Փաշինյանը ցույց տվեց, որ պատրաստ է ընդունելու Ֆրանսիայի աջակցությունը, քանի որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հրաժարվեցին պաշտպանել մեզ. Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

– Պարո՛ն Գրիգորյան, ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա և Բելգիա, մասնավորապես, Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի ֆոնին:

– Սա շատ կարևոր այց է, և շատ ճիշտ է, որ այդ այցը հիմա է կատարվում: Միգուցե այդ այցն իր ազդեցությունը կունենա նաև ընտրական գործընթացի վրա, բայց հիմա գլխավորը դա չէ:

Գլխավորն այն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պաշտոնապես հրաժարվեցին պաշտպանել մեզ, սա պետք է ֆիքսենք: Հայաստանը բավական երկար սպասեց, բայց իրենք ինչ-որ տարան, բերեցին ու վերջում հրաժարվեցին մեզ աջակցել: Փոխանակ մեզ աջակցեն բառի բուն իմաստով, մեր անվտանգությունն ուժեղացնեն, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ ռազմական դիրքերի ուժեղացում լինի, իրենք ինչ-որ դելիմիտացիա, դեմարկացիա էին առաջարկում:

Հայաստանն այս դեպքում իրավունք ունի գնալ և ուրիշ տեղերում իր անվտանգությունն ապահովելու համար քայլեր անել: Ես պատահական չեմ համարում, որ հենց Փարիզ ու Բրյուսել է գնում: Քանի որ բոլորը գիտեն Ֆրանսիայի դիրքորոշումը և պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո, և ԵՄ-ի, և Եվրախորհրդարանի, և Եվրախորհրդի դիրքորոշումը:

– Հնարավո՞ր է, որ այս այցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հետ կապ ունենա՝ հաշվի առնելով, որ Մակրոնն ինքն էր ասում, որ կաջակցի այդ հարցում:

– Ես կասկած չունեմ, որ կյանքը կստիպի մեզ դիմել ՄԱԿ-ին և ստանալ Անվտանգության խորհրդի որոշումները: Քանի որ այս քայլը լուրջ քայլ է, սա նույնիսկ կստիպի Ռուսաստանին ճնշել Ադրբեջանին, որ նա դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից: Բայց եթե դա չկատարվի, պարզ է, որ Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: 

– Մակրոնն իր այսօրվա ելույթում նորից կոչ արեց ադրբեջանական զորքերին հետ քաշվել, նորից հասցեական հայտարարություններ հնչեցրեց: Իրավիճակի վրա սա կարո՞ղ է ազդեցություն ունենալ:

– Այո՛, կունենա ազդեցություն, քանի որ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում իր աջակցության համար, միշտ Մակրոնի առաջարկներին ընդհանուր պատասխաններ էր տալիս, հիմա իր այցելությամբ Փաշինյանը ցույց տվեց, որ պատրաստ է ընդունելու Ֆրանսիայի աջակցությունը:

Սա ակնհայտ է: Ուրեմն այս հանդիպմանը, իմ կարծիքով, կքննարկվեն նաև հարցեր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսի աշխատել:

Կքննարկվի, որ եթե իրավիճակը բարդանա, Ֆրանսիան ինչպես է մեզ աջակցելու, բառի բուն իմաստով ռազմական աջակցություն տրամադրի, և եթե այսպես շարունակվի, Ֆրանսիան օգնի մեզ դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ես կասկած չունեմ, որ այս բոլոր հարցերը հիմա քննարկվում են: Այդ առումով այս այցը չափազանց կարևոր է: Մեր ժողովուրդը հին ժողովուրդ է, լավ ժողովուրդ և չպետք է կործանվի միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ինչ-որ խաղեր է տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: 

– Բայց նույն Փաշինյանն օրերս վերահաստատեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը: 

– Դե հիմա պարզ է, թե ինչի համար դա ասաց: Ասաց, որպեսզի Ռուսաստանը մեզ աջակցի: Ասաց, սպասեց, սպասեց, տեսավ՝ արձագանք չկա, ստիպված գնաց Փարիզ: Կյանքը ստիպում է: Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները պատահական չէին, նա իրոք սպասելիքներ ուներ Ռուսաստանից:

