Պուտինի ելույթը փետրվարի 21-ին չի ձայնագրվել․ «Նովայա գազետան» կեղծում է․ FIP.am

Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններն սկսվելուց ժամեր անց, ռուսական «Նովայա Գազետան» հրապարակում կատարեց սոցիալական ցանցերի իր էջերում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահի առավոտյան ելույթը ձայնագրվել էր օրեր առաջ՝ փետրվարի 21-ին։ Լրատվամիջոցը կցել էր նաև տեսանյութի մետադատան պարունակող լուսանկար։ 

Ըստ այս տվյալի՝ Պուտինի ելույթը տևել էր մոտ 55 րոպե 56 վայրկյան  և ձայնագրվել էր փետրվարի 21-ի երեկոյան ժամը մոտ 19։00-ին։ 

Գրառումը մեծ արագությամբ տարածվել է սոցիալական ցանցերի տարբեր էջերում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, սակայն, որ «Նովայա գազետայի» պնդումն իրականությանը չի համապատասխանում․ լուսանկարը, որը վերագրված է փետրվարի 24-ի ելույթին, իրականում վերաբերում է Պուտինի մեկ այլ՝ հենց փետրվարի 21-ի ելույթի հեռարձակմանը, որի ընթացքում վերջինս հայտնեց Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունների» անկախությունը ճանաչելու որոշման մասին։ 

Առանց տեսանյութի մետադատան ստուգելու էլ կարելի է տեսնել, որ Պուտինի այս ելույթը տևել է հենց 55 րոպե 56 վայրկյան։

Տեսանյութի մետադատան ստուգելու համար կարող ենք օգտվել առցանց մի շարք  գործիքներից. Պուտինի փետրվարի 24-ի ելույթի հղումը exifmeta.com կայքում ստուգելու դեպքում կարող ենք տեսնել, որ տվյալները տարբերվում են «Նովայա Գազետայի»  հրապարակած լուսանկարում առկա տվյալներից։ 

Ըստ այդմ՝ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու մասին հայտարարության տեսանյութը տեսագրել էր հենց փետրվարի 24-ին, իսկ ելույթը տևել է մոտ 28 րոպե։ 

Փաստերի ստուգման հարթակ