ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2026 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները:Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը: Դրանք կիրականացվեն հետևյալ չորս անվանակարգերում.
• «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել Հայաստանում իրականացվող ժամանակակից արվեստի ստեղծագործական նախաձեռնությունների իրականացմանը, նպաստել արվեստի մատչելիությանը տարբեր սոցիալական խմբերի համար՝ խթանելով ժամանակակից արվեստի տարածումը և հանրահռչակումը: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ն։
• «Կինոարվեստի նախագծեր» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է խթանել կինոարվեստի ոլորտի միջոցառումների իրականացումը, աջակցել Հայաստանում իրականացվող միջազգային կինոփառատոնների կայուն գործունեությանը, նպաստել միջազգային համագործակցության և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնմանը, ակտիվացնել մասնագիտական հանրույթի ներգրավվածությունը, աջակցել Հայաստանում և արտերկրում հայկական կինոարվեստի հանրահռչակմանը, նպաստել մշտական հանդիսատեսի (լսարանի) ձևավորմանը և ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների առաջխաղացմանը։ Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 11:00-ն։
• «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի նպատակներն են մշակութային կյանքի ապակենտրոնացումը, մարզային մշակութային գործունեության խթանումը և կարողությունների զարգացումը, համայնքային մշակույթի և ժամանցի կազմակերպումը, միջհամայնքային և միջմարզային համագործակցության ամրապնդումը, մշակութային ծառայությունների որակի բարձրացումը: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 15:00-ն։
• «Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր» Անվանակարգում իրականացվող դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է աջակցել մանկապատանեկան սերնդի ստեղծագործական և գեղագիտական դաստիարակությանը՝ զարգացնելով կրթամշակութային միջավայրը և ապահովելով գեղարվեստական կրթության հասանելիությունն ու որակը: Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025թ. սեպտեմբերի 26-ը՝ ժամը 13:00-ը: Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am էլեկտրոնային համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:



















