Factor.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, կայացավ պետական դավաճանության գործով դատական նիստը: Նշենք, որ մինչ այս դատական նիստը հայտնի չէր, թե ով է մեղադրյալը և ամենատարբեր անուններ էին շրջանառվում, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների:
Դատարանում, սակայն, ամբաստանյալի աթոռին մի երիտասարդ էր՝ Մայիս Սահակյանը: Դատարան չէր եկել նրա կինը, որը չնայած լրտեսության համար է մեղադրվում, բայց ազատության մեջ է: Ամբաստանյալ Ստելլա Սարգսյանը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել:
Դատարանի հարցին, թե ինչո՞ւ, կալանքի տակ գտնվող նրա ամուսինն արձագանքեց․ «Երևի երեխայի»: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց այսօրվա դատական նիստը հետաձգել, քանի որ և՛ ամբաստանյալը, և՛ պաշտպանը ներկա չէին, միևնույն ժամանակ, միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալ Ստելլա Սարգսյանին և դատարան չներկայացած վկաներին:
Ամբաստանյալ Մայիս Սահակյանը դատարանում ասաց, որ ինքը կարող է իր իրավունքները պաշտպանել, և որ ցանկանում է միջնորդել, որպեսզի վերացնեն իր տեսակցությունների և զանգերի վրա դրված կալանքը: Դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև հունիսի 6-ը: