Ամեն տղամարդ հենց հիմա պիտի ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է և կանանց էլ խնդրում եմ քաջալերել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով տղամարդկանց հորդորեց կամավորագրվել։ Նա մասնավորապես հայտարարել է․

«Պատերազմում շոկոլադ չեն բաժանում, եւ որեւէ մեկի վախկոտությունը, փոքրոգությունը չի կարող արդարացում ունենալ։ Ես մեր կանանց եմ ուզում դիմել, խնդրում եմ, էսօր մեր երկրում պիտի թասիբը եռար, Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին, սփյուռքի թասիբն էսօր եռում է, գլուխ եմ խոնարհում, Հայաստանում թասիբն էդքան չի եռում, ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք։ Մեր կանայք պիտի մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որեւէ երկմտություն որեւէ մեկի կողմից չի ներվելու։

Կանայք ոչ թե պիտի պայքարից, հաստատակամությունից հետ պահեն իրենց որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ ընդհակառակը, պիտի թասիբը եռա։

Ես պատրաստ եմ ենթարկվել ձեր ցանկացած որոշման, բայց քանի դեռ կատարում եմ գերագույն հրամանատարի պարտականությունները, ուրեմն պահանջում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ որոշմանը, իմ հրամանին։ Հասկանալով, որ մյուս կողմից ժողովրդի ծառան եմ, ես էլ պատրաստ եմ ժողովրդի ցանկացած որոշմանը ենթարկվել․ սա է պայմանը։

Եվ իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պիտի ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ։ Սա իմ հրամանն է։ Կանանց էլ խնդրում եմ քաջալերել։ Կանայք էլ, որոնք ուժ են գտնում կանգնել հանուն հայրենիքի, իրենք էլ թող ջոկատներ կազմեն։ Սա հազարամյա կռիվ է»։