Վրաստանում հոգեկան խանգարումը խայտառակություն է համարվում

Վրաստանում հոգեկան խանգարումը խայտառակություն է համարվում
Վրաստանում հոգեկան խանգարումը խայտառակություն է համարվում

Գործատուները խուսափում են աշխատանքի ընդունել բոլոր նրանց, ովքեր երբեւէ հոգեկան խնդիրներ են ունեցել:
Վրաստանում նախկինում հոգեկան խնդիրներ ունեցած անձինք մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում եւ հաճախ ստիպված են լինում դիմել խաբեության իրենց հիվանդության պատմության վերաբերյալ`անգամ ամենացածր վարձատրվող աշխատանքը ստանալու համար:

Գործատուները խուսափում են ռիսկի դիմելուց եւ հրաժարվում են աշխատանքի ընդունել նախկինում հոգեկան խանգարում ունեցած մարդկանց, որոնց միակ հույսը մնում են բարեգործական կազմակերպությունների ապահոված փոքրաթիվ աշխատատեղերը:

Թբիլիսիում գործող հանրախանութում աշխատանք ստանալու համար, դիմումի հայտը լրացնելիս, 32-ամյա Մայան, որին շատ էր անհրաժեշտ աշխատանքը, ստիպված եղավ դիմել խաբեության`կեղծելով քրոնիկական հիվանդության առկայության վերաբերյալ հարցի պատասխանը:

«Իրականում, ես հոգեկան խանգարում եմ ունեցել: Չնայած բուժում եմ ստացել, ապաքինվել եւ այժմ ի վիճակի եմ աշխատել, բայց դա այս հասարակության համար ոչինչ չի նշանակում: Դա այնպիսի մեծ խայտառակություն է այստեղ, որ նախկին հիվանդները ստիպված են ստել այդ մասին գործատուներին», – պատմեց Մայան`խնդրելով չբացահայտել իր ազգանունը:

Մայան հավաքարար է հանրախանութում ամսական 200 լարի աշխատավարձով (120 դոլար) եւ մշտապես սարսափով սպասում է, որ շուտով խանութի ղեկավարությունը կբացահայտի իր գաղտնիքը եւ կազատի իրեն աշխատանքից:

«Եթե աշխատանքից զրկվեմ, ապա կհայտնվեմ փողոցում տասնյակ այլ մարդկանց նման, որոնց ազատել են աշխատանքից նախկինում ունեցած հոգեկան խնդիրների պատճառով, անկախ այն հանգամանքից, որ այդ մարդկանց հաջողվել է բուժվել», – ասում է նա:

Հոգեբան Մանանա Շարաշիձեի խոսքերով`նրա հիվանդները հաճախ են կանգնում երկընտրանքի առջեւ`չիմանալով`թաքցնել իրենց հիվանդության պատմությունը, թե` ոչ:

«Ցավոք, հիվանդները հաճախ թաքցնում են նախկինում հոգեկան խնդիրներ ունենալու փաստը, այլապես նրանց ոչ ոք աշխատանքի չի ընդունի: Պետք է վերացնել այս խնդիրը եւ հնարավորություն տալ գործատուներին տեսնել, թե որքան լավ են աշխատում այս մարդիկ», – ասում է հոգեբանը:

Շարաշիձեն գլխավորում է Վրաստանի հոգեբանական առողջության միությունը եւ հանդիսանում է «Հոգեսոցիալական կենտրոն»-ի համակարգողը. այս կենտրոնը գործում է նրանց համար, ովքեր ցանկանում են բուժում ստանալուց հետո համապատասխան նոր հմտություններ ձեռք բերել աշխատավայրում իրենց դրսեւորելու համար:

Հոգեթերապեւտ Թեմուր Լոսիբիձեն արհեստի դասընթացներ է վարում Կենտրոնում եւ նշում է, որ այստեղ «այնպիսի բարձր մակարդակով են սովորում բրդից եւ մահուդից իրեր են պատրաստել, ասեղնագործել եւ շյուղերով գործել, որ նրանց արտադրանքը շատ լավ գներով է վաճառվում»:

Հոգեկան խանգարումների մասին հանրության կարծիքն իմանալով`Լոսիբիձեն համոզված է, որ մարդիկ գնում են նախկին հիվանդների ձեռքով պատրաստած իրերը միայն այն պատճառով, որ չգիտեն, թե ովքեր են դրանց հեղինակները. «Հակառակ դեպքում, ոչ ոք չէր գնի նրանց պատրաստածը», – նշում է նա:

Միաժամանակ, հոգեթերապեւտն ընդունում է, որ նախկին հիվանդներին այս հմտություններով ապահովելը դեռ չի նշանակում, որ նրանց աշխատանքի կընդունեն պոտենցիալ գործատուները: Հոգեթերապեւտը նաեւ նշում է, որ «Հոգեսոցիալական Կենտրոն»-ը դեռեւս մեծ հաջողություն չի ունեցել իր նախկին հիվանդներին աշխատանքի տեղավորելու հարցում:

Նա ասում է, որ գործատուին հստակ երաշխիքներ են անհրաժեշտ, որ ապագա աշխատակիցը խնդիրներ չի ստեղծի եւ անհարկի պատճառներով չի բացակայի աշխատավայրից:

«Սա պարզապես աբսուրդ է: Ինչպե՞ս կարող եմ երաշխավորել, թե որեւէ մեկը հարբուխով չի հիվանդանա կամ ոտքը չի կոտրի», – տարակուսում է Լոսիբիձեն:

Մանանա Շարաշիձեն ասում է, որ «Հոգեսոցիալական կենտրոն»-ում նաեւ մշակել են գործատուների պահանջները բավարարելու օրիգինալ տարբերակներ:

«Մենք առաջարկել ենք խոշոր ընկերություններին մի ծրագիր, որի համաձայն`եթե մեր կենտրոնում բուժում ստացած նախկին հիվանդները բացակայեն աշխատանքից իրենց հոգեկան խնդիրների պատճառով… ապա նրանց կփոխարինեն այլ նախկին հիվանդները կամ նրանց հետ աշխատող սոցիալական աշխատողները», – ասում է Շարաշիձեն`հավելելով, որ ոչ մի ընկերություն այս առաջարկը չի ընդունել:

«Աշխատանքը շատ կարեւոր է այս մարդկանց համար: Նրանք ուզում են սեփական ուժերով փող վաստակել, ոչ թե ապրել պետական նպաստների հաշվին», – ասում է Շարաշիձեն:

Նախկինում հոգեկան խանգարում ունեցած 1 500 հիվանդներից, որոնք վերջին 5 տարիների ընթացքում հաճախել են աշխատավայր վերադառնալուն պատրաստող դասընթացներին, ընդամենը ինն են պաշտոնապես աշխատանքի ընդունվել: Եվ բոլոր այս նախկին հիվանդներին էլ բաժին են ընկել «Caritas» բարեգործական ընկերության տրամադրած աշխատատեղերը. նրանց մի մասը, օրինակ, «Panetteria» պիցցերիայում են աշխատում, որին աջակցում է բարեգործական ընկերությունը աշխատատեղերի ստեղծման ծրագրի շրջանակներում:

«Սա շատ հստակ վիճակագրություն է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի դժվարությունների են բախվում նախկին հիվանդները աշխատանք որոնելիս: Ակնհայտ է, որ մի երկրում, որտեղ գործազրկության մակարդակը շատ բարձր է, պետք չէ հուսալ, որ այս մարդիկ կարող են պահանջարկ վայելել աշխատաշուկայում, սակայն ներկայում սոցիալական ծրագրեր չկան, որոնց շրջանակներում նրանք կարող են աշխատել», – ասում է Շարաշիձեն:

Չնայած հանդիպած դիմադրությանը`«Հոգեսոցիալական կենտրոն»-ը չի դադարեցնում ձեռնարկատիրական սեկտորի եւ իշխանությունների հետ կապեր ստեղծելու փորձերը:

«Մենք հանդիպում ենք ընկերությունների ղեկավարների եւ մարդկային ռեսուրսների բաժնի պատասխանատուների հետ`փորձելով նրանց բացատրել, որ այս մարդիկ վտանգավոր չեն եւ լավ աշխատակիցներ կարող են լինել», – ասում է կենտրոնի տնօրեն Արչիլ Բեգիաշվիլին:

Թբիլիսիի քաղաքապետարանում եւս հետաքրքրվում են այս խնդրով`ցանկանալով հնարավորինս օգնել բարելավել իրադրությունը:

Մայրաքաղաքի սոցիալական աջակցության ծառայության աշխատակից Քեթի Կաջրիշվիլին ասում է, որ գործազուրկների ցուցակներում մարդկանց անունները կընդգրկվեն առանց նրանց կարգավիճակի մասին տվյալների:

«Եթե [«Հոգեսոցիալական կենտրոնը»] տրամադրի իրենց մոտ բուժում ստացած նախկին հիվանդների ցուցակները, մենք նրանց տվյալների բազայում կընդգրկենք», – ասում է Կաջրիշվիլին`հավելելով, որ [նախկին հիվանդներից յուրաքանչյուրը] ինքն է որոշելու`բացահայտել իր ունեցած առողջական խնդիրները ապագա գործատուներին, թե`ոչ:

«Հոգեսոցիալական կենտրոն»-ը ներկայում գործում է արտաքին դոնորների աջակցությամբ, սակայն Կաջրիշվիլին նշում է, որ մայրաքաղաքի իշխանությունները քննարկում են այն ֆինանսավորելու հարցը, որպեսզի ստեղծեն մի կազմակերպություն, որտեղ մարդիկ կարող են աշխատել:

 

Ֆաթի Մամիաշվիլի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանմանինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)