Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է․

Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն:

Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: