ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ներողություն խնդրելու առիթն ընդդիմադիրներինն է, ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։ Նա այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետը չպետք է ներողություն խնդրի ընդդիմադիրներին «համբալ» անվանելու համար։
«Ես կարծում եմ՝ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ էդ ամենը իրենց գործունեության, լկտիության, պահվածքի հետեւանք է։ Էդ լարվածության աստիճանն անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, հետո սկսում են դու-ով խոսել, հետո սուտ խոսել, հետո սկսում են բղավել, հետո կոլեկտիվ բղավել։ Ձեզ թվում է՝ եկանք, կանգնեցինք, ասեցինք՝ «մատոռ, ռեք», ու սկսեցինք իրար վրա գոռա՞լ։ Վարչապետն էլ, ես էլ, բոլորս էլ մարդ ենք, մսից, արյունից ենք, և համբերություն ունենք», – ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակի լարվածությունը «շահագործվում է ընդդիմության կողմից», ինչը նաև նպաստում է քաղաքական մշակույթի անկմանը։



















