Գեներալների դղյակների առեղծվածն ու հազարավոր սպաների տուն չունենալը կամ հռետորական հարցեր Փաշինյանին

Փասռաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն արդեն իսկ հաստատել է իր առաձնատանը տեղի ունեցած խնջույքի փաստը՝ ընդգծելով, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, սակայն, ըստ իրեն, խախտում չի եղել:

Նորապսակ զույգերին մաղթում եմ երջանկություն, և բնականաբա՛ր, իրավասու մարմինները թող պարզեն այդ ամենի իրավաչափությունը, սակայն տվյալ իրադարձությունն ինձ հետաքրքրում և անհանգստացնում է այլ տեսանկյունից:

Եթե դա իսկապես Արտակ Դավթյանի շքեղ առանձնատունն է, ապա հարց է առաջանում, թե սա ի՞նչ հայկական առեղծված է, որ հայոց բանակի գեներալներից շատերն ունեն թանկարժեք դղյակներ, առանձնատներ, ամառանոցներ, հյուրանոցներ, ՀԷԿ-եր, իսկ կրտսեր ու ավագ սպայական կազմի հազարավոր սպաներ ապրում են վարձով:

Հետաքրքիր է՝ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվում այս դղյակները, եթե մեր գեներալներն իրենց աշխատանքային կենսագրության ընթացքում հիմնականում հանդիսացել են զինվորական, հետևաբար, մեծագույն ցանկության դեպքում չէին կարող ձեռք բերել այդպիսի առանձնատներ

Խնդիրն այստեղ Արտակ Դավթյանը չէ: Ճիշտ հակառակը: Նրա նշանակվելուց հետո կարծիք էի հայտնել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ինտելեկտուալ սպայակազմի ներկայացուցիչներից մեկը, ինչը շատ կարևոր ուղերձ է հանրության և զինված ուժերի անձնակազմի համար:

Նրա նման բազմաթիվ գեներալներ կան, ովքեր ունեն առավել ճոխ դղյակներ ու ահռելի հարստության տեր են:

Պարո՛ն վարչապետ
-Ձեզ չի՞ հետաքրքրել, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ զինված ուժերի բազմաթիվ գեներալներ կարող են ձեռք բերել ու բնակվել թանկարժեք առանձնատներում, իսկ 20 տարի և ավել զինված ուժերում ծառայող, ինչպես նաև ներկայումս պահեստազորում գտնվող հազարավոր սպաներ բնակարան չունեն և հույս էլ չկա, որ տեսանելի ապագայում կունենան:

-Ձեզ չե՞ն զեկուցում, որ պահեստազորում գտնվող և մարզերում հաշվառված անձանց տրամադրվող բնակարանային գնման վկայագրերով մարդիկ դժվարանում են ձեռք բերել համապատասխան և իրենց հասանելիք բնակարանները:

-Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր կառավարությունը մինչև օրս չի պարզել Ձեր խոսքերով՝ բանակը սերմացու գողացող մկների պես թալանածներին և պատասխանատվության չի ենթարկել նրանց, մինչև օրս չի գնացել ԴՂՅԱԿԱՏԵՐ գեներալների հետևից՝ փորձելով պարզել դրանց ծագումնաբանությունը, բայց ԴՈՒՔ փութաջանորեն 2019թ. մայիս ամսին ընդունել եք կառավարության թիվ 540-Ն որոշումը, որով պահեստազորում գտնվող սպայական կազմի համար ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության չափը 100 տոկոսի փոխարեն դարձրել եք 50 տոկոս:

-Ձեզ չի՞ հետաքրքրում, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ զինված ուժերի գործող բազմաթիվ սպաներ տարիներ շարունակ հերթագրված են եղել բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, սակայն մինչ օրս նրա բնակարանային պայմանները չի բարելավվել, իսկ նրանց փոխարեն բնաարաններ են ստացել մարդիկ, ովքեր երբեք բնակարանի խնդիր չեն ունեցել, իսկ ԴՈւՔ նրանց ոչ միայն չեք պատժում, այլև խրախուսում և ավելի բարձր պաշտոնների եք նշանակում:

Կապրե՛նք, կտեսնենք, թե ՛՛Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին՛՛ ՀՀ օրենքի կիրառությունը, արդյո՞ք, կհասնի գեներալների դղյակներին, թե՞ ոչ…

Բայց սա արդար չէ, և մեզ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ է պետք:

Ի դեպ, 2018թ. դեկտեմբեր ամսին խոստացել եք, որ առաջիկա 5 տարիներին հավելյալ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլլար է ծախսվելու ՀՀ Զինված ուժերի համար, և այդ գումարը, ըստ Ձեզ, պետք է վճարեն հանրությանը հայտնի կոռուպցիոներները:

-Կարո՞ղ եք հանրությանը ներկայացնել, թե մինչ օրս այդ գումարից որքա՞ն է հավաքվել և ուղղվել բանակի զարգացմանը:

Ի սեր Աստծո, գրեթե հույս չկա, որ որևէ մեկը կպատժվի իր արարքների համար, բայց բարի եղեք լուծել զինված ուժերի գործող ու պահեստազորում գտնվող հազարավոր սպաների բնակարանների հարցը:

Այդ մարդիկ են բանակի հիմքը, և նրանք արժանիորեն վաստակել են իրենց սեփական տանը ապրելու իրավունքը…