Իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումն ընտրակաշառք չէ, բայց պակաս վատ բան չէ, քան ընտրակաշառքը․ Միքայել Նահապետյան

Լուսանկարը՝ անձնական արխիվ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախօրեին ենթադրյալ կաշառքի վերաբերյալ ձայնագրություն էր տարածել, բերման էին ենթարկվել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անդամներ: Իշխանության ներկայացուցիչները բազմիցս են նշել, որ ընտրակաշառքն անընդունելի է, որ իրենց իշխանության օրոք դա Հայաստանում չի լինելու: Փորձագիտական դաշտի, ընդդիմության որոշ ներկայացուցիչների կարծիքով էլ՝ նույն իշխանությունը մարդկանց ևս տալիս է ընտրակաշառք, բայց օրինական՝ կենսաթոշակների բարձրացումը, առողջության համընդհանուր ապահովագրությունը և այլն: Զուգահեռներ անցկացնելով այս իրողությունների միջև՝ դուք ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցող զարգացումները:

– Եկեք իրերն իրենց իրական անուններով կոչենք, որ մեր գործն էլ հեշտանա. այն, ինչ անում է իշխանությունը, վարչական ռեսուրսի մասսայական չարաշահում է, այդ թվում՝ ձեր ասած դրվագները: Կային ժամանակներ, երբ ընտրությունների ժամանակ մասսայական ընտրակաշառք էր բաժանվում, քվեատուփերի պարունակություն էր փոխվում, ԿԸՀ-ում թվեր էին նկարվում և այլն: Հաշվի առնելով այդ խայտառակ պրակտիկան՝ հայ հասարակության շրջանում ինչ-որ ընկալում է ձևավորվել ընտրություններ կեղծելու, ընտրախախտումների վերաբերյալ, բայց կյանքն առաջ է գնում, հիմա իրողություններին նայելով հին ստանդարտներով, մենք չենք մոտենում կյանքի այն որակին, ժողովրդավարության այն որակին, որին արժանի է մեր ժողովուրդը, այլ կերպ ասած, երբ 21-րդ դարի առաջին քառորդն ապրած վիճակում մենք ասում ենք՝ «Ախպե՛ր, դե քվատուփի պարունակությունը չի փոխվում, կաշառք չի բաժանվում, թվեր չեն նկարվում, վերջ, ամեն ինչ նորմալ է», մենք ստանում ենք այն, ինչ ունենք: 

Այն, ինչ կատարվում է, ընտրակաշառք չէ, բայց պակաս վատ բան չէ, քան ընտրակաշառքը, նկատի ունեմ վարչական ռեսուրսի չարաշահումը: Սա է իրողությունը, ճշմարտությունը, որը պրոպագանդիստներն ու պրոպագանդիստի ֆունկցիա կատարող փորձագետներն ու իրավապաշտպանները փորձում են շրջանցել: Ընտրությունները կեղծելու մեթոդաբանությունը էվոլյուցիա է ապրել՝ հիմա քվեատուփի պարունակությունը չեն փոխում, փոխում են մարդկանց գլխի պարունակությունը:

– Արժանահավա՞տ եք համարում ընդդիմության կողմից, կոնկրետ դեպքում՝ «Ուժեղ Հայաստանի», ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը կամ հրապարակվող ձայնագրությունները:

– Ես չունեմ այդ հարցերի պատասխանը: Իմ կյանքի մեծագույն ողբերգություններից է, որ ես ապրում ու գործում եմ մի երկրում, որի իրավապահ համակարգի տված որևէ հաղորդագրություն կարող է լինել 100 տոկոս ճշմարտություն ու 100 տոկոս սուտ: Մենք գործ ունենք մի իրավապահ համակարգի հետ, որը մոնտաժել է Բագրատ Սրբազանի զրույցի ձայնագրությունը, քրեական գործի առանցքային ապացույցի մոնտաժ է արել: Միևնույն ժամանակ կան կենցաղային սպանության գործեր, որոնց ապացույցները 100 տոկոս իրական են: Հիմա, ես չգիտեմ, թե կոնկրետ դեպքն այս երկուսից ո՛ր մեկն է: Ես կարծում եմ, որ եթե այդտեղ կա կաշառք բաժանելու դրվագ, դա արատավոր պրակտիկա է, բայց մեր պետության շատ ավելի կարևոր խնդիրն այն է, որ պետությունը, որ պետք է ամեն ինչի արդարությունն ու իրավաչափությունը երաշխավորի, արդեն այնքան շատ է սուտ խոսել, որ չես կարողանում հասկանալ՝ ապօրինի բան տեղի ունեցե՞լ է, թե՞ չէ:

– Պարո՛ն Նահապետյան, վարչական ռեսուրսի կիրառման դեպքերի մենք էլի ականատես կլինե՞նք:

– Միանշանակ, իհարկե, ինչո՞ւ պետք է չանի դա, ո՞վ կստիպի:

– Դիտորդական տարբեր առաքելություններ կան, զսպող մեխանիզմ չե՞ն լինի:

– Բոլոր դիտորդական առաքելությունները ֆինանսավորող ու հովանավորող աշխարհաքաղաքական կենտրոններում կա հստակ քաղաքական որոշում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն կերպ վերարտադրելու վերաբերյալ:

– Այդ պարագայում ընտրական գործընթացների ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել:

– Կյանքն այնուամենայնիվ քառակուսի չէ, երբեք չի լինում այնպես, որ ամեն բան կորած է, կամ հակառակը՝ ամեն ինչ երաշխավորված է: Հունգարիայի վերջին օրերի դեպքը, եթե դիտարկենք, աշխարհի թիվ մեկ գերտերությունը աջակցում էր Վիկտոր Օրբանին, Ռուսաստանն աջակցում էր Վիկտոր Օրբանին, վերջինս ուներ իշխանություն, վարչական ռեսուրս և այլն, բայց պարտվեց: 

– Կարծում եք՝ նույնը կարող է լինել Հայաստանո՞ւմ:

– Մի բանում եմ համոզված, որ եթե հայ ժողովուրդը որոշում կայացնի ապրել այլ կերպ, քան ապրում է հիմա, ապա այդ որոշման հետ բոլորը ստիպված են լինելու հաշվի նստել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am