Պետությունը, ըստ էության, հորդորում է լրատվամիջոցներին հետևել մասնագիտական էթիկայի կանոններին. Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի վերաբերյալ նոր նախագիծ, որով նախատեսվում է սահմանել լրատվամիջոցների ինքնակարգավորման հասկացությունը որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ, որի նպատակն է առանց պետության միջամտության ապահովել լրատվամիջոցի գործունեության որակը: Ձեր դիտարկումներն եմ խնդրում նախագծի վերաբերյալ:

– Պետությունը, ըստ էության, հորդորում է լրատվամիջոցներին հետևել մասնագիտական էթիկայի կանոններին ու դրանց հիման վրա ինքնակարգավորվել: Ինչու եմ օգտագործում «հորդորել» բառը, որովհետև եթե ուշադիր կարդաք նախագիծը, այնտեղ չեք նկատի պատասխանատվության որևէ մեխանիզմ, այսինքն՝ այն, ինչ արվել է, ավելի շատ հորդոր է, քան պարտադրանք, և այն լրատվամիջոցները, որ կմասնակցեն ինքնակարգավորման գործընթացին, նաև հնարավորություն կունենան օգտվելու տարատեսակ խրախուսական միջոցներից, որոնց մասին խոսվում է նախագծում: 

Նաև փորձ է արվում վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական գործերում ավելի ինտենսիվ դարձնել արտադատական լուծումները, այսինքն՝ հայցվորները նախքան դատարան դիմելը կարող են այդ տեղեկատվական վեճը լուծել՝ դիմելով ինքնակարգավորման այդ մարմիններին, ընդ որում՝ այստեղ ընտրությունը լրատվամիջոցներինն է, թե ի՛նչ մեխանիզմ կիրառեն ինքնակարգավորման համար: 

Գիտեք, որ արդեն վաղուց գործում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմին, բայց ամենևին էլ պարտադիր չէ, որ հենց այդ մարմնի հետ աշխատեն ու մաս կազմեն այդ կառույցին: Լրատվամիջոցները կարող են ունենալ ներքին օմբուդսմեն ու իրենց ներքին կանոններն ու էթիկական նորմերը մշակել ու ունենալ: Լրատվամիջոցները կարող են համախմբվել ու նոր ինքնակարգավորման կառույց ստեղծել իր դիտորդ մարմնով, էթիկական վարքականոնով, ուղղակի այդ էթիկական վարքականոնը պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն ու դրա արդյունքում ճանաչվի միջազգային նորմերին համապատասխանող: 

Անցումային դրույթներում նշված է, որ դրա համար ստեղծվելու է հանձնաժողով, որը կգնահատի այդ վարքականոնները, եթե այն համապատասխանի միջազգային ընդունված նորմերին, ապա այն ճանաչված կլինի ոչ միայն այդ հանձնաժողովի, այլ նաև պետության կողմից: 

Ամենակարևորը, որ ուզում եմ ընդգծել, այս ամբողջ գործընթացը նախատեսում է կամավորության սկզբունք, այսինքն՝ լրատվամիջոցն ինքը պետք է որոշի, թե ինչպես է ինքնակարգավորվում կամ, առհասարակ, ինքնակարգավորվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե որոշում է, որ չի ինքնակարգավորվում, ապա շարունակում է գործել այնպես, ինչպես գործել է, ուղղակի այդ դեպքում այդ խրախուսման մեխանիզմներից օգտվելու հնարավորություն չի ունենա, իսկ այդ խրախուսման միջոցները տարիների ընթացքում կարող են ընդլայնվել, օրինակ՝ կարող է քննարկվել հարկային արտոնությունների հարցը, ԶԼՄ-ներին աջակցելու պետական ֆոնդ ստեղծելու հարցը, որի միջոցով հնարավոր կլինի տարատեսակ՝ սոցիալական, տնտեսական ու այլ, լուսաբանումների համար մրցույթներ հայտարարել և տրամադրել որոշ դրամաշնորհներ և այլն: 

Եթե որոշվի այդպիսի ֆոնդ ստեղծել, ապա պետությունը միայն ստեղծողի դերում կարող է հանդես գալ, բայց գումարները տրամադրելու գործում որևէ կերպ դերակատարություն չունենա: Մեծ հաշվով, հենց այդ հանձնաժողովը, որ բաղկացած կլինի լրագրողական կազմակերպություններից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, կարող է այդ որոշումը կայացնել: Իհարկե, սա ապագայի հարց է, բայց ուզում եմ ասել, որ այդ խրախուսման միջոցները կարող են նաև ընդլայնվել: 

– Իսկ այս պարագայում այդ խրախուսական միջոցների տրամադրումը չի՞ կարող ոչ օբյեկտիվ բաշխվել, մտավախություն չունե՞ք, որ կգործի ընտրողական մոտեցում:

– Մտավախություն միշտ էլ կարելի է ունենալ, բայց այստեղ պետությունը չի որոշում լավն ու վատը, եթե լրատվամիջոցն ունի էթիկական նորմերի հրապարակված վարքականոն, եթե լրատվամիջոցն ունի մարմին կամ անձ, որը հետևում է այդ վարքականոնի կատարմանը, դա բավարար է, որ այդ լրատվամիջոցն անվերապահորեն հավատարմագրեն, պետությունն այստեղ չպետք է ինչ-որ գնահատական տա, ու բացառվում է, որ տա: Արդեն իսկ առկա վարքականոնի, որն իր դրույթներով համապատասխանում է միջազգային չափանիշներին, համաձայն գործող լրատվամիջոցի համար դա բավարար հիմք է, որպեսզի այն համարվի հանրային կարևորություն ունեցող հարթակ: 

 – Պարո՛ն Մելիքյան, փաստորեն, ռիսկային դրույթներ չկա՞ն լրատվամիջոցների համար այս նախագծում:

– Այն իրավիճակը, որը ստեղծվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում, իհարկե, որոշակի կարգավորման անհրաժեշտություն ունի: Մենք գիտենք, որ լրատվական դաշտը խիստ բևեռացված է, որ լրատվական տարբեր ճամբարների միջև մեծ հաշվով տեղի է ունենում տեղեկատվական պատերազմ, ու այստեղ, իհարկե, պետությունը կարող է առաքելություն ունենալ ու հորդորել, որ լրատվական գործունեությունը ցանկացած պարագայում, անկախ նրանից, թե այդ լրատվամիջոցը ո՛ր քաղաքական ճամբարում է, հետևի մասնագիտական էթիկայի նորմերին: 

Եթե այդ գաղափարական պայքարը գնում է, այն պետք է ընթանա քաղաքակիրթ ձևով ու լրագրողական նորմերին համապատասխան, այսինքն՝ իրենց կարծիքը չի կարելի օգտագործել քարոզչության հիմք ու անտեսել այլ կարծիքներ, չի կարելի խեղաթյուրել փաստերը, դրանք անպայման պետք է ստուգվեն: Պետությունն ընդամենը հորդորում է գործել լրագրողական էթիկային ու նորմերին համապատասխան, այլ ոչ թե դրանք ոտնահարել՝ ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով: 

– Իսկ այս փոփոխությունը կնպաստի՞ դաշտի որոշակի կարգավորմանը, այդ առումով:

– Ես կարծում եմ, որ սա կարող է որոշ առումներով առողջացնող գործընթաց լինել, ու կախված նրանից, թե լրատվամիջոցները որքանով պատասխանատվությամբ կմոտենան իրենց գործունեությանը, որքանով կհետևեն հանրային շահին, ոչ թե նեղ քաղաքական, անձնային շահերին, սա իհարկե կարող է առողջացնող դեր կատարել: 

Կրկնում եմ՝ ամենակարևորը՝ նախատեսվող գործընթացը կամավոր բնույթ է կրում, չկան պարտադրանք ու պատասխանատվության ենթարկող մեխանիզմներ, կան խրախուսման մեխանիզմներ: Ուզում եմ նշել, որ օրինագծի մշակման գործընթացին մասնակցել են լրագրողական, հասարակական կազմակերպությունները ևս: 

Հիշեցնեմ, որ անցյալ տարի մի հուշագիր ստորագրվեց խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահի, արդարադատության փոխնախարարի ու տասը լրագրողական կազմակերպությունների միջև առ այն, որ մեդիաօրենսդրությունը պետք է բարեփոխվի ու համապատասխանեցվի միջազգային չափանիշներին, արդիական պետք է դառնան այդ օրենքները: Այդ հուշագրի շրջանակներում բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, ու պետք է ասեմ, որ այս օրինագիծը այդ քննարկումների ու համատեղ աշխատանքի արդյունք է, և մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք տեղեկատվական դաշտը կարգավորելու ուղղությամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am