Ես չգիտեմ՝ ինչո՛ւ այդպիսի սպասելիքներ ուներ, ինչո՛ւ ավելի շուտ չֆայմեց, որ Ռուսաստանը չի աջակցելու: Բայց պարզ է, որ նա մեսիջներն ուղարկում էր, որ Ռուսաստանը գոնե օգնի, Ադրբեջանը ՀՀ տարածքից գոնե զորքերը դուրս բերի: Ու չստանալով պատասխան՝ ստիպված էր գնալ Փարիզ ու Բրյուսել:

– Ընտրություններից առաջ այս այցի ֆոնին եվրոպացի գործընկերների մոտ Հայաստանի իշխանություններին աջակցելու պատրաստակամությունն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: 

– Միանշանակ տեսնում եմ. նրանք պատրաստ են դիվանագիտական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին: Սա մեծ գաղտնիք չէ, եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, Բրյուսելը, ԵՄ-ն, Գերմանիան, չէին թաքցնում, որ պատրաստ են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնելու:

Եվրոպան պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պրոցեսում դեր ունենալու. և Ֆրանսիան առանձին, և այլ երկրներ, և Եվրամիությունը: Երկրորդ՝ մարդու իրավունքների ոլորտում, գերիների ազատ արձակման ոլորտում, մեր տարածքային ամբողջականության հարցերում Եվրոպան միանշանակ մեզ հետ է՝ ի դեմս ԵՄ-ի, Եվրախորհրդարանի, Եվրախորհրդի, ԵԽԽՎ-ի: Ուրեմն բոլոր համատեքստերում իրենք պատրաստ են: Էլ չեմ ասում, որ ԵՄ-ն պատրաստ է ծրագրեր իրականացնելու Հայաստան-ԵՄ հայտնի ծրագրի շրջանակներում: 

– Այսօրվա Մակրոնի հայտարարությունները ի՞նչ հետևանք կարող են ունենալ Ադրբեջանի վրա:

– Շատ բան այստեղ կախված է Ռուսաստանից: Պարզ է, որ եթե Ռուսաստանը կողքից ասի՝ մի՛ վախեցիր, ես թիկունքիդ կանգնած եմ, ազդեցությունը քիչ կլինի: Եթե Ռուսաստանը Ադրբեջանի կողքին չկանգնի, պարզ է, որ Ադրբեջանն ուզած-չուզած պետք է փափկացնի իր դիրքորոշումը, զորքերը դուրս բերի մեր տարածքից, գերիներին վերադարձնի: Ի դեպ, ասեմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը հրաժարվեց շարունակել աշխատել այդ տնտեսական եռակողմ՝ հաղորդակցությունների հետ կապված աշխատանքային խմբում:

Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ այդ աշխատանքը դադարեցված է: Պետք չի առանձին նայել վարչապետի այցը Փարիզ և այդ աշխատանքների դադարեցումը, դրանք միանշանակ փոխկապակցված են: Հայաստանը տեսավ, որ անիմաստ է շարունակել աշխատանքները:

Ի՞նչ կոմունիկացիաների մասին է խոսքը, եթե իրենք լկտիանում են, սպանում են մեր զինվորներին, նոր գերիներ են վերցնում: Ամեն ինչին չափ ու սահման կա: Հայաստանը, փաստորեն, սկսեց դուրս գալ այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Եթե Ռուսաստանն այսօր ճիշտ եզրակացություններ չանի, ես կարծում եմ, որ դա զարգացում կստանա, և մենք փոքր-ինչ ուշ կսկսենք աշխատել նաև Միացյալ Նահանգների հետ: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Սյունիքի դեպքերից հետո Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում հստակություն կա:

– Միանշանակ, եթե դուք նայում եք Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի հայտարարությունները, եզրակացությունը միանշանակ է: Ցանկացած հայտարարություն, որ արվում է մեր տարածաշրջանի առնչությամբ, միանշանակ շատ կոշտ ու հստակ նշվում է, որ հարգվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ մի ոտնձգություն իրենք չեն հանդուրժի:

Այս իրավիճակում քայլը մերն էր. մենք կգնա՞նք, կասե՞նք, որ ուզում ենք ձեր աջակցությունն ստանալ: Նիկոլ Փաշինյանի այս այցը դրա մասին է խոսում, որ Հայաստանը սպասեց-սպասեց ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, հոգնեց սպասելուց և գնաց Եվրոպայից աջակցություն ստանալու:

Մանե Հարությունյան

MediaLab.am