«Ուզում եմ օրս արագ անցնի, աշխատանքով զբաղվեմ, չզգամ, չվերադառնամ իմ կյանք»․ Գոհարն ասում է՝ Մարտինն իր ապրեցնողն էր

48-ամյա Գոհար Մազմանյանն առանց որդու կյանքը չի կարողանում պատկերացնել։ 19-ամյա Մարտինը մոր համար ամեն ինչ էր․ «Իմ ապրեցնողն էր, իմ հույսը, իմ արևը»։ Գոհարը որդուն կորցրել է պատերազմում։

Գոհարը Գյումրիից է, ամուսինը 2018-ին է մահացել, երկու որդիներից կրտսերը՝ Մարտին Հովհաննիսյանը, 2020-ի հունվարին է զորակոչվել բանակ։ Ջրականում է ծառայել, երբ սկսվել է պատերազմը։

«Իրան սեպտեմբերին սերժանտ տվեցին, Ջրականում ա եղել պատերազմի ժամանակ, հետո փրկվելով դուրս են եկել, հոկտեմբերի 7-ին Հադրութում են եղել, հետո ամսի 10-ին բարձրացել են Հադրութի բարձունքի վրա, բարձունքից դեպի անտառներ են գնացել, ու էդպես էլ էդ երեխեքից մի նորմալ լուր չեղավ»,- ասում է Գոհարն ու նշում, որ այդ օրվանից շուրջ 3 ամիս որևէ տեղեկություն չի ունեցել որդու մասին։

«Ես ամսի 10-ի առավոտն եմ ձայնը լսել, ու դրանից հետո էլ ոչ մի լուր։ Շատ դաժան օրեր էին, չգիտեմ՝ ոնց եմ անցկացրել։ Էդ տառապալից գիշերները, որ չգիտեմ որտեղ է՝ ո՞ղջ է, ո՞ղջ չէ, կգտնե՞ն, չե՞ն գտնի։ 

Թեժ գծեր էի զանգում, ինձ հույս էին տալիս, ասում էին՝ չկա անուն, ազգանունը, մտածում էինք՝ երեխեքը թաքնված են, շուտով դուրս կգան… Հույսով ապրել ենք մինչև ավարտը, բայց էդ ավարտից հետո էլի հույսով, որ կգտնվեն, բայց ․․․»- ասում է Գոհարն ու կրկին հուզվում։

Գոհարը հունվարին է տեղեկացել, որ հանձնած ԴՆԹ-ն համընկել է։ Ասում է՝ որդու մարմինը չի տեսել, հուղարկավորությունը կատարել են, բայց հավատալ և պատկերացնել, որ իրենց ընտանիքի հետ կատարվածը իրականություն է, չի կարողանում։

«Դեկտեմբերի երեխեքին գտել են Հադրութի չգիտեմ որ գյուղից, երեխեքը երևի անտառից դուրս են եկել ու ընկել շրջափակման մեջ։ Զանգեցին ավագ որդուս, ասեցին՝ եկեք, ես չէի հավատում, ոնց որ սպասեի, որ ուրիշ բան են ասելու, արդեն ինձ ոչինչ չասեցին, բայց իրանք գնացին, ամսի 8-ին բերեցին»։

Գոհարն ասում է՝ այդ օրվանից չի կարողանում ապրել, պարփակվել էր, երկար ժամանակ տնից դուրս չի եկել, դեպրեսիվ վիճակի մեջ է եղել, մինչև հոգեբանն աշխատել է իր հետ, ու սկսել է աշխատանքի դուրս գալ։

Գոհարը նշում է, որ երբ տղան բանակ է գնացել, ինքը տեղափոխվել է ծնողների տուն, քանի որ մեծ տղան Սանկտ Պետերբուրգում է ապրում, իսկ ամուսինը մահացել է։ Մարտինի հետ որոշել էին, որ բանակից գար, նորից իրենց տուն էին տեղափոխվելու։ 

Գոհարն ասում է՝ Մարտինի հետ կատարված դեպքից հետո այդպես էլ չի կարողանում առանց նրա տուն գնալ։

«Ոնց որ սպասում եմ, որ կգա, ու չեմ կարողանում գնալ»,- ասում է որդեկորույս մայրն ու հուզվում։

«Ոնց որ էստեղ եմ, էստեղ ուրիշ կյանք է, իմը չէ, չեմ կարողանա առանց իրա իմ կյանքով ապրել, դրա համար չեմ կարողանում գնամ, բայց մի օր դա էլ պիտի հաղթահարեմ։ Իր սիրելի տունն էր, ինքն էլ էր շատ կարոտել»,- ասում է Գոհարը։

Գոհարն ասում է՝ Մարտինն ուրիշ էր իր համար՝ հոգատար, ուշադիր:

Հիշում է, որ իր ծննդյան օրը որդին բանակից կազմակերպել էր, որ ընկերները այցելեն ու շնորհավորեն մորը։

«Իմ ծննդյան օրը դուռը թակեցին իր ընկերները՝ ծաղկեփնջով ու տորթով,- հուզմունքով պատմում է Գոհարն ու շարունակում,- ինքը մի քիչ ուրիշ էր ինձ համար, սովորաբար աղջիկներն են իրանց մամաների հանդեպ ուշադիր, հոգատար, քան տղաները, փոքրս լրիվ ուրիշ էր»։

Մարտինը մինչ բանակ գնալը ընդունվել է Գյումրու մանկավարժական համալսարանի թարգմանչական բաժին։ Մայրն ասում է՝ որդին հրաշալի տիրապետում էր ռուսերենին, սկսել էր անգլերեն սովորել։ Հասցրել էր մի քանի ամիս աշխատել հյուրանոցներից մեկում՝ որպես ադմինիստրատոր։

Դպրոցում գերազանց է սովորել Մարտինը, ընկերասեր էր ու շատ բարի։ 

«Որ գնում էի դպրոց՝ ժողովի, գլուխս բարձր էր, գիտեի, որ միայն գովեստի խոսքեր եմ լսելու։ Ինքը կռիվների չէր մասնակցի, հակառակը՝ կարող ա միայն հարթեցներ։ Դասընկերների հետ շատ մտերիմ էր, շատ կապված էին միմյանց հետ։ Բոլորը սիրում էին Մարտինին ու մինչև հիմա չեն հավատում, որ ինքը չկա»։

Գոհարն ասում է՝ նույն դպրոցից երկու տղա չեն վերադարձել պատերազմից՝ Մարտինն ու իր ամենամտերիմ ընկերը՝ Լյովը։

«Նույնիսկ իրենց վերջին զանգի օրը ասում էին՝ որտեղ Մարտինը՝ էնտեղ Լյովը, որտեղ Լյովը՝ էնտեղ Մարտինը: Երբ ես Լյովի մասին իմացա, որ կորել էր ու զոհվել էր, վախեցա, որովհետև իրանք ոնց որ անբաժան ընկերներ լինեին»,- կսկիծով ասում է Գոհարը։

Գոհարն ասում է՝ այժմ փորձում է ապրել մյուս որդու համար, բայց ցավը խորն է ու անտանելի։

«Փորձում եմ ապրել, որ մյուս տղես մենակ չմնա, էս կյանքում մենակ ես եմ իրա համար։ Բայց օրս ուզում եմ արագ անցնի, աշխատանքով զբաղվեմ, չզգամ, չվերադառնամ իմ կյանք, որովհետև շատ դժվար է»,- ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am