Բարենպաստ պայմաններ՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ: Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է համաձայնագրի կնքման կարևորությունը և նշել. «Այս համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն ենթադրաբար ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»:

Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորել է համաձայնագրի ստորագրումը: «Այո՛, շատ կարևոր է: Ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես, նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, և այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու և նաև մրցակցությունը խթանելու հետ կապված մենք շատ անելիք ունենք։

Սա մեր քաղաքական հանձնառություն է, որ մենք մինչև վերջ Հայաստանում որևէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է քաղաքացիների, սպառողների պաշտպանության վրա: Մարդիկ պետք է ունենան հնարավորություն որակյալ և հնարավորինս մատչելի գնով ապրանք ձեռք բերելու»,- ասել է վարչապետը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ պետական որևէ խոչընդոտ որևէ տնտեսվարողի համար ՀՀ տարածքում չկա։

Կառավարության ղեկավարը նշել է, որ 2018-ից հետո և՛ բենզինի, և՛ դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է. «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը՝ շատ դժկամությամբ: Հիմա նույնպիսի արագությամբ են արձագանքում թե՛ գների նվազմանը, թե՛ բարձրացմանը»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բենզալցակայաններում վաճառվող բեզնինի որակի և քանակի առնչությամբ առկա հարցին: «Երբ քաղաքացին լիցքավորում է 5 լիտր պրեմիում բենզին, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, և այդ պրեմիումն իրոք պրեմիում է»,-նշել է վարչապետը։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։