Եթե ՀԱԿ-ը չմասնակցի արտահերթին, ունենալու ենք գաղափարազուրկ և ցածրորակ քարոզարշավ. քաղաքագետ

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, նկատի ունենալով, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը գրեթե հայտնի են, ինչ եք կարծում՝ ինչպիսի՞ նախընտրական գործընթացներ են սպասվում:

– Դեռևս դժվար է ասել, քանի որ հայտնի չէ՝ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: Ես համարում եմ, որ ՀԱԿ-ը, մասնակցության դեպքում, այդ մի քանի առանցքային ուժերից մեկն է լինելու:

Եթե ՀԱԿ-ը մասնակցի, կարող է ստիպել, որ ընտրությունները լինեն իսկապես բովանդակային ու գաղափարական, հակառակ դեպքում լինելու է ընդամենը իշխանության համար պայքար՝ շատ կոշտ ու ագրեսիվ հռետորաբանությամբ, առանց բովանդակության:

Գերակշռելու է միմյանց նկատմամբ ցեխ շպրտելու քարոզչական քաղաքականությունը, մրցակցելու են այն բանի շուրջ, թե ով ավելի գեղեցիկ ստեր կասի և ով ավելի վարպետորեն կխաբի հասարակությանը:

– Այսինքն՝ կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը միայն ստելո՞ւ և միմյա՞նց են վիրավորելու քարոզարշավի ընթացքում:

– ՀՀԿ-Վանեցյան՝ «Պատիվ ունեմ» դաշինքի մասին որևէ բան դեռ չեմ կարող ասել, քանի որ հրապարակային ելույթներ չեն եղել, բայց Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի մասին, այո՛, կարող եմ ասել, որ երկուսն էլ միմյանց հետ մրցակցելու են դատարկ, կենացային և մանիպուլյացիաների դաշտում:

Օրինակ՝ Քոչարյանի հիմնական թեզերից մեկն այն է, թե բանակցությունների միջոցով Հադրութն ու Շուշին կփորձեն հետ բերել:

Ակնհայտ է, որ դա ուղղակի իրատեսական չէ, և նա ներկայացնում է մի բան, որը հնարավոր չէ տեսանելի ապագայում:

Նույնն էլ Փաշինյանը, երբ ասում է, թե ապաշրջափակում կլինի, ճանապարհները կբացվեն, կզարգանանք, նա էլ է ակնհայտորեն ստում, որովհետև ճանապարհները չեն բացվելու՝ համենայնդեպս, հայ-թուրքական, ընդամենը Ադրբեջանն է կապվելու Նախիջևանի հետ, ինչը Հայաստանի ապաշրջափակման հետ որևէ կերպ չի առնչվում:

– Կրկին անդրադառնալով ՀԱԿ-ի մասնակցել-չմասնակցելուն՝ կխնդրեմ, պարո՛ն Բաղդասարյան, ասեք՝ ինչո՞վ է պայմանավորված, ըստ ձեզ, ՀԱԿ-ի համագումարի հետաձգումը, և առաջին նախագահը համագումարից առաջ ի՞նչ նպատակով հրապարակեց իր արդեն հայտնի հայտարարությունները: 

– Համագումարի հետաձգումը վկայությունն է այն բանի, որ քաղաքական այդ ուժը շատ լուրջ է վերաբերվում առաջիկա ընտրություններին և չի ցանկանում դրանց մոտենալ այնպես, ինչպես բազմաթիվ քաղաքական ուժեր:

Ինչ վերաբերում է առաջարկներին, կարծում եմ, որ Հայաստանի վիճակն իսկապես բավականին ծանր է, և Տեր-Պետրոսյանն անգամ իր քաղաքական հակառակորդներին էր ձեռք մեկնում:

«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» ի՞նչ շանսեր ունեն:

– Այդ երկու քաղաքական ուժերն էլ ընդամենը կարող են պայքարել հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար, ընդ որում, ԲՀԿ-ի շանսերը շատ ավելի բարձր են այդ առումով:

Այսինքն՝ այս ընտրություններում նրանք առանցքային դերակատարում չեն ունենալու, որովհետև առանցքային ուժերն արդեն երևում են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն այդ ցանկում չկան: Հաղթելու շանսեր, սակայն, այդ ուժերը չունեն:

– Պարո՛ն Բաղդասարյան, այնուամենայնիվ, ՀԱԿ-ը կմասնակցի՞ արտահերթին, և առանցքային ուժերի շանսերն ինչպիսի՞ն են՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի ունեցած և կիրառվող ռեսուրսները:

– Չգիտեմ՝ ՀԱԿ-ն ի՛նչ որոշում կկայացնի, բայց՝ վստահ եմ, որ վերջին տասը տարիների ընթացքում Կոնգրեսը երբեք հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր չի ունեցել, քան հիմա:

Իմ կարծիքով՝ ՀԱԿ-ի մասնակցությունը պարտադիր պետք է լինի, այլ հարց է, որ նրանք գուցե քննարկում են՝ պե՞տք է արդյոք մասնակցել հանուն մասնակցության և ընդամենը խորհրդարանում հայտնվելու համար իմաստ ունի՞ մասնակցությունը, եթե բացարձակ հաղթանակի հավանականությունը քիչ է:

Կրկնում եմ՝ ամեն դեպքում մասնակցությունը ճիշտ կլինի, որովհետև որակապես կփոխի առաջիկա ընտրությունները: Հաղթանակի մասով՝ դժվարանում եմ ասել, քանի որ կան ռեսուրսների, ֆինանսների խնդիրներ, որոնք Կոնգրեսը, կարծում եմ, չունի:

Իսկ մյուս երեքի մասով, իսկապես, չեմ կարող ասել, որովհետև քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց կարծում եմ, որ լինելու է շատ կեղտոտ քարոզարշավ՝ բոլոր առումներով, չեմ բացառում նաև բախումները, ձերբակալությունները:

Դժվար է ասել, բայց մենք տեսնում ենք, որ և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը փորձում են ամեն գնով հասնել իշխանության, Փաշինյանն էլ ամեն գնով փորձում է պահել այն, իսկ այս իրավիճակն ինքնին արդեն հղի է լուրջ վտանգներով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am