«Հայաստանի վրա ռուսական կողմի գործադրած ճնշումները ունեն պատճառներ». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, գործադիրի հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, ասաց, որ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է խոչընդոտել կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Կարծում եք սահմանային էսկալացիա հրահրելով՝ Ադրբեջանը միայն ա՞յդ նպատակն է հետապնդում, թե՞ այլ պատճառ էլ կա։

– Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ուզում միայն կոմունիկացիաների ապաշրջափակում, ավելին է ուզում ստանալ, որն իր մեջ ներառում է և Զանգեզուրի միջանցքը, որը իրավական կարգավիճակ կունենա, ու չի հսկի Հայաստանը: Բացի դրանից՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, ինչը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում ու սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա։ 

Դրանով է պայմանավորված վերջին օրերի սահմանային լարվածությունը, և այդ մասին մի քանի օր առաջ գրեթե բացահայտ Ադրբեջանի նախագահն ասաց, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն Հայաստանը միջնորդավորված տեղեկացրել է, որ պատրաստ չէ դրան, ու բաց տեքստով սպառնաց, որ Հայաստանը շատ կզղջա դրա համար։ 

Այսինքն՝ Ադրբեջանի ցանկությունը միայն կոմունիկացիաների ապաշրջափակումը չէ, նա ավելին է ուզում կորզել Հայաստանից։

– Դուք նշեցիք Զանգեզուրի միջանցքի մասին, բայց վարչապետի պաշտոնակատարը բազմիցս է ասել, որ նման հարց չի քննարկվում։ Այսօր էլ կրկնեց՝ պնդելով. «Հայաստանը չի՛ քննարկել, չի՛ քննարկում և չի՛ քննարկելու միջանցքային տրամաբանության ոչ մի թեմա»։

– Դա Ադրբեջանի ցանկությունն է, ես չեմ ասում, թե հայկական կողմը տալու է այդպիսի միջանցք։ Հայկական կողմը միշտ հայտարարել է, որ պատրաստ է միայն ապաշրջափակման, բայց միջանցքի հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու, և հայկական կողմի համար դա անընդունելի է։ 

Իսկ սա միանշանակ ճիշտ որոշում է, որևէ միջանցք չպետք է տրամադրվի Ադրբեջանին։ 

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ ռուսական կողմի հետ կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը, որպեսզի սահմանների ճշգրտումը հնարավորինս առանց միջադեպերի անցնի։ Այս մասով ձեր մեկնաբանությունը կխնդրեմ, եթե սահմանին տեղակայվեն ռուս սահմանապահները՝ ի՞նչ է ստացվում, որ Հայաստանը դառնում է ինչպիսի՞ պետություն։

– Դրանով Հայաստանի կարգավիճակի փոփոխություն չի լինի։ Ակնհայտ է, որ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ավելի է խորացրել իր կախվածությունը Ռուսաստանից։ 

Հայկական կողմը ցանկանում է սահմանային միջադեպերի մեջ ներգրավել ՀԱՊԿ-ին, որպեսզի վերջինս կատարի իր պարտականությունները, բայց ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում Ադրբեջանի հետ պատերազմել, և Հայաստանի այս ջանքերը որևէ արդյունք չեն տալու: 

Հայաստանի համար ՀԱՊԿ-ը երբեք չի պատերազմի Ադրբեջանի հետ, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասն ավելի լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի, քան Հայաստանի հետ։

– Մինչ տարբեր շրջանակներ կոչ են անում իշխանությանն անհապաղ դիմել ՄԱԿ-ին, ինչպես նշեցիք, իշխանությունն էլ դարձյալ փորձում է ՀԱՊԿ-ին ներգրավել գործընթացներում։ Ինչո՞ւ իշխանությունը չի դիմում ՄԱԿ-ին։

– Իշխանությունը, ամենայն հավանականությամբ, մտածում է, որ ՄԱԿ-ին դիմելը օգուտ չի տա, որովհետև դրանք սահմանային միջադեպեր են, բայց այստեղ առկա է մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածքի ներխուժման փաստ, և այս փուլում ՄԱԿ-ին դիմելն ավելի քան ճիշտ է։ 

Բայց չեմ կարող ասել, թե ինչ հաշվարկներ ունի իշխանությունը, որ չի դիմում, գուցե փորձում են ՀԱՊԿ-ին, այսպես ասած, ամեն գնով գործի դնել։ 

– Հայ-ադրբեջանական սահմանին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդությամբ, ինչը, իհարկե, Ադրբեջանն այսօր առավոտյան խախտել է, և տեսակետներ հնչեցին, թե ինչ-որ բանի դիմաց է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս գաղտնի քաղաքականությունը, որ հանրությունը ոչնչից, ըստ էության, տեղյակ չէ, և կարծում եք՝ ինչ-որ պայմանավորվածություն, այնուամենայնիվ, եղե՞լ է։

– Իհարկե լավ չէ, որ իշխանությունն ավելի թափանցիկ չէ ժողովրդի հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանի վրա կա ճնշում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի կողմից։ 

Եթե հիշում եք Պուտին-Փաշինյան հանդիպումը՝ Պուտինը Փաշինյանին ասաց, որ ընտրությունների արդյունքում ստացած լեգիտիմությունը թույլ կտա, որ վերջինս պատրաստ լինի ցավոտ լուծումների։ Վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես ճնշում է Հայաստանին, որ վերջինս Ադրբեջանի հետ գնա սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի: Բացի այդ, օրերս Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հայտարարեց, որ իրենք պատրաստ են օգնելու կողմերին, փաստաթղթեր ու քարտեզներ տրամադրել, որպեսզի սահմանների ճշգրտման գործընթացն իրականանա։

Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շահագրգռված, որ Հայաստանը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի։ Իմ խորին համոզմամբ՝ այստեղ կա Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ներգրավելու հարցը, Ալիևը նմանատիպ խոստում է տվել Պուտինին, ինչով էլ պայմանավորված էր պատերազմում Ռուսաստանի չեզոքությունը։ 

Այժմ, երբ այդ ծրագրի առաջին փուլն իրագործվել է, Ադրբեջանը լրացուցիչ պայման է դրել Ռուսաստանի առաջ, որ ինքը պատրաստ է մտնելու այդ կառույցի մեջ և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, փոխարենը Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անցկացնի սահմանների ճշգրտում։ 

Սրանով եմ բացատրում ռուսական կողմի գործադրած ճնշումները Հայաստանի վրա, որպեսզի վերջինս շուտափույթ ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am