Կյանք` հարատև վախի զգացումով. Հայ միգրանտը Բելգիայում կացության իրավունք ստանալու մեկ տոկոս շանս ունի

Կյանք` հարատև վախի զգացումով. Հայ միգրանտը Բելգիայում կացության իրավունք ստանալու մեկ տոկոս շանս ունի
Կյանք` հարատև վախի զգացումով. Հայ միգրանտը Բելգիայում կացության իրավունք ստանալու մեկ տոկոս շանս ունի

Իրենց կյանքի տեսլականը դասավորելու ցանկությամբ Հայաստանից մեկնող միգրանտների հայցերը Բելգիայում 99 տոկոսով մերժվում է: Բելգիայի Ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ Քեթի Վերսելենն ասում է, որ մարդիկ սխալ ակնկալիքներով են գալիս Բելգիա:

«Երբ նրանք հայց են ներկայացնում՝ ակնկալում են երկարաժամկետ կացության իրավունք, ապաստարան և նպաստ, սակայն դրանք չկան,- մանրամասնում է նա,- Բելգիայում տալիս են միայն նյութական օժանդակություն, գուցե եվրոպական որոշ երկրներում դրամական նպաստ կա, բայց հիմա ԵՄ-ն ձգտում է գալ մեկ միասնական ապաստարանների համակարգերի, որտեղ բոլոր մոտեցումները նույնական կլինեն»:

Վերջնակետ ԵՄ երկրներում միգրանտների կողմից ներկայացված հայցադիմումների դիտարկումներն իրականացվում են տարբեր ընթացակարգերով, սակայն որոշ երկրներում  փոքրացվել է ֆինանսական աջակցման չափն ու խստացվել է կարգը. միգրանտներից մատնահետքեր են վերցնում, ինչպես նաև լուսանկարում են:

Ըստ Վերսելենի՝ որոշ եվրոպական երկրներ հնարավորինս կրճատել են դիմումների քննարկման ժամկետները՝ սահմանելով երկու տիպի՝ «short» եւ «accelaarated» ընթացակարգեր:

Կարճ ընթացակարգը ենթադրում է 8 աշխատանքային օրվա ընթացքում գործի քննում և պատասխանում, իսկ աքսելերացվածը վերաբերվում է առաջնահերթ դիմումներին:

Վերսելենն ասում է, որ Հայաստանից Բելգիա մեկնող միգրանտների հայցադիմումների գերակշռող մեծամասնության հիմքում տնտեսական շարժառիթն է:

«Բոլորն են ուզում լավ ապրել, և դա էր հիշատակվում բոլորի կողմից, ու դա վատ չէ. մարդիկ գաղթել են միշտ և բոլոր ժամանակներում,- ասում է նա,- սակայն այդ գործընթացը պետք է լինի կարգավորված ու լավ կառավարվող, երբ չկա լավ հիմնավորում՝ մենք մերժում ենք»:

2009-2013թթ. ընթացքում Հայաստանից ստացվող դիմումների քանակը 1500-ից իջել է մինչև 500:

Բելգիա դիմողների ցանկում առաջին երկիրը Սիրիան է, ապա Ռուսաստանը, Աֆղանստանն ու Պակիստանը, որին հաջորդում է Հայաստանը: Որպես տրանզիտ երկիր Թուրքիան զբաղեցնում է ամենամեծ տեղը: Վերջնակետ հանդիսացող երկրներից հիմնականը Գերմանիան է, Ֆրանսիան ու  Շվեդիան: Սակայն բնակչության թվով 500 հազար փախստականին բաժին ընկնող թվով Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը:

«Երբ 2009թ. մենք Հայաստանից ունեինք 1500 դիմում՝ Հայաստանն ընդգրկվում էր առաջին հնգյակում, որը նշանակում է, որ այն դառնում է Պակիստանի ու Սիրիայի նման երկիր, որտեղ ամեն օր մարդիկ էին մեռնում ու վատ իրավիճակ էր,- ասում է Վերսելենը,- այժմ Սիրիայից ստացվող դիմումատուների 95 տոկոսը կարգավիճակ է ստանում, մինչդեռ  Հայաստանի կամ Բալկանյան երկրների համար դա 1 տոկոս է: Թեպետ դիմում առ դիմում անհատապես քննվում են»:

Փորձագետն ասում է, որ Հայաստանի դեպքում, փաստացի, չարաշահումները շատ են, ու դա գցում է վստահությունը դիմումատուների նկատմամբ, մինչդեռ մարդիկ կան, որոնք իսկապես կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն ունեն :

Եվրոպայի ԵՄ երկրներում գրանցվել է դիմումների աճ. 2011թ.- 303 000, 2012թ. – 335000 և 2013թ՝ 435000 դիմում: Այս դիմումների 70 տոկոսը մերժվում է, 15 տոկոսը ստանում է փախստականի կարգավիճակ, իսկ 40 տոկոսը՝ սուբիսդավորված եղանակով կարգավիճակ:

ԵՄ երկրների համար կիրառվող դիրեկտիվի համաձայն՝ փախստականը և սուբսիդավորված եղանակով կարգավիճակ ստացողները սահմանվում են տարբեր կերպ:

Փախստականը, ով դիմում է կարգավիճակ և ապաստարան ստանալու համար, ունի հիմնավորված վախ հետևյալ հինգ պատճառներով. ռասսայական, կրոնական, ազգային, քաղաքական ու սոցիալական գործոններով: Իսկ սուբսիդավորված կարգավիճակը վերաբերվում է այն դեպքերին, երբ մարդու կյանքին ռեալ վտանգ  է սպառնում:

Վերսելենի խոսքով՝ անկանոն միգրանտները վերջնակետ երկրում հանդիպում են մի շարք խնդիրների, որից մեկը աշխատանք չունենալն է:

Անկանոն միգրանտը նա է, ով չի համապատասխանում տվյալ երկրում ապրելու կացության պահանջներին, երկիրը չի լքել աշխատանքի պայմանագրի ավարտից հետո, կամ ունեցել է ժամանակավոր կացության պայմանագիր, որը հետո չի նորացվել, գնացել է որպես տուրիստ և չի վերադարձել և այլն:

«Մենք գիտենք, որ նրանք աշխատում են սև շուկայում և  ապրում են հարատև վախի պայմաններում, քանի որ մշտապես ստուգվելու ու հայտնաբերվելու վախ կա»,- ասում է նա:

Անկանոն միգրանտներին հայտնաբերելու և ծագման երկիր վերադարձնելու համար յուրաքանչյուր տարի ԵՄ-ում մոտ 500 հազար մարդ ստուգվում է՝ տրանսպորտում, ռեստորաններում, հյուրանոցներում և այլն, և նրանից 40 տոկոսը հարկադրաբար հետ է ուղարկվում ծագման ներկիր:

«Մենք հույս ունենք, որ մարդիկ կամավոր կհեռանան երկրից, այդ պատճառով բոլորին չէ, որ հարկադրաբար ենք հետ ուղարկում,- ասում է Վերսելենը,- իսկ 2008թ. ԵՄ-ն ընդունել է հետադարձ դիրեկտիվա ունի, որը 5 տարով մուտքի արգելանք է սահմանում և այն շատ խիստ է»:

2013թ. Հայաստանի ու ԵՄ միջև ստորագրվել է  վիզաների դյուրացման և ռեադմիսիայի պայմանագիրը, որի շրջանակներում սահմանվել են երկկողմանի պարտավորություններ՝ անկանոն միգրանտներին հետ ընդունելու մասին:

Բելգիայի կառավարության ներկայացուցիչը նշում է, որ անկանոն միգրանտը կարող է նաև դառնալ «գիշատիչ տանտերերի» զոհը, քանի որ նրան կարող են շատ թանկ գնով բնակարան հատկացնել, որն, իրականում, շատ էժան է:

«Կարևոր է, որ մարդը գնալուց առաջ տեղեկացված լինի այս ամենի մասին լավագույնս,- ասում է Վենսելենը,- սակայն անկանոն միգրանտները՝ չունենալով կացության իրավունք, կազմակերպում են իրենց կյանքը այլ երկրում, խաղալիքներ են գնում իրենց երեխաների համար և այլն, և տպավորություն է  ստեղծվում, որ ապրում են կանոնավոր կյանքով, սակայն, իրականում, նրանք ապրում են հարատև վախի զգացումով, որ մի օր կհայտնաբերվեն»:

2012թ. դեկտեմբերին ԵՄ ֆինանսավորմամբ սկսել է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի» համար  3 մլն. եվրո ընդհանուր բյուջեով ծրագիր, որի նպատակն է դյուրացնել օրինական միգրացիայի հնարավորությունները, ինչպես նաև հզորացնել հայաստանյան իրավապահ մարմինների և քաղհասարակության կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ապահովել հայրենիք վերադարձողների վերաինտեգրումը:

Այս ծրագրի կոմպոնենտներից մեկն էլ 2014թ. հունվարին Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի մեկնարկն է, որը հետվերադարձողներին մատուցում է վերաինտեգրմանն ուղղված ծառայություններ: Երեք ամիսների կտրվածքով կենտրոնին դիմել է 50 քաղաքացի:

Աննա Մուրադյան

© Medialab.am