Մեղավոր է. Եվրադատարանի որոշումը Դինքի գործով, ըստ վերլուծաբանների, թեև ողջունելի է, սակայն ազդեցություն չի ունենա Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով` Թուրքիայի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Հրանտ Դինքի սպանության գործում: Վճռի համաձայն` Եվրոպական դատարանը, Թուրքիային մեղադրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 կետերի խախտման մեջ, պարտադրել է «Ակոսի» խմբագրապետի ընտանիքին վճարել փոխհատուցում` 105 հազար, իսկ դատական ծախսերի համար` 28 հազար 595 եվրո:
Թուրքագետ Արտակ Շաքարյանի համոզմամբ` Եվրադատարանի որոշումն առանձնապես ազդեցություն չի թողնի Թուրքիայի քաղաքականության վրա: Նա ասում է, որ դատարանի նման որոշումը հինգ տարի առաջ կարող էր ազդեցություն ունենալ, սակայն այսօրվա Թուրքիան, ի տարբերություն տարիներ առաջվա, ձգտում է ոչ թե դեպի Եվրամիություն, այլ ավելի շատ ուղղված է «դեպի Արևելք, դեպի իսլամ, դեպի ազգայնականություն»:

«Դատարանի որոշման ազդեցությունը կլինի այնքանով, որ թուրքական պետությունը ավելի ուշադիր կլինի Հրանտ Դինքի գործի գործընթացին: Սա նաև նախադեպ է ստեղծում. Եվրոպական դատարանում ինչքան Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառեն, այդքանով Թուրքիան ապագայում կդառնա ավելի ժողովրդավարական, եվրոպական իրավունքի հանդեպ ավելի ուշադիր: Բայց հույս ունենալ, որ այն այնպիսի ազդեցություն կունենա թուրքական օրենսգրքի վրա, որ կբարեփոխվի, միանշանակ` ո´չ, որովհետև սա Թուրքիայի ներքաղաքական խնդիրներից է ծագում»,- «Մեդիալաբին» ասում է Արտակ Շաքարյանը:

Ի տարբերություն Շաքարյանի` թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Եվրոպական դատարանի որոշումից ոչ մի դրական փոփոխություն չի սպասում:

«Չեմ կարծում, թե որոշումը շոշափելի ազդեցություն կունենա փոքրամասնությունների վերաբերյալ Թուրքիայի քաղաքականության վրա: Քանի որ այդ քաղաքականությունը ձևավորվել է տասնամյակների ընթացքում և հիմնված է թուրքական պետության գաղափարախոսական որոշակի տարրերի վրա, որոնց փոփոխումն այս պահին անհնար է»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Ժամանակին Հրանտ Դինքը, որը դատական հետապնդումների էր ենթարկվում, բողոքարկել էր «թուրքերի ինքնությունը վիրավորելու» համար իր դեմ հարուցված քրեական գործը և հայց էր ներկայացրել Թուրքիայի դեմ:

2007 թվականին հունվարի 19-ին, այն բանից հետո, երբ Ստամբուլում թուրք ազգայնամոլ Օգյուն Սամաստը Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում սպանեց «Ակոսի» խմբագրապես Հրանտ Դինքին, նրա ընտանիքը դատական հայց ներկայացրեց Եվրոպական դատարան` մեղադրելով Թուրքիայի իշխանություններին Դինքի կյանքի իրավունքը չպաշտպանելու մեջ։

«Հրանտ Դինքը, դատապարտվելով «թուրքերի ինքնությունը» վիրավորելու մեղադրանքով, դարձել էր թիրախ ազգայնական շրջանակների համար»,- նշված էր Դինքի ընտանիքի տարածած հայտարարության մեջ:

Պաշտոնական Անկարան Հրանտ Դինքի ընտանիքի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցին ի պատասխան գրել էր, որ Դինքի նկատմամբ 301-րդ հոդվածի հատկանիշներով կայացված դատավճիռը նրա մահվան պատճառով չեղյալ է հայտարարվել: Դինքի ընտանիքը կայացված այդ որոշումից ուղղակիորեն որևէ վնաս չի կրել և «տուժած» կողմ չի կարող համարվել:

Հետո, սակայն, Թուրքիայի իշխանությունները իրենց ներկայացրած պաշտպանության տեքստը հետ էին կանչել: Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն արդարանալու փորձ էր արել` հայտարարելով, որ ինքը չի ստորագրել Հրանտ Դինքի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետության ուղարկած պաշտպանական ճառի տակ:

Այս կապակցությամբ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիե Չեթինը «Ազատություն» ռադիոկայանի թուրքական ծառայությանն ասել է, թե իրենք ակնկալում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տեսնել նշումը, որ Դինքը Թուրքիայում դատապարտվել է հայ լինելու համար, որ տեղի է ունեցել խտրականություն:

Չնայած սրան` փաստաբանը դատարանի որոշումը բավարար է գնահատել և հավաստիացրել, որ դեռ շարունակելու են պայքարը և, դիմելով Թուրքիայի դատական ատյաններին, պահանջելու են վերացնել երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով ժամանակին դատապարտվել էր Հրանտ Դինքը:

«Դա նախագծված մի սպանություն էր: 2004 թվականի փետրվարից սպանությունը նախագծվել է և քայլ առ քայլ իրականացվել: Դատարանն էլ իր որոշմամբ ընդունում է, որ սա նախագծված սպանություն էր»,- թուրքական Showhaber-ի փոխանցմամբ ասել է փաստաբանը:

Հրանտ Դինքի գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռն անտարբեր չի թողել Ամերիկայի հայկական համագումարին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը գործի կապակցությամբ հայտարարել է.

«Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորում է Դինքի ընտանիքին` Հրանտ Դինքից ժառանգած գործն այդպես խիզախորեն շարունակելու և օրենքի իշխանության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում նրա հետքերով ընթանալու համար»:

Հրանտ Դինքի գործով Թուրքիայի իշխանությունների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը:

Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան չի բողոքարկի Եվրադատարանի որոշումը: Ավելին` Թուրքիան իրականացնելու է այդ որոշման բոլոր դրույթները: Ինչին Դինքի ընտանիքի փաստաբանը հակադարձել է` ասելով, որ Թուրքիայի իշխանություններն առարկելու պատճառաբանություն պարզապես չունեն: «Անշուշտ, առարկելը նրանց ավելի ծանր կացության կմատներ»,- նկատել է Ֆեթհիե Չեթինը:

Եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը: Թուրքական Taraf պարբերականի հաղորդմամբ` տիկին Դինքը արցունքոտ աչքերով ասել է, որ Եվրոպական դատարանի որոշումը Հրանտ Դինքի համար ծննդյան նվեր էր («Ակոսի» խմբագրապետը ծնվել է սեպտեմբերի 15-ին):

«Եթե նա այժմ կենդանի լիներ, շատ երջանիկ կլիներ, քանի որ չէր ուզում լքել իր երկիրը»,- ասել է Ռաքել Դինքը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am