրում են հանգրվանել Երևանում, տուրփաթեթներ են պատվիրում նաև դեպի Գառնի, Սևան, Ծաղկաձոր, բայց մեկ օրով՝ առանց գիշերակացի։

Երևանում նրանց հիմնականում հետաքրքրում են ժամանցային վայրերը՝ ռեստորաններ, փաբեր։

Քանի որ Իրանում սոցիալ-տնտեսական խնդիրները սրվել են, այս տարի Հայաստան ժամանածների գերակշիռ մասը միջին և բարձր եկամուտ ունեցող իրացիներն են։ 

«Սովորաբար նախորդ տարիներին նաև լինում էին խմբային տուրեր ավտոբուսներով, այսինքն՝ ցամաքային ճանապարհով էին գալիս։ Բայց այս տարի covid-ով պայմանավորված՝ որոշ տրանսպորտային ընկերություններ չեն աշխատում, հետևաբար, ցածր եկամուտ ունեցողները, ովքեր ցամաքային ճանապարհով էին գալիս, այս տարի չեն կարողանում ավտոբուսով գալ Հայաստան։ Իսկ ինքնաթիռով ճամփորդելը հիմնականում միջին ու բարձր խավին է հասանելի, այսօր հիմնականում ինքնաթիռով են գալիս Իրանից Հայաստան»,- ասում է Արամ Բլեյանը։

Այս տարի մեկ այլ առանձնահատկություն էլ է նկատվում։ Եթե նախորդ տարիներին Նովրուզի օրերին միջինը մոտ 10 օրով էին իրանցիները գալիս Հայաստան, այս տարի 3-7 օրով են գալիս։ Այսինքն՝ այցելության ժամկետն էլ է կրճատվել։

«Էնջելս Արմենիա» ընկերության տուրօպերատոր Սևան Շիրվանյանը ևս նկատում է, որ իրանցիների հոսքն անհամեմատ քիչ է։ 

«Այս տարի հիմնականում էկոնոմ տուրփաթեթներ են պատվիրում իրանցիները՝ ավելի ցածր կարգի հյուրանոցներ են ամրագրում։ Կոնկրետ կարող եմ մեր տուրիստական ընկերության տվյալներն ասել։ Եթե նախկինում այս օրերին 10-15 ավտոբուս իրանցի հյուրեր ունեինք, այս տարի մեկ ավտոբուսի չափով մարդ էլ չի եղել»,- հավելում է Սևան Շիրվանյանը։

Իրանցիները, նրա խոսքով, այսօր Հայաստան կարող են այցելել և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով՝ նախօրոք կորոնավիրուսի թեստ հանձնելով։ 72 ժամ վաղեմությամբ թեստով կարող են մուտք գործել մեր երկիր, իսկ Իրան վերադառնալու համար ևս թեստ պետք է հանձնեն, որպեսզի կարողանան մուտք գործել իրենց երկիր։

«Ռեստ տուր» ընկերության հիմնադիր Արամ Բլեյանն ասում է, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար շատ կարևոր ուղղություն է։ Հետևաբար, կարևոր է, որ այս ոլորտը զարգանա, իսկ պետական մարմինները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ոլորտին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am