«Տեսչական մարմինները իմպոտենտ կառույցներ են դարձել, ո՞ւմ եք պետք դուք ձեր արձանագրություններով, եթե խնդիրը շարունակում է մնալ». Բաբկեն Պիպոյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժգին պայթյունը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ պետական կառավարման օղակների, մասնավորապես, տեսչական մարմինների անփույթ, անհետևողական գործունեության հետևանք է:

«Մենք ապրում ենք ցավալի մի իրականությունում, երբ ամեն անգամ ունենում ենք ողբերգական դեպք, հիշում ենք մարդկանց կյանքի ու առողջության մասին և կարճ ժամանակ անց մոռանում»,- «Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը:

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը նախնական տվյալներով, 6 մարդու կյանք է խլել, որոնցից 5-ին փրկարարները դուրս են բերել փլատակների տակից, 17 քաղաքացի համարվում է անհետ կորած, 60-ից ավելի քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մասնագետները փլատակների տակ ողջ մնացած մարդ գտնելու հավանականությունը զրոյական են համարում:

Ողբերգական դեպքից հետո ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տարածեց հայտարարություն՝ տեղեկացնելով, որ դեռևս մեկ տարի առաջ նույն առևտրի կենտրոնում կատարել են ուսումնասիրություն և հայտնաբերել «հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ»: Տեսչական մարմինը խախտումները հայտնաբերել է 2021-ի մարտին, սակայն նույնիսկ մեկ տարի անց պետական մարմինը չի փորձել կրկնել ուսումնասիրությունը՝ պարզելու՝ արդյոք տնտեսվարողը վերացրե՞լ է նշված խախտումները:

Օրինակ՝ ըստ տվյալ ուսումնասիրության, պարզվել է, որ առևտրի կենտրոնում կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8 մ հեռավորության վրա, 55 քմ գերազանցող մակերեսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (փակ տարածություն շենքի ներսում/помещение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ, արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյեկտների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում և այլն:

Պիպոյանն ասում է՝ մեկ տարվա ընթացքում համապատասխան տեսչական մարմինը պետք է պարզեր ու հասկանար՝ գուցե տնտեսվարողի կողմից խախտումների շարքը ավելացե՞լ է, կամ վերացրե՞լ է արդյոք մարդկանց կյանքի համար վտանգավոր խախտումները:

«Տեսչական մարմնի արձանագրած լուրջ խախտումների դեպքում այդ տնտեսվարողի գործունեությունը պետք է կասեցվեր, պետք է տրվեր ժամկետ՝ խախտումները վերացնելու համար, և միայն դրանից հետո թույլ տալ աշխատել: Բայց տեսչական մարմինը որոշել է տարեվերջյան ասուլիսում ասելու բան ունենալ, ներկայացնել կատարած գործի մասին վիճակագրություն՝ իբրև թե հերթական ստուգումն են արել ու տուգանել են տնտեսվարողին»,- նշում է Պիպոյանը:

Դիտարկմանը, թե տեսչական մարմնից ասում են՝ չունեն հավելյալ ստուգումներ կատարելու, տնտեսվարողներին հետևելու ռեսուրսներ, Պիպոյանն արձագանքում է. «Բոլոր տեսակի անհեթեթությունները կարելի է ասել: Տեսչական մարմինն այս դեպքում ստուգումն արել է, բայց «պտիչկայի» համար տնտեսվարողին տուգանել է ու դուրս եկել: Մինչդեռ այդ օբյեկտը պետք էր դիտարկել որպես բարձրռիսկային և ամեն տարի այն դասել ստուգումների պլանում, պարբերաբար դիտարկումներ կատարել»:

Կազմակերպության նախագահը տեսչական մարմինների գործունեության ոլորտում իրականացված բարեփոխումները համարում է «չարեփոխում», և այդ կառույցները որակում «իմպոտենտ կառույցներ»:

«Բոլոր տեսչական մարմինները լացում են, թե ռեսուրսի խնդիր ունեն, բայց, ներողություն, եթե ռեսուրսի խնդիր ունեք, չեք կարողանում աշխատել, ուրեմն փակեք էդ հիմնարկը, գնացեք տուն, հարկատուներից որպես աշխատավարձ գումար մի՛ հավաքեք: Ո՞ւմ եք պետք դուք ձեր արձանագրություններով, եթե խնդիրը շարունակում է մնալ, ո՞ւմ: Ներողություն, ես՝ որպես հարկատու, չեմ ուզում հարկ տալ այդ մարմիններին ընդամենը վիճակագրություն ունենալու համար»,- ասում է Բաբկեն Պիպոյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am