«Զգուշացե՛ք, ձեզ նկարում են»․ այսօրվանից գործում է բջջայինով վարորդի խախտումը նկարելու և տուգանելու կարգը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում օրենսդրական այն կարգավորումը, որի համաձայն՝ քաղաքացիները կարող են վարորդի կատարած խախտումը տեսալուսանկարահանել բջջային հավելվածի միջոցով և ուղարկել Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։

Ծրագիրը բջջային հավելված ունի և Andrioid, և IOS համակարգերում։ Քաղաքացին մեկ անգամ մուտք է գործում activesociety.am կայք, անցնում նույնականացման փուլերով, որից հետո նրան հնարավորություն է տրվում բեռնել ծրագիրը սեփական հեռախոսի մեջ։

Վարչական իրավախախտումը ֆիքսելու համար սակայն կան որոշ վերապահումներ՝

եթե մեկ ամսվա ընթացքում նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ներկայացված տվյալներով երկու անգամ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը մերժվի, այսինքն՝ խախտումը չհիմնավորվի, հավելվածից օգտվելու օգտատիրոջ հնարավորությունը երկու ամսով կսահմանափակվի.

եթե մեկ ամսվա ընթացքում հինգ և ավելի անգամ ներկայացված տվյալների արդյունքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվի, կամ խախտումը չհիմնավորվի, կամ հնարավոր չլինի նույնականացնել խախտումը կատարած անձի հաշվառման համարանիշները, ապա այս դեպքում նույնպես հավելվածից օգտվելու օգտատիրոջ իրավունքը երկու ամսով կսահմանափակվի։

«Սա, ըստ էության, նոր կարգ չէ։ Միշտ է եղել, պարզապես այս գործիքը հնարավորություն է տալիս ավտոմատացնել, ու խախտման փաստը դառնում է վստահելի, այսինքն՝ խախտումը ֆիքսելու ժամանակը հնարավոր չէ փոխել, բջջային հավելվածով նկարածի տեղը հնարավոր չէ փոխել, GPS համակարգով ավտոմատ տեղորոշում է, միջամտության հնարավորություն չի տալիս՝ ֆոտոշոփ կամ մոնտաժ չի կարող լինել։

Ամեն ինչ արվում է, որ սխալանքները դուրս գան, և ավելի շատ ապացույցներ վարչարարության համար հիմք հանդիսանան»,- «Մեդիալաբին» ասում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ վարչական իրավախախտման մասին տեսանյութեր են հրապարակվել համացանցում, որոնց սկզբնաղբյուրները վստահելի չեն եղել, ինչն էլ վարչարարություն իրականացնելու համար հիմք չի հանդիսացել։ Այս դեպքում, երբ կգործի բջջային հավելվածը, նկարահանումը, նրա խոսքով, բջջայինում չի պահպանվում, միանգամից ուղարկվում է ՃՈ խախտումների արձանագրման կենտրոն։

Այսինքն՝ ըստ ՀԿ ներկայացուցչի, ամեն ինչ արվել է, որպեսզի իրավախախտում կատարած վարորդի անձը և նրա խախտումը չհանրայնացվեն, և խախտման մասին երրորդ անձինք չկարողանան տեղյակ լինել։

«Այս մեխանիզմը նաև հնարավորություն կտա, որ Ճանապարհային ոստիկանության և պետական ռեուրսների արդյունավետ կիրառում իրականացվի․ օրինակ՝ եթե նախկինում մեկ իրավախախտման համար զգալի ռեսուրս էր ծախսվում, ապա այս թվայնացված համակարգը հնարավորություն է տալիս զգալի միջոցներ խնայել»,- ասում է Ղահրամանյանը։

Փորձագետը հույս ունի, որ վարորդի իրավախախտումը գրանցելու հավելվածը կօգտագործվի ի շահ հանրային համակեցության պահպանման։ Նրա խոսքով՝ Երևանում, մասնավորապես, Կենտրոնում, շատ են դեպքերը, երբ վարորդները, օրինակ՝ կանգնում են հետիոտնի համար նախատեսված վայրերում, կայանում են թեքահարթակների վրա, մայթերին։

«Նման իրավախախտումների մասին բջջային հավելվածով ահազանգելու դեպքում հնարավոր կլինի գոնե նվազագույնի հասցնել այդտեսակ խախտումները, ու տեղաշարժման սահմանափակ կարողություն ունեցող մարդիկ կկարողանան անխոչընդոտ առաջ շարժվել իրենց համար նախատեսված մայթերով, անցումներով, թեքահարթակներով։ Միգուցե այս ծրագիրը զանգվածային չլինի, բայց ես ճանաչում եմ մարդկանց, որոնց համար այս գործիքը ինքնապաշտպանական մեխանիզմ կարող է լինել և ոչ թե ինչ-որ մարդու տուգանելու ձգտում»,- ընդգծում է փորձագետը։

Մինչ այս մեխանիզմի ներդրումը տարբեր քննարկումներում այն գնահատվում էր այսպես կոչված «գործ տալու» ինստիտուտի մաս։ Սակայն Սերգեյ Ղահրամանյանը կտրականապես դեմ է նման գնահատականներին և ընդգծում է, որ Խորհրդային Միության ժամանակներից եկած այդ հասկացությունը որևէ աղերս չունի ներդրված մեխանիզմի հետ։

«Նախկինում «գործ տալ» արտահայտությունը վերաբերել է չկատարած արարքի համար մարդու դեմ հաղորդում տալուն, ինչի հիման վրա մարդուն պատժում էին։ Բայց այս ծրագիրը ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Եթե մարդն իսկապես արել է խախտում, ապա այդ մասին վարչական մարմնին տեղյակ պահելը գործ տալ չէ», – նշում է նա։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահը հորդորում է վարորդներին երթևեկության մեջ ուշադիր լինել, չխախտել համակեցության կանոնները, և այդ դեպքում միայն չեն հայտնվի հանրության օբյեկտիվում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am