Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Հայաստանի կառավարությունը ելնում է այն տրանաբանությունից,  որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների, խոսակցության, երկխոսության կողմ։ «Մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կառավարությունը այս բանաձևի շրջանկաներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց՝ նախկինում էլ հայտարարել է, որ մտածելու հարց է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ անդրադարձ լինի՞ Լեռնային Ղարաբաղին, թե՞, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության իրավունքների հետ կապված հարցերը հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։

Վարչապետն ընդգծեց, որ այս հարցում որոշում դեռ չունեն, ինչը, սակայն, չի նշանակում, որ դիրքորոշում չունեն